Գենդերային հավասարությունը չի հասել ասպիրանտական համակարգին
«Մեր ֆակուլտետում չորս տեղի համար չորս հոգի է դիմել: Ճիշտ է, եւս երկու հոգի դիմել էին, բայց մեկը նախորդ տարվա շրջանավարտ էր, եւ տեսավ, որ ինքն ավելի թույլ է, քան այս տարվա իր մրցակիցը, իսկ մյուսը աղջիկ էր, չուզեց վատություն անել տղային, եւ ինքը աշնանը կդիմի հեռակա ասպիրանտուրա ընդունվելու համար: Իսկ տղան հիմա կանցնի ու բանակ չի գնա: Աղջկա համար էլ հեռակայի դեպքում համ մրցույթ չի լինի, համ ավելի հեշտ կլինի, համ էլ իր այս քայլով նա մի մեծ բոնուս ստացավ»,- այսպես արդարացրեց աղջիկներին ասպիրանտական համակարգից դուրս մղելու իրողությունը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այս խոսակցությունը կայացավ երեկ, ԵՊՀ հումանիտար թեւի ասպիրանտուրայի ընդունելության գրավոր քննության ժամանակ, եւ խոսակցությանը ներկա մի քանի ֆակուլտետների հանձնաժողովների անդամներ, բոլորը, ի դեպ, տղամարդիկ, գլխով հավանության նշան արեցին:
Այս ֆոնի վրա ամենեւին զարմանալի չէր քննասենյակում նկատելի գենդերային անհավասարությունը: Քննություն հանձնող 18 երիտասարդներից միայն մեկն էր աղջիկ:
Հայտարարել, թե տղաներն ավելի լավ են սովորում եւ ավելի լավ տվյալներ ունեն՝ գիտությամբ զբաղվելու համար, շատ միամիտ կլիներ: Փոխարենը կարող ենք հակառակը պնդել. քիչ չեն օրինակները, երբ շատ ավելի աշխատասեր, խելացի, գիտությամբ զբաղվելու մեծ ցանկություն ունեցող աղջիկները հոգեբանական շանտաժի արդյունքում ուղղակի հրաժարվում են ուսումը շարունակելու մտքից՝ իրենց տեղը զիջելով համակուրսեցի տղաներին, որպեսզի վերջիններս բանակից խուսափելու հավելյալ առիթ ստանան: Ավելին, հայտնի են դեպքեր, երբ լավ սովորող եւ մագիստրատուրայի անվճար համակարգ ընդունված աղջիկներին խնդրելով, համոզելով, ապա հոգեբանական տեռորի ենթարկելով՝ համակուրսեցի տղաները հասնում են նրան, որ աղջիկներն անվճար տեղերը թողնում են իրենց եւ բավարարվում են մագիստրատուրայի վճարովի տեղերով: Դեռ լավ է, որ նրանց ուսման վարձը վճարելու պարտականությունն իրենց վրա են վերցնում բանակից այս կարգով խուսափած տղաների ծնողները:
Վերադառնանք, սակայն, երեկվա քննությանը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը՝ այս տարի ասպիրանտուրա է դիմել 55 հոգի՝ 53 տեղի համար: Ընդ որում, 53 տեղից 3-ը մնացել է թափուր, քանի որ ֆիզքիմիա եւ թուրքագիտություն մասնագիտություններով ասպիրանտուրա դիմած ուսանողները չեն կարողացել հանձնել TOEFL-ը, իսկ կառավարում մասնագիտության համար դիմած մի տնտեսագետ, հաջողությամբ հանձնելով TOEFL-ը, որոշել է ասպիրանտուրայի համար դիմել այլ գիտական հիմնարկ, ոչ թե ԵՊՀ:
Նշածս 18 երիտասարդները, որ իրավաբանական, ժուռնալիստիկայի, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության եւ պատմության ֆակուլտետների մագիստրոսներ էին, գրավոր քննություն էին հանձնում իրենց մասնագիտություններից: Նույն ժամին ասպիրանտուրայի քննություն էին հանձնում նաեւ բնագիտական թեւի՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության, երկրաբանության եւ այլ ֆակուլտետների մագիստրոսները՝ իրենց ֆակուլտետներում եւ բանավոր: Սակայն «Առավոտը» ներկա չի գտնվել այդ քննություններին եւ դրանց մասին ոչինչ ասել չենք կարող:
Գրավոր քննությանը նախապատրաստվելու համար տրված էր երեք ժամ: Երիտասարդները քաշել էին 4 հարցից բաղկացած տոմսը եւ պատրաստվում էին: Հարկ է նշել, որ քննությունն անցնում էր չափից դուրս դեմոկրատական մթնոլորտում: Հսկիչներ՝ որպես այդպիսիք, չկային: Քննասենյակի վերջում նստած էին մասնագիտական հանձնաժողովների անդամները եւ ցածրաձայն զրուցում էին: Այդ ընթացքում քննություն հանձնողները պատրաստվում էին՝ ինչպես կարող էին: Ոմանք էլ արտագրում էին: Վկան՝ լուսանկարում տեղ գտած «շպարգալկան», որը մենք հանեցինք նստարանի միջից՝ քննության ավարտից հետո: Անգամ մի տղա, առանց որեւէ մեկին մի բառ ասելու, դուրս եկավ սենյակից եւ վերադարձավ 20 րոպեից միայն: Ոչ ոք նրան չհարցրեց՝ այդ ո՞ւր, վերադառնալուց հետո էլ ոչ ոք չհետաքրքրվեց՝ այդ որտեղի՞ց: Թեեւ հանուն արդարության պետք է նշենք, որ նույն տղան (եթե, իհարկե, չենք սխալվել) միակն էր 18-ի միջից, որ «կտրվեց», եւ չի ընդունվի ասպիրանտուրա: Ի դեպ, նա դրանով խիստ բարկացրել էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին: Բանն այն է, որ այդ տղան ավարտել էր ոչ թե միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այլ՝ արեւելագիտականը, սակայն դիմել էր միջազգայնագիտության տեղի համար: Նրա տետրում գրված էր ընդամենը 1 էջ, այն էլ՝ սխալներով լի դատողություններ: Այն դեպքում, երբ իրավաբանականի երկու տղաներ մի քանի անգամ ավելորդ թերթիկներ ուզեցին հանձնաժողովականներից, քանի որ ամբողջ տետրը լրացրել էին եւ դեռ ասելիք ունեին: Իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը այդ «անկոչ հյուրի» պատճառով մի ասպիրանտական տեղ ուղղակի կորցրեց: Ասպիրանտուրայի քննությունը խիստ դեմոկրատական էր նաեւ այն առումով, որ, ի տարբերություն միասնական պետական քննությունների, որոնց ժամանակ դիտորդը իրավունք ունի քննասենյակում գտնվելու միայն մինչեւ թեստերը երեխաներին բաժանելը, եւ ապա պարտավոր է դուրս գալ, ու դրանով իսկ զրկվել բուն քննական գործընթացը դիտելու հնարավորությունից (իսկ բոլոր ապօրինությունները կատարվում են այդ ընթացքում), այս քննության ժամանակ լրագրողներին թույլ տրվեց ոչ միայն մինչեւ վերջ մնալ քննությանը, այլեւ ներկա գտնվել հանձնաժողովականների քննարկումներին, անգամ՝ կարդալ աշխատանքները:
Ի դեպ, գրեթե բոլոր մասնագիտացումների համար մրցույթ, որպես այդպիսին, այս քննասենյակում չկար: Որքան ասպիրանտական տեղ կար՝ այնքան դիմորդ: Բացառությունը ժուռնալիստիկայի ֆակուլտետն էր, որտեղ մի տեղի համար պայքարում էին երկուսը՝ վերոնշյալ միակ աղջիկը եւ նրա համակուրսեցի տղան: Անկեղծ ասած, մենք մտավախություն ունեինք, որ աղջիկը, չնայած իր բոլոր արժանիքներին, ուղղակի դուրս կմնա՝ «բարեսիրական» նպատակներով, որպեսզի իր մրցակից տղան կարողանա բանակից խուսափել: Սակայն, ի պատիվ հանձնաժողովականների, նրանք տուրք չտվեցին սեռական «հայրենասիրությանը» եւ ազնվորեն գնահատեցին աշխատանքները: Աղջիկը, ստանալով 18 միավոր, ընդունվեց ասպիրանտուրա, իսկ տղան, իր 15 միավորով, դուրս մնաց: Հնարավոր է, որ հատուկ նրա համար եւս մի ասպիրանտական տեղ «իջեցվի»: Հնարավոր է, որ նա այնքան է ուզում զբաղվել գիտությամբ, որ գնա բանակ, գա եւ հետո դիմի ասպիրանտուրա… Այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Պարզվում է նույնիսկ՝ նման թափանցիկ քննություններ: