ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայաստանում քաղաքական գործընթացների վերջին փուլն ավարտվեց մայիսի 31-ին՝ երեւանյան ընտրությունների եվրոպական միջնադարի ինկվիզիցիայի չափանիշներին համապատասխան: Հայաստանում, ուր ընտրական քվեն անգամ ֆուտբոլի հնամաշ գնդակի արժեք չունի, մանավանդ որ արդեն տասնչորս տարի է, որ խաղում են ընտրական նույն գնդակով, նույնիսկ անհույս լավատեսի համար հստակ է, որ մեր պետությունում իշխանությունը ոչ վերցնում են, ոչ էլ հանձնում ընտրությունների միջոցով: Եվ ընտրական քվեն ընդամենը նմանվում է հոգեխանգարմունք ունեցող այն թափառականին, որին ծաղրում են կամ անգթությունից, կամ տգիտությունից: Եվ նրանք, ովքեր փորձում են պաշտպանել այդ թափառականին, անշուշտ՝ մարդասիրական գործ են անում, սակայն բիրտ պայքարում մարդասիրությունը եթե չի զուգակցվում վճռականության, անհողդողդության հետ, ապա կարող է հարյուրապատկել այն մարդկանց թիվը, որոնք կարճ ժամանակ անց մարդասիրության կարիք են զգալու, սակայն այլեւս չի լինելու մեկը, որը կարողանա ցուցաբերել այդ օգնությունը նրանց:
Միաժամանակ, քաղաքական գործընթացների հետ ավարտվում է նաեւ ետխորհրդային Հայաստանի տասնութ տարիների մեծ շրջափուլը՝ մեր նորագույն պատմության ժամանակագրության մեջ թողնելով անհավանական մեծ թռիչքներ եւ նույնքան մեծ ու ցավագին անկումներ: Թռիչքների եւ անկումների, նվաճումների եւ կորուստների հերթագայությունը, ճանապարհի անհարթությունը, խելահեղ ընթացքի տենդը հնարավորություն չի ընձեռել, որ մենք կարողանայինք կանգնել մի պահ եւ հաշվել մեր կորուստների իրական չափը: Քաղաքական խլությունը եւ կուրությունը, որոնք եղել են այդ ճանապարհի անբաժան ուղեկիցները, մեզ ընդհուպ մոտեցրել են այն անդունդին, որտեղից ազատ անկումը չափում են ոչ միայն ֆիզիկայի, այլեւ քաղաքական օրենքների համաձայն: Այս գիտակցված ինքնասպանությունից առաջ եթե հասցնես ետ շրջվել, ապա ետեւում մնացած մարդկանց, հողի, երկնքի ամբողջությունը, որը բանաստեղծները քնքշորեն «հայրենիք են» կոչել, կթվա օտար ու անարժեք:
1.
Ազատության համար ամեն մի զոհվածի վրա, ամեն մի շիրմից
կծլի
ազատության սերմը, իսկ
նրանից նորը.
Հեռո՜ւ~-հեռո՜ւ~ կտանեն
քամիները նրան գալիք սերունդների համար…
Ուոթ Ուիթմեն
2009-ի հունիսի 4-ին լրացավ Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների քսան տարին: 1989 թ. Չինաստանի մայրաքաղաք Պեկինի սրտում՝ Տյանանմեն հրապարակում հարյուրավոր ուսանողներ դաժանորեն սպանվեցին: Թեպետ ուսանողական ընդվզումը սկսվել էր ավելի վաղ՝ ապրիլին: Չին ուսանողները, որոնք հրապարակ էին դուրս եկել քաղաքական բարեփոխումներով հայտնի Հյու Հյոբանի մահը սգալու, իշխանափոխություն եւ հրաժարական չէին պահանջում, այլ ընդամենը Չինաստանի իշխանություններից պահանջում էին վերադառնալ կոմկուսի նախկին ղեկավարի բարեփոխումներին: Իշխանությունների նյարդերը դիմացան մինչեւ հունիսի 2-ը. այդ օրը ռազմական մեծ ուժեր տեղակայվեցին Տյանանմեն հրապարակում: Երկու օր շարունակ զինվորներն անվրդով նստած էին հրապարակում՝ ուսանողների հետ: Վերջիններիս թվում էր, թե զինվորները համաձայն էին իրենց պահանջներին եւ եկել էին միանալու դրանց: Ուսանողների ընդվզմանը եւ դյուրահավատությանը չինական իշխանությունները պատասխանեցին արյունալի հաշվեհարդարով: Տյանանմեն հրապարակում երկար հոսեց երիտասարդ արյունը: Փոփոխությունների, ազատության գաղափարների համար Պեկինի գլխավոր հրապարակ դուրս եկած հարյուրավոր ուսանողների սպանդը ցնցել էր միջազգային հանրությանը:
Քսան տարի հետո՝ 2009-ի հունիսի 4-ին Պեկինի իշխանությունները դարձյալ անհանգստանում էին հասարակական հուզումներից: Ըստ «Բի-Բի-Սի» ռադիոկայանի՝ 20-ամյա ողբերգական տարելիցի նախօրյակին իշխանությունները հետեւում են զբոսաշրջիկներին, զանազան ավտոմեքենաներ են կայանում հունիսի 4-ի զոհերի տների մերձակայքում, հետեւում են նրանց հարազատներին, արգելում նկարահանումները, արգելում են այն ամենը, ինչը ոչ միայն կարող է հիշեցնել քսան տարվա վաղեմության ողբերգությունը, այլեւ կարող է նոր հասարակական շարժման առիթ ծառայել:
Հավանաբար, Չինաստանի ղեկավարներն էլ են ցանկացել «սկսել նորից» եւ «փակել այդ էջը», սակայն դա նրանց չի հաջողվում ոչ միայն այն պատճառով, որ զոհերի հարազատները դեռ ողջ են, ոչ միայն այն պատճառով, որ դաժանաբար սպանել են անզեն ցուցարարներին, ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունը ձգտում է զերծ պահել երկիրը հնարավոր ցնցումներից, իսկ փոփոխությունների պահանջները երկրում հավանաբար դեռ չեն մարել, այլ նախեւառաջ այն պատճառով, որ հունիսի 4-ի էջի վրա ոչ միայն արյուն է դրոշմվել, այլեւ առաջադիմության եւ ազատության գաղափարները:
Հունիսի 4-ի ավելի փոքր, սակայն դեռ թարմ արյունոտ կտավը հայաստանցիների համար 2008 թ. մարտի 1-ն է. մեր երկիրն անհամեմատ փոքր է իր չափերով, սակայն 1.4 տարի առաջ փոփոխությունների, ազատության հանդեպ ձգտումներն ավելի նվազ չէին:
Մարտի 1-ի էջն էլ մեզ համար փակելը դժվար է: Ոչ միայն այն պատճառով, որ վերքերը դեռ թարմ են, որ նրա աղմուկը դեռ լսելի է դատավարությունների, փաստահավաք խմբի, մարտիմեկյան հանձնաժողովի, իրավական գնահատականների կամ բացահայտումների անօգուտ դարձող փնտրտուքների հարահոսում, ոչ միայն այն պատճառով, որ թափվել է անզեն, անմեղ մարդկանց արյունը, այլեւ այն պատճառով, որ մարտի 1-ը ծնող պատճառները Հայաստանում ոչ միայն չեն վերանում, այլեւ ավելի են խորանում:
Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնություն-հայտարարությունը՝ խորհրդային տարիների հանգույն «կոլեկտիվների առաջադրմամբ եւ նրանց պահանջներով» կեղծ հասարակական մթնոլորտ ստեղծել համաներում իրականացնելու համար, փակում է պետական գործիչ դառնալու Սերժ Սարգսյանի հնարավորությունները: Ինչպես նրա անմիջական նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սարգսյանը եւս քաղաքական գործչից այդպես էլ չվերածվեց պետական գործչի:
Սերժ Սարգսյանը չի կարող փակել մարտի 1-ի էջը նաեւ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության չենթարկելու պատճառով, թեպետ դա նրա կենսագրության ամենաբարդ որոշումը կլիներ, ոչ միայն այն պատճառով, որ նրանք նույն՝ ղարաբաղյան արմատից են, այլեւ այն պատճառով, որ Քոչարյանն ահռելի պատասխանատվություն վերցրեց իր վրա՝ իշխանությունը բիրտ ուժով վերցնելով եւ այն նվիրելով Սարգսյանին: Մարդկային հարաբերությունների առումով դա անչափ դժվար է, սակայն քաղաքականության մեջ ոչ միայն հավերժական թշնամիներ չկան, այլեւ՝ հավերժական բարեկամներ: Եվ քանի դեռ Քոչարյանն է մնալու «հայաստանցիների» հետ հարաբերություններ կառուցելիս Սարգսյանի խորհրդատուն, ապա վերջինս ստիպված է լինելու անվերջ վերաբացել մարտի 1-ի էջը եւ վերընթերցել այն:
Մարտի 1-ը երկակի եւ իրարամերժ դեր եւ նշանակություն ունեցավ. մի կողմից Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական-քաղաքական-հասարակական ամբողջության փլուզման սկիզբը դրվեց, մյուս կողմից ակնհայտ դարձավ, որ այդ փլուզումը կարող են կանխել միայն առաջադիմության, ազատության գաղափարները, որոնք պետք է դնել երկրի զարգացման հիմքում: Այդ գաղափարները շրջում են երկրեերկիր՝ հատելով պետությունների սահմանները, եւ չեն մեռնում անգամ դրանք կրողների հետ: Չեն մեռնում, ինչպես չի մեռնում սերը հայրենիքի հանդեպ, ինչպես չի մեռնում հավատը հայրենիքի հավերժության հանդեպ, ինչպես չի մեռնում կասկածը հայրենիքի հավերժության հանդեպ, ինչպես չի մեռնում հայրենիքը կորցնելու ահը:
Աթենական պետությունից, լուսավորչական Եվրոպայից, ստրկատիրության իրավունքի դեմ ծառացող Հյուսիսային Ամերիկայից առաջադիմության գաղափարները սփռվել-տարածվել են աշխարհով մեկ՝ հասնելով նորագույն ժամանակներ: Թեպետ դրանք հալածվել են թե միջնադարյան Եվրոպայում, թե 19-րդ դարի ԱՄՆ-ում, թե 20-րդ դարի ԽՍՀՄ-ում կամ Չինաստանում: Եվ 21-րդ դարի Հայաստանում:
2.
Թե մի՞ֆ էիր դու… Եկան,
երգեցին
Մի հին իրիկուն գուսանները
ծեր:
Որ հզո՜ր ես դու, հրոտ,
հրածին,
Որ դո՜ւ~ կբերես փրկությունը
մեր:
Եղիշե Չարենց
Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ին հաջորդած հունիսի 1-ի հանրահավաքի հայտարարված ժամից քառասուն րոպե անց բարձրանում էր դեպի Մատենադարան՝ հանրահավաքի մասնակիցները նրան դիմավորում էին «հի-մա, հի-մա» վանկարկումներով: Փոքր-ինչ շփոթահար՝ Տեր-Պետրոսյանը մի պահ կանգ առավ՝ տարեց մի տղամարդու ինչ-որ բան ասաց, եւ շարունակեց ճանապարհը: Մատենադարանի բարձունք տանող ճանապարհին Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ աղմուկով ջարդվում էին այն հասարակական-քաղաքական միֆերը, որ ստեղծել էր հենց նա:
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրություններին համաձայնեց գլխավորել ՀԱԿ ընտրացուցակը, ավելի որոշակիացան այն երեք ճանապարհները, որոնցից բացառապես մեկով կարող էր ծավալվել պայքարը: Առաջին ճանապարհը քաղաքական պայքարն էր, երկրորդը՝ քրեական, երրորդը՝ հեղափոխական: Դրանցից վերջին՝ երրորդ ճանապարհը հավասարապես անընդունելի էր երկու կողմի համար էլ՝ թե Սերժ Սարգսյանի եւ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ըստ այդմ այդ ճանապարհն ի սկզբանե բացառված էր: Երկրորդ՝ քրեական ճանապարհն ավելի հավանական էր՝ հաշվի առնելով ընտրական գործընթացներում մշտապես ներգրավվածների հոգեկերտվածքը եւ շատ դեպքերում՝ կրթական տարրական ցենզի իսպառ բացակայությունը: Ինչ վերաբերում է առաջին ճանապարհին՝ քաղաքական պայքարին, ապա այն Տեր-Պետրոսյանի նախասիրությունն էր եւ անձնական ընտրությունը: Սերժ Սարգսյանին եւս ձեռնտու էր Տեր-Պետրոսյանին դուրս բերել քաղաքական պայքարի ճանապարհ, քանի որ որքան էլ այստեղ վերջինս զգում էր ինչպես ձուկը ջրում, սակայն կորցնում էր ցամաքի՝ տվյալ դեպքում՝ իրականության զգացումը:
Ընտրապայքարի ընթացքում եթե բախումներ տեղի ունեցան իշխանություն-իշխանություն դաշտում, ապա դրանք բացակայում էին իշխանություն-ընդդիմություն դաշտում: Եվ Տեր-Պետրոսյանին թվաց, թե Ս. Սարգսյանը պատրաստ է մայրաքաղաքում իշխանությունը հանձնել ընդդիմությանը եւ գնալ ընդդիմության հետ երկար սպասված երկխոսության: Մայիսի 31-ը վկայեց, որ ՀՀ առաջին նախագահը շարունակում է վատ ճանաչել ոչ միայն իր անմիջական շրջապատին, այլեւ իր հակառակորդներին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը մեկեն շեղել էր ճանապարհը:
Այսպես ջարդվեց Տեր-Պետրոսյանի նախասիրած առաջին միֆը, թե պայքարը քաղաքական դաշտում է ընթանալու: Միաժամանակ, ամբողջությամբ փարատված չէին Տեր-Պետրոսյանի կասկածները Սարգսյանի կողմից քաղաքական պայքարի ընտրության շուրջ: Այդ իսկ պատճառով ենթադրելով հնարավոր փոփոխության մասին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե քաղաքապետի ընտրությունը «կենաց-մահու պայքար չէ», ըստ այդմ չթաքցնելով, որ ինքն այլ պայքարի ոչ ընդունակ է, ոչ էլ, առավել եւս՝ կողմնակից: «Կենաց-մահու պայքարի» բացառմամբ Տեր-Պետրոսյանը իրեն ապահովագրում էր հնարավոր պարտության համար հանրային պատասխանատվությունից: Հերթական, սովորական ընտրությունների ընտրափոշի լցնելով երեւանյան ընտրությունների վրա՝ ՀՀ հիմնադիր նախագահն անտեսում էր այն հանգամանքը, որ իր մասնակցությունն այդ ընտրություններին արդեն իսկ ջնջել էր այդ ընտրափոշին: Այս հանգամանքը գիտակցում էր հանրությունը, գիտակցում էր իշխանությունը, սակայն չէր ընդունում Տեր-Պետրոսյանը: Դրանով իսկ ջարդվելու էր դատապարտված Տեր-Պետրոսյանի երկրորդ՝ հերթական, սովորական ընտրությունների միֆը:
Երրորդ միֆը թեպետ դարձյալ առնչվում էր մայրաքաղաքի ընտրություններին, սակայն ստեղծվել էր ավելի վաղ, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե՝ «Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավական, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխիքն է» («Հայկական ժամանակ», 3 մարտի 2009 թ.): Ընտրություններով գործող վարչակազմին հաղթելու միֆը դատապարտված էր պսակազերծվելու, մանավանդ որ, հենց այդ վարչակազմի մենթալիտետի համաձայն՝ «ժողովրդավարությունը խորթ է հայկական մենթալիտետին»: Եվ ընտրական գործընթացները ձեւախեղվել են՝ ապացուցելու համար այդ նորահայտ բանաձեւը: Եթե անգամ ընտրություններով հնարավոր էր հասնել հաղթանակի, ապա հասարակական-քաղաքական մթնոլորտն այնպիսի փոփոխություններ պետք է կրեր, որ ընտրություններն ընդամենը դառնային այդ մթնոլորտի պարզ վավերագրերը: Մինչդեռ ակնհայտ էր, որ ավագանու ընտրությունները բնավ փոփոխություններ չհաղորդեցին հասարակական մթնոլորտին: ՀՀ նախագահի վերջին ընտրարշավի ժամանակ հասարակական-քաղաքական մթնոլորտը հիրավի արմատական փոփոխություններ կրեց, այնքան լուրջ, որ Հայաստանի հասարակությունը ուղղակի կանգնեց հեղափոխության առջեւ: Եվ ոչ միայն անլուրջ, այլեւ վտանգավոր էր հասարակական այդ հզոր լիցքն ուղղորդել դեպի ընտրատեղամասեր, որտեղ իշխանությունը դեռ չէր հանձնվել, մինչդեռ այդ իշխանությունն ընկած էր փողոցներում, եւ այն վերցնելու համար քաղաքական կամք եւ վճռական, ծրագրված գործողություններ էին անհրաժեշտ: Այսպես ջարդվեց Տեր-Պետրոսյանի սահմանած երրորդ՝ ընտրություններով Հայաստանում իշխանությունը փոխելու միֆը: