Նախկին կոմունիստ-ՕԵԿ-ականը մեղադրվում է
Սանատրուկ Սահակյանի, Գոռ եւ Մարինե Ստեփանյանների, Արտաշես Աբգարյանի, Լաուրա Եփրեմյանի, Սուրիկ Եդիգարյանի, Ռոբերտ Ահարոնյանի, Կարինե Սահակյանի, Դավիթ Ներսիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Այն, մեր տեղեկություններով, երեկվանից հանգրվանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Նախկին կոմունիստ-ՕԵԿ-ական Սանատրուկ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառքի համար: Ըստ նախաքննության մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, նա, հանդիսանալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, խաբեության եղանակով, «կաշառք ստանալու պատրվակով հափշտակել է ուրիշի խոշոր չափերի գույքը, ինչպես նաեւ կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելով՝ կատարել է կաշառքի միջնորդության փորձ»: Ս. Սահակյանը, իր ընկեր Ռոբերտ Ահարոնյանի խնդրանքով, վերջինիս միջոցով, ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, համաձայնության է եկել Գ. Ղուկասյանի, Լ. Եփրեմյանի եւ Ս. Եդիգարյանի հետ՝ նրանց ծանոթ Գ. Ստեփանյանի քրոջ որդուն՝ Տ. Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու մասին: «Խորհրդականը» խոստացել էր իր կապերն օգտագործելով՝ $11 000-ով կազմակերպել ընդունելությունը:
Տ. Աղաբեկյանի ընդունելության հարցով նա դիմել էր իր ծանոթին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախկին դասախոս Անահիտ Արիստակեսյանին եւ, պարզելով, որ ընդունելության քննություններն ավարտվել են, վերջինիս միջոցով ծանոթացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախկին աշխատակից Կարինե Սահակյանի հետ, ով էլ խոստացել է $2000-ով Աղաբեկյանին ընդունել Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմա-իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժին, որտեղից հետագայում հնարավոր կլիներ դիմորդին տեղափոխել ՀՀ ոստիկանության ակադեմիա:
ՀՀ ԿԳՆ նախկին աշխատակից Կարինե Սահակյանը, Անահիտ Արիստակեսյանից տեղեկանալով, որ վերջինիս ծանոթի՝ Սանատրուկ Սահակյանի մտերիմները ցանկանում են կաշառք տալու եղանակով ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունել Տ. Աղաբեկյանին, «օգնելու պատրաստակամություն» է հայտնել եւ պայմանավորվածություն ձեռք բերել Ս. Սահակյանի հետ:
Սահակյանը, պարզվել է, որ Պարոնյան 6 հասցեում գտնվող իր գրասենյակում ստացել է 2 միլիոն 106 հազար 790 ՀՀ դրամին համարժեք $7000 գումար:
Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, Կ. Սահակյանն իր ծանոթ Դ. Ներսիսյանի օժանդակությամբ պատրաստել է ՀՀ ոստիկանության կնիքի դրոշմվածքով ՀՀ ոստիկանության կադրերի կեղծ ձեւաթուղթ, որի վրա գրառում կատարելով դիմորդ Տ. Աղաբեկյանի ՀՀ ոստիկանության ակադեմիայի հնարավոր պահեստային ունկնդիր լինելու մասին՝ «վերջինիս հարազատներին վստահեցնելու եւ ընդունելության գործերով զբաղվելու պատրանք ստեղծելու նպատակով՝ այն փոխանցել է Սանատրուկ Սահակյանին»: