Ընտրարշավի ժամանակ քանդել են տարածք
Քանդված պատի քարերը երեկ արդեն գողացվել էին:
Օրեր առաջ Ամերիկայից Հայաստան վերադարձավ «Խաղաղության աշխարհ» կանանց միջազգային միության նախագահ Սիլվա Եղիազարյանը: Նա մասնակցում էր սեմինարի, որը ստիպված էր ընդհատել, քանի որ տեղեկացել էր, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող իր տարածքը (այն գտնվում է Գյուլիքեխվյան փողոցի 17, 19, 21 շենքերի հարեւանությամբ) քանդել են: Մայիսի 25-ին ավագանու ընտրությունների հետ կապված՝ թեկնածու Գագիկ Բեգլարյանը հանդիպել էր Նոր Նորքի բնակիչների հետ: Հանդիպումն ավարտվել է նախընտրական «խոստմամբ». հաջորդ օրը թեկնածուի հրահանգով քանդվել է այն տարածքը, որն իր նախորդի՝ Երվանդ Զախարյանի պաշտոնական որոշմամբ հատկացվել էր սրտի բազմակի վիրահատություններ տարած 2-րդ կարգի հաշմանդամ Սիլվա Եղիազարյանին: Այդ որոշումը դատական ատյանով չի վիճարկվել, այն չի կասեցվել նույն քաղաքապետի որոշմամբ, առոչինչ չի ճանաչվել:
Ս. Եղիազարյանին այդ տարածքը տրվել է 10 տարի առաջ՝ անհատույց օգտագործման նպատակով, այն նախատեսված էր հանգստի գոտու՝ խաղահրապարակի համար: Այստեղ միայն կանաչ գոտի է, քանի որ տարածքի վրա, ըստ Ս. Եղիազարյանի, ծախսվել է $30 000 գումար՝ աղբը մաքրելու, ծառեր տնկելու համար: Համենայնդեպս, տարածքի վրա խաղասրահ, քյաբաբնոց, անհասկանալի գիշերային ակումբներ չեն կառուցվել:
Երբ կատարված վայրենությունը փորձել են կանխել Սիլվայի ամուսին Ռազմիկ Եղիազարյանը, նրա դուստրերը, տարածքի բնակիչները՝ հարեւան շենքից, ծեծի են ենթարկել 70-ամյա ինսուլտ տարած Ռազմիկին, որին տեղափոխել են հիվանդանոց:
Ս. Եղիազարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին: Նա հայտնել է, որ քաղաքապետի որոշմամբ է իրեն տրվել 0,22 հա տարածքը, որը, ըստ քաղաքապետարանի, «անկում ունեցող տարածք էր»:
10 տարի առաջ որեւէ մեկը չի առարկել այդ տարածքի համար: Չի առարկել, քանի որ այնտեղ աղբանոց էր: Եկել է միամիտ մեկը, որը մաքրել է աղբանոցը: Ու երբ այդ ամենն արվել է, առանց զգուշացման, վայրենաբար «կուլակաթափ» են արել Ս. Եղիազարյանին: Վերջինս, որը սրտի 10 ծանր վիրահատություն է տարել, տարիներ շարունակ զբաղվել է բարեգործությամբ (նրան գիտեն կալանավայրերում, մանկատներում, ծերանոցներում), պահանջում է, որ իրեն պատճառած վնասը հատուցեն, իսկ Գագիկ Բեգլարյանն անձամբ ներողություն խնդրի կատարվածի համար:
Ս. Եղիազարյանն «Առավոտին» ասաց, որ եթե Գ. Բեգլարյանը դեմ էր այդ տարածքին, ապա ինչո՞ւ է քաղաքապետը թույլատրել, ինչո՞ւ է քաղաքապետարանն իրեն տվել շինարարության թույլտվություն: Ընդ որում, շինարարության իրականացման համար սահմանել է ժամկետ՝ 720 օր, որը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվեր պատասխանատվության: Վիճարկվող տարածքը օրինական գրանցված է Անշարժ գույքի պետական կադաստրում, առկա է սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը: