Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը Սյունիքում է արձանագրվել, բայց սպասվում են խոշոր ծրագրեր
Մարզի սոցիալ-տնտեսական կյանքում առկա խնդիրները բարձրացվեցին երեկ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում գումարված մարզխորհրդի նիստում: Գյուղական շատ համայնքների ղեկավարներ մեծ դժգոհություններ ունեին՝ կապված հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման հետ: Սիսիանի տարածաշրջանի Իշխանասարի գյուղապետն ասում է, որ մոտ 600 հազար դրամի հողի հարկը չի հաջողվում հավաքել՝ այն պատճառով, որ այդ հողերի սեփականատերերը գտնվում են արտերկրում, հողը չի մշակվում, իսկ այն մեկ այլ գյուղացու տալը՝ ինքնին սեփականության իրավունքի խախտման է հանգեցնում: Դատարան դիմելու դեպքում էլ, ինչպես իրենք են ասում՝ ֆինանսական խնդիրներ են առաջանում: Նման պատճառներով հարկերի հավաքագրման մեծ խնդիրներ ունեն մարզի գրեթե բոլոր գյուղական համայնքները: Որոշ գյուղական համայնքների էլ մտահոգում է այն հարցը, որ այսօր շատ ձեռնարկություններ վարձակալությամբ հողատարածքներ են զբաղեցրել իրենց համայնքների վարչական տարածքում, սակայն համայնքին համապատասխան հարկ վճարելուց հրաժարվում են: Մարզպետի խոսքով, այս խնդիրների լուծման տարբերակներ կմշակեն մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները եւ կտրամադրեն գյուղական համայնքների ղեկավարներին: Մարզպետը հորդորեց այսուհետեւ անպարտաճանաչություն չցուցաբերեն հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման առումով:
Սակայն դեռեւս ցածր է մնում համայնքների բյուջեների կատարման մակարդակը հատկապես հողի հարկի եւ գույքահարկի մասով, որոնք կատարվել են, համապատասխանաբար, 46.8 եւ 50.4 տոկոսով:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը նշեց, որ 109 համայնքներից 57-ում, հունիսի 1-ի դրությամբ, սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը ցածր է միջին մարզային թվից: Կան համայնքներ, որ 10-15%-ի ցուցանիշ չեն ապահովում. Խդրանցը՝ 4,7%, Ներքին Խոտանան ու Շիկահողը՝ 10%, Սեւաքարը եւ Շինուհայրը՝ 15% եւ այլն:
Համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման ցածր մակարդակը բերում է այլ խնդիրների: Նախկին տարիներից մնացած 116 մլն դրամի պարտքից 53 մլն դրամն է միայն մարված, իսկ մարզի 30 համայնքներում նախորդ տարիներից գոյություն ունեն 63 մլն դրամ աշխատավարձի եւ պարտադիր սոցապահովագրության վճարների պարտքեր: Կան համայնքներ, որ նախորդ տարիներից պարտքեր ունենալուց զատ, նաեւ ընթացիկ տարում են պարտքեր կուտակել՝ չվճարված աշխատավարձերի տեսքով՝ Արավուս, Բարձրավան, Ույծ, Տաշտուն եւ այլն: Քաղաքային համայնքներն էլ այս առումով բացառություն չեն:
Գյուղատնտեսության ոլորտում մարզի համար լուրջ հիմնախնդիրներ են գյուղմթերքի իրացման, տոհմային մատղաշների ստացման եւ որակյալ սերմերի արտադրության հարցերը: 2009թ. մարզում պահպանվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, 883 գլխով ավելացել է մանր եղջերավորների թիվը:
Ֆրանսիայի Մարսել քաղաքի հայ համայնքի աջակցությամբ իրականացվում է սրտաբանական կենտրոնի ստեղծման ծրագիրը: Մրցույթն արդեն անցկացվել է եւ առաջիկայում կսկսվի շինարարությունը: Նախագծի արժեքն է՝ 413 միլիոն դրամ:
«2008 թ. հաջողությամբ ավարտվեց իր բնույթով եզակի «Սոցիալական տուն» ծրագրի պիլոտային փուլը եւ այժմ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակի հետ համատեղ կատարվում են նախապատրաստական աշխատանքները, որի իրականացման դեպքում կլուծվի սոցիալական անապահով ընտանիքների բնակարանային խնդիրը: Կազմակերպության կողմից 2009-2010թթ. նախատեսվում են իրականացնել նաեւ զարգացման (5,2 մլն շվեյցարական ֆրանկ) եւ մարդասիրական ծրագրեր (մոտ 2 մլն ֆրանկ): Մասնավորապես՝ Սյունիքի մարզում անասնապահության զարգացմանն աջակցելու համար տրամադրվել է 2,5 մլն ֆրանկ, իսկ գյուղական համայնքների զարգացման ծրագրի 3-րդ փուլի համար՝ 2.3 մլն ֆրանկ»,- հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը:
Առաջիկայում իրականացվելիք խոշոր ծրագրերից է նաեւ Տաթեւի վանական համալիրի վերակառուցման ծրագիրը, որի իրականացման համար կծախսվի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագրով նախատեսվում է ստեղծել զբոսաշրջության կենտրոն, որը ներառելու է Տաթեւ եւ Հալիձոր համայնքները: Ծրագրի շրջանակներում նշված համայնքներում վերակառուցվելու են ենթակառուցվածքները, զբոսաշրջության գրավչության համար ստեղծվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկման կետեր եւ նոր ծառայություններ: