Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
Հիմի՞ էլ լռենք……
Այս հռետորական հարցով դիմում ենք ե՛ւ’ երիտասարդ, ե՛ւ’ տարեց մանկավարժներին, ե՛ւ’ գիտության աշխատողներին, մանավանդ՝ լեզվաբաններին:
Ինչպես գիտեք, 2006-2007 ուստարվանից սկսած, շրջանավարտները հանձնում են միասնական քննություններ: 80 հարցանոց հարցաթերթիկին պատասխանող աշակերտը ստիպված է ուսումնասիրել ոչ միայն առաջինից տասներորդ դասարանի՝ գրեթե ամեն տարի փոփոխվող դասագրքերը, այլեւ հայտնի եռյակի (Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան)՝ հրապարակի վրա եղած առնվազն վեց գրքերը, որոնցից մի քանիսի նախաբաններում նրանք խոստովանում են. «Հատուկ ուշադրություն է դարձված քննական ծուղակների դեր կատարող բացառություններին եւ շեղումներին, վիճելի դեպքերին, զուգաձեւություններին» (Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձեւաբանություն, Եր., 2008, Հ. Զաքարյան, Յու. Ավետիսյան, Շարահյուսություն, 2009):
Ծուղակը հասկացանք, բայց որ պիտի հանդիպենք որոգայթների, նույնիսկ արջորսների, այդ արդեն չգիտեինք:
Նշենք մի քանի աղաղակող փաստ:
1. Հարցադրումներն ավելի շատ «սխալով ուսուցման» մեթոդով են կազմված, որը վաղուց մերժել է մանկավարժությունը: Երեխան թեստի հենց առաջին հարցի մեջ պետք է հանդիպի քսան բառի, որոնցից երեքը՝ ուղղագրական սխալով, որոնք եւ պետք է գտնի (Ա1):
2. Որպեսզի ստուգվի հնչյունափոխության իմացությունը, դիմորդը տասնվեց բառ բառակազմորեն վերլուծելուց հետո միայն պիտի գտնի այն բառերը, որտեղ երկուսից ավելի հնչյունափոխություն կա, ի դեպ, այդ թվում եւ’ հնչյունի սղում եւ’ գաղտնավանկ ը-ի (Ա8):
3. Շարադասության իմացությունը ստուգելու համար մեկ նախադասության փոխարեն տրված է հինգ նախադասություն, ըստ որում՝ մի նախադասությունը՝ բազմաբարդ: Ստացվում է՝ բարդ նախադասության շարադասական սխալը եւ որոշիչ-որոշյալի շարադասական սխալը նույն հարթության վրա են ուսումնասիրվում (Ա30):
4. Փոխակերպման սխալը գտնելու համար նորից առաջադրված են հինգ նախադասություններ, պահանջով՝ տարբերակներից քանիսն են սխալ: Եվս մի մեծ թակարդ: Հինգերորդ նախադասության մեջ սխալը «ուշքի գալով» դարձվածքի փոխակերպումն է: Ովքեր բախտ են ունեցել Գ. Ջահուկյանի սանը լինելու, գիտեն, որ դա եւս փոխակերպում է: Այս եւ նման հարցերը վկայում են, որ թեստի հեղինակները իրենց իսկ կազմած ուղեցույցից չորսից հինգ անգամ բարդացրել են աշխատանքը՝ չորս բառի փոխարեն՝ տասնվեց բառ, մեկ նախադասության փոխարեն՝ հինգ նախադասություն: Նման բարդացումներ նկատելի են շատ հարցերում (Ա8, Ա9, Ա12, Ա15, Ա30, Ա32,…Բ59, Բ68, Բ70):
5. Դպրոցական ծրագրով գոյականն ունի յոթ հոլով, մինչդեռ Բ64-ի հարցապնդումը տրվում է հինգ հոլովով:
6. Ո՞ւմ դիմենք, որ մեզ բացատրի Բ67 հարցի իմաստը՝ քանի՞սն են նախադասություն:
-Տասնութ: Թվական կյանքի:
Աղավաղված է բնագիրը: Չարենցի մոտ դա «Թվական հրի» միակազմ նախադասությունն է, որը խիստ հասկանալի է, իսկ հարցը՝ ոչ:
7. Ինչ խոսք, թեստում վրիպակներ շատ չեն, բայց, այնուհանդերձ, կան: Ա28-ի հարցն է. «Ո՞ր հոլովաձեւը կամ կապային կառույցը պետք է տեղադրել նախադասության մեջ»: Հարցի պատասխանն է փնտրելիս համակատար դերբայը, իսկ պահանջի մեջ դերբայ բառը չկա:
8. Ավելի քան անհանգստացնող են գրականության հարցերը: Եթե 3 տարի առաջ նվիրյալ ուսուցիչներից շատերը ողջունեցին գրականության հարցերի տեղադրումը միասնական հարցերի մեջ, ապա այսօր, մեր խորին համոզմամբ, զղջում են, քանի որ նորօրյա թեստ կազմողները ո՛չ դպրոց գիտեն եւ ո՛չ դպրոցական ծրագիր. այսինքն՝ առաջադրված հարցերը աշակերտի համար չեն: Օրինակ՝
ա. Ա41 բովանդակային հարցի փոխարեն երեխան դիպաշարից պետք է հիշի Աղասուն ուղղված մոր եւ Նազլուի նամակները:
բ. Դպրոցական ծրագրում երեխան հանդիպում է Տերյանի բանաստեղծական երկու շարքին միայն՝ «Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի»: Մինչդեռ Ա47-ի տարբեր հեղինակների տասը շարքից պիտի գտնի Տերյանի յոթ շարքերը:
գ. Բ79-ի պահանջն է՝ «Գտնել ընդհանուրը Չարենցի երկու պոեմների միջեւ՝ «Դեպի լյառն Մասիս» եւ «Խմբապետ Շավարշ»: Ոչինչ, որ այդ պոեմների հերոսներից մեկը ամբողջ գիշեր քրքրել էր թղթերն ու գրքերը, մյուսը իր ընկերների հետ խմել ու հարբել մինչ լուսաբաց: Հետաքրքիր է՝ ի՞նչն է ընդհանուրը՝ գիշերային պահի՞, թե՞ լուսաբացի նկարագրությունը: Բայց այս բոլորը մեծահոգաբար մի կողմ թողնենք. «Խմբապետ Շավարշը» ծրագրային գործ չէ:
դ. Ինչո՞ւ պիտի երկհատոր վեպից երեխան հիշի Մեծ տիկնոջ այս խոսքերը՝ «Շապուհը դարձվորել է շիրմից»: Ի՞նչ է տալիս այս հարցը, կապո՞ւմ, թե՞ վանում է երեխային գրականությունից: Հետաքրքիր է՝ ի՞նչն է կարեւոր հարցադրողի համար. աշակերտին մտածե՞լ սովորեցնել, կապել գրականությա՞նն ու մայրենիի՞ն, թե՞ սարսափ եւ ատելություն ներարկել:
Միանշանակ է՝ հարցաթերթի հեղինակների գլխավոր նպատակը եղել է առաջադրել այնպիսի հարցեր, խրթին ռեբուսներ ու գլուխկոտրուկներ, որոնք գրեթե անհնարին լինի լուծել: Միանշանակ է նաեւ, որ հեղինակները «փայլուն» են կատարել իրենց գերխնդիրը: Անհասկանալի, անբացատրելի է միայն մեկ բան. որտեղի՞ց այսքա՜ն անսահման նենգություն, չարություն, չկամություն եւ անսքող թշնամանք մեր երեխաների, հայ երեխաների նկատմամբ: Սա երեւի հոգեբան գիտնականների որոշելու խնդիրն է:
Հ.Գ. Եվ այսքանից հետո… 60 երեխա քսան միավոր են ստացել. այդ ինչպե՞ս: Հետեւությունը թողնում ենք Ձեզ:
ՀՀ վաստակավոր ուսուցիչ՝ ԲԵԱՏՐԻՉԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
129 դպրոց Ուսուցիչ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԱԲԱԶՅԱՆ
55 դպրոց Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ,
ԵՊԼՀ ավագ դասախոս, բ.գ.թ. ԿԱՐԻՆԵ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ
63 դպրոց