Գեղարքունիքի մարզպետը կողմ է ներդրումներին՝ միայն «Մաքուր Սեւան» ապահովելու պարագայում
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հայտարարեց, որ մարզի ամենալուրջ խնդիրը արտադրված կարտոֆիլի իրացումն է, քանի որ, ի տարբերություն անցյալի, այսօր Գեղարքունիքի գյուղացու բերքի իրացման միակ դաշտը տեղական շուկան է, որը բավարար չէ, միայն անցած տարի Գեղարքունիքի մարզում արտադրվել է 300 հազար տոննա կարտոֆիլ: Մարզը այլ խնդիրներ էլ ունի:
Այս մարզի բնակիչների մեջ կան ավանդաբար արտագնա աշխատանքի մեկնող ընտանիքներ: Տարեկան մոտ 20-21 հազար մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ 4-5 անգամ նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, հետեւաբար նվազել է դրսից եկող դրամական օգնությունը, սակայն ավելացել է մշակվող հողատարածքների ծավալը:
Մարզում նաեւ անասնապահությունն է զարգացած: Դեռ էլի կարող է զարգանալ, եթե իրացման հարցը լուծվի: Գեղարքունիքից ասում են, որ իրենց մարզում ձմեռը վեց ամիս է տեւում, եւ մարզը ներդրումների համար գրավիչ չէ: Բայց ինչպես տեղեկացրեց մարզպետը, իրանցի գործարարների հետ բանավոր պայմանավորվածություն կա մարզում մոտ 15 միլիոն եվրոյով ստեղծել մսամթերքի արտադրության հայ-իրանական համատեղ ձեռնարկություն: Այս գործարարներից մեկը ազգությամբ հայ է, իսկ այդպիսի համատեղ ձեռնարկություններ իրանցիները հաջողությամբ ստեղծել են Բրազիլիայում, Արգենտինայում, Ղազախստանում:
Մարզի տնտեսական կյանքը կարող է աշխուժացնել Սոթքի ոսկու արդյունահանման ձեռնարկության ստեղծումը, ներդրողները խոստանում են մինչեւ 3000 աշխատատեղ: Մարզպետը, սակայն, խիստ է տրամադրված. եթե ոսկու արդյունահանումը թունավորելու է Սեւանը՝ ձեռնարկությունը պետք չէ, եթե կխոստանան ապահովել մաքուր Սեւան՝ թող կառուցեն: Ընդհանրապես մարզի շատ խնդիրներ այս կամ այն կերպ առնչվում են Սեւանա լճին:
Սեւանը աղտոտվում է մարզի քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության արդյունքում, ուստի Զարգացման ասիական բանկի 14,77 միլիոն դրամով կկառուցվի մաքրման երեք կայան:
Սեւանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ են մնում նաեւ անտառածածկ տարածքներ, ու Սեւանը էլի աղտոտվում է: Եթե Սեւանը հասնի 1903,5 մետր նիշին՝ ջրի տակ կմնա 5000 հետկար տարածք, որից 2000-ը՝ անտառ: Ջրածածկ եղած տարածքներն այսօր մասամբ են մաքրված: Աշխատանքները շարունակվում են:
Մեկ անգամ չի ասվել, թե Սեւանա լիճը կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն, սակայն այսօր Սեւանա լճին հարող տարածքների ճանապարհները այնքան էլ լավ վիճակում չեն: Ճանապարհները տեսքի են բերվում Զարգացման ասիական բանկի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված միջոցներով, բայց վիճակը դեռ գոհացուցիչ չէ: Սահմանամերձ բնակավայրերում, բացի ճանապարհների անմխիթար վիճակից, խնդիր է նաեւ խմելու ջրով ապահովվածությունը, բնական գազի բացակայությունը:
Սեւանի ափին այսօր կա 1600 ապօրինի շինություն, այդ թվում՝ վագոն-տնակները: Մարզպետ Նվեր Պողոսյանը կարծում է, որ դրանք կամ կապամոնտաժվեն, կամ կդառնան պետական սեփականություն եւ կտրվեն վարձով: Օրինականացնելը քիչ հավանական է, կարծում է մարզպետ Նվեր Պողոսյանը: