Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկան էլ էր դժվար

Հունիս 10,2009 00:00

Երեկ կայացավ մաթեմատիկա առարկայից միասնական պետական քննությունը: Հանրապետությունում քննությունը անցկացնելու համար ձեւավորվել է 36 քննական կենտրոն, որից 11-ը՝ մայրաքաղաքում: Մաթեմատիկա առարկայից միասնական պետական քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 9806 դիմորդ:

Ինչպես տեղեկացնում է panorama.am կայքը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր օրը սկսել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 4 դպրոցում: Որից հետո այցելել է Երեւանի թիվ 199 դպրոցում տեղակայված քննական կենտրոն: Թիվ 199 դպրոցի քննական հանձնաժողովի նախագահ Գյուլնարա Փալիկյանը տեղեկացրել է, որ երեկ քննությանը մասնակցելու համար այս կենտրոնում նախապես հայտագրվել էր 359 դիմորդ, որից 13-ը չի ներկայացել քննության: Ծնողների մտահոգությանը, որ հայոց լեզվի թեստերի արտահոսք է եղել, նախարարը վստահեցրել է, որ նման բան ուղղակի չէր կարող լինել: Նրա խոսքով, եթե արտահոսք լիներ, ապա հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության միջին բալը 1,5-ով չէր իջնի նախորդ տարվա համեմատ, այդ դեպքում ավելի բարձր արդյունքներ կունենայինք: Նա նաեւ հերքեց այն շրջանառվող լուրերը, թե հայոց լեզվի եւ գրականության նոր քննություն է անցկացվելու: Ծնողները նախարարին նաեւ բողոքեցին, որ այս տարի մաթեմատիկայի միասնական քննության ժամը կրճատել են 1 ժամով: Նշենք, որ անցած տարի մաթեմատիկայի միասնական քննությանը տրամադրված էր 4 ժամ, իսկ այս տարի՝ 3 ժամ: Նախարարը նշեց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ վերջին մեկ ժամում բոլորը սկսում են իրար հուշել եւ խանգարել: Ծնողների հարցին՝ որպես ԿԳ նախարար չե՞ք մտահոգվում, որ հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության միջին միավորը այդքան ցածր է, նա նշել է, որ հայոց լեզվի եւ գրականության միասնական քննություններով չէ, որ մեր հասարակությունը ցույց է տալիս հայոց լեզվի իրական արժեւորումը:

Ա. Աշոտյանը, անդրադառնալով հայոց լեզվի քննության կապակցությամբ բազմաթիվ բողոքներին, նշել է, որ այդքան մեծ դժգոհությունների տեղիք իրականում չկա: Նա հաստատել է, որ իրականում հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերը բարդ են եղել: «Ճիշտ է, բոլորիս համար, որպես հասարակության անդամ, հաճելի է, որ բոլորը բարձր են ստանում, սակայն այդ դեպքում կորչում է քննության տարբերակման մեխանիզմը, այնինչ քննությունն այն մեխանիզմն է, որով պետք է տարբերակվեն գիտելիքները»,- հավելել է նա: Նախարարը վստահեցրել է, որ քննության թեստերը համահունչ են եղել դպրոցական ծրագրին: Ա. Աշոտյանի համոզմամբ, այս քննությունից գրեթե բոլոր շրջանավարտներն են իրենց ակնկալած գնահատականից ցածր ստացել, հետեւաբար մրցութային հնարավորությունները բոլորի համար պահպանված են: ԿԳ նախարարի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության միջին բալը 11.5 է, իսկ անբավարար ստացածների թիվը կազմում է 9.5%, 18-ից բարձր միավոր է ստացել 3.5%-ը: Նա ցավով նշել է, որ քննությանը մասնակցած 12 հազար դիմորդից 20 միավոր է ստացել 12 դիմորդ:

Ի դեպ, երբ երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 4 դպրոցում ձեւավորված քննական կենտրոնի բակում հավաքված ծնողները նախարարին բողոքել են, որ հայոց լեզվի եւ գրականության թեստում շատ են եղել շփոթեցնող հարցերը, նախարարը, ըստ panorama.am-ի, պատասխանել է, որ հայոց լեզվի եւ գրականության թեստը ոչ միայն հայոց լեզվի եւ գրականության գիտելիք է պահանջում, այլեւ տրամաբանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել