Ավստրիացի մոլագար Յոզեֆ Ֆրիցերի դուստրը, որին հայրը 24 տարի պահում էր նկուղում՝ սեքս-ստրկուհու կարգավիճակով, դադարեցրել է հոգեբուժական կուրսը: 43-ամյա Էլիզաբեթ Ֆրիցերը սկսել է իրեն ավելի լավ զգալ, որովհետեւ սիրահարվել է իրեն հսկող թիկնապահին՝ Թոմասին: Վերջինս Էլիզաբեթից 14 տարի երիտասարդ է եւ նշանակված էր կնոջ եւ մոլագարից ծնված վեց երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Ֆրիցերի զոհերն ազատագրվել են անցած տարվա ապրիլին: Էլիզաբեթը 18 տարեկանից գտնվել է անազատության մեջ եւ այդ ընթացքում հայրը նրան բռնաբարել է 3000 անգամ: Բժիշկները կնոջ մոտ ախտորոշել են հետտրավմատիկ սթրես, նրա մոտ հալյուցինացիաներն էին եւ հիշողության կորուստներ, գիշերները տանջում էին մղձավանջները: Մասնագետները կարծում ՝էին, որ Ֆրիցերի զոհերը բժշկական օգնության կարիք կունենան ողջ կյանքի ընթացքում, սակայն այժմ Էլիզաբեթը կարողացել է հրաժարվել հոգեբույժների ծառայություններից՝ Թոմասի շնորհիվ, որն այժմ ապրում է նրանց նույն տանը: Էլիզաբեթը աստիճանաբար սովորում է նորմալ կյանքին՝ վարորդական դասեր է վերցնում, օգնում է երեխաներին դաս պատրաստել, հարաբերություններ է հաստատում հարեւանների հետ: Հայտնի է, որ Էլիզաբեթը հրաժարվել է փոխել ազգանունը, քանի որ դա, իր կարծիքով, չէր օգնի խուսափել հասարակական ուշադրությունից, նա նաեւ հրաժարվել է լքել Ավստրիան: