Բժիշկները վստահեցնում են, որ կանայք ինչքան շատ երեխա ունենան, այնքան շատ կխուսափեն կանացի հիվանդություններից:
«Միոմաներ հանդիպում են նույնիսկ չամուսնացած աղջիկների մոտ, սակայն աղջիկների շրջանում բարորակ ուռուցքների առաջացման դեպքերը անհամեմատ քիչ են: Սրանք, իհարկե, հիմնականում հորմոնալ խախտումների արդյունք են, լինում են նաեւ այլ սուբյեկտիվ պատճառներ, բայց ամենահիմնական պատճառը հղիության բազմակի արհեստական ընդհատումներն են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը: Նրա խոսքերով, եթե 5 տարի առաջ միոմաներ հանդիպում էին 40-ն անց կանանց մոտ, ապա այսօր 23 տարեկանից սկսած՝ ունեն այդ խնդիրը:
Բժշկի ներկայացմամբ, հատկապես շատացել է բարորակ ուռուցքներ ունեցողների թիվը: Վատ հետեւանքներից խուսափելու համար պարոն Պողոսյանը ամուսնացած զույգերին խորհուրդ է տալիս «ընտանիքը չպլանավորել», ըստ նրա՝ այսօր զույգերը չեն ցանկանում մեկից ավելի երեխա ունենալ կամ 2-րդ երեխան ունենում են 5-6 տարվա տարբերությամբ, ինչը ճիշտ չէ: Ա. Պողոսյանի համոզմամբ. «Ընտանիքի ամենալավ պլանավորումը 2-3 երեխա ունենալն է 2-3 տարվա տարբերությամբ: Կնոջ օրգանիզմը այս ընթացքում «մաքրվում» է ամեն տեսակի հորմոնալ խախտումներից, հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը թարմանում եւ նորանում է»:
Ա. Պողոսյանի պատմելով, մեկ տարի աշխատել է նաեւ Իրանում եւ այնտեղ վիրահատել է բարորակ ուռուցք ունեցող ընդամենը 3 կնոջ: Ըստ գինեկոլոգի՝ պարսիկ կանանց շրջանում այս հիվանդությունը տարածում չունի, քանի որ նրանք ամենաքիչը 4-5 երեխա են ունենում: Գինեկոլոգը հայ կանանց խորհուրդ է տալիս 10 տարվա ընթացքում ունենալ գոնե 2-3 երեխա: Բժշկի տվյալներով, վերջին 10 տարիների ընթացքում չբերության խնդիրը նույնպես արդիական է դարձել. «Այսօր շատ երիտասարդ զույգեր ունենում են չբերության պրոբլեմ: Սա, անշուշտ, կապված է նաեւ էկոլոգիայի հետ՝ օդի աղտոտվածության, վատ սնվելու, քիմիական արտադրության սննդի օգտագործման հետ, բայց լինում են նաեւ զուտ օրգանիզմի հետ կապված խնդիրներ: Կարեւոր դեր ունեն վարակները, հատկապես՝ սեռավարակները, այդպիսի շուրջ 21 սեռավարակ կա»:
Գինեկոլոգ Անահիտ Սարգսյանի ներկայացմամբ էլ՝ աճել է նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող կանանց թիվը. «Այս հիվանդության առաջացման նախապայմանները հայտնի չեն, այդ պատճառով հնարավոր չէ այն ի սկզբանե կանխարգելել: Սակայն սա շատ կարեւոր խնդիր է եւ դրան լուծում տալու միակ եղանակը պարբերաբար կատարվող ստուգումներն են, որպեսզի ժամանակին հայտնաբերվի եւ բուժվի հիվանդությունը: Եվրոպայի զարգացած երկրներում կանայք առնվազն 6 ամիսը մեկ պրոֆիլակտիկ ստուգումների են ենթարկվում: Եվ եթե հայ կանայք էլ այդպես պարտաճանաչ այցելեն ստուգվելու, ապա հնարավոր կլինի կանխել այդ հիվանդությունը: Պետք է հետեւողական լինել. ի վերջո՝ կանանց առողջությունից է կախված ապագա սերնդի առողջությունը»:
Գինեկոլոգները վստահեցրին, որ այժմ Հայաստանում էլ բժշկությունը զարգացած է եւ համապատասխան որակավորում ունեցող կադրեր կան, որոնք կարող են բժշկական օգնություն ցույց տալ հիվանդին: