Համոզված են ինչպես գծատերերը, այնպես էլ՝ ոլորտի պատասխանատուները
Խնդիրն այն է՝ թե երբ եւ որքանով կբարձրանա տրանսպորտի ուղեվարձը: Չնայած հեղուկ գազի ապրիլյան թանկացմանը հետեւած գծատերերի եւ վարորդների բողոքին, առայսօր ոչ տրանսպորտի եւ կապի նախարարության, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից հանրային տրանսպորտի սակագների փոփոխության մասին որեւէ որոշում չի ընդունվել: Իսկ հայտադիմումներ ներկայացվել են թե՛ միջմարզային, թե՛ ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների կողմից:
Դեռեւս ապրիլի 10-ին 18 միջմարզային ընկերություն դիմել էր տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ուղեվարձերը 30-40 %-ով բարձրացնելու հայտով: Ու թեեւ, ըստ սահմանված կարգի, նախարարության մրցութային հանձնաժողովը 15-30 oրվա ընթացքում պետք է ավարտեր հայտի ուսումնասիրությունն ու կայացներ համապատասխան որոշում, սակայն այն առայժմ կայացված չէ: Քննարկումների փուլում է նաեւ մայիսի 20-ին Հայաստանի փոխադրող ընկերությունների միության (ՀՓՄ) կողմից Երեւանի քաղաքապետարան ներկայացված սակագների վերանայման մասին հայտադիմումը: Միությունում ընդգրկված է 50 ընկերություն, որոնք սպասարկում են 100-ից ավելի երթուղի՝ հիմնականում մայրաքաղաքային նշանակության:
Նկատենք, որ քաղաքացիների համար խիստ կարեւոր հարցը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակավորապես սառեցվեց, քանի որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կվնասեր ՀՀ իշխանությունների վարկանիշին: Ընտրություններից հետո, թերեւս, նման խնդիր այլեւս չկա, ուստի վերոնշյալ երկու գերատեսչություններում էլ տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը կրկին քննարկվում է:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ այս դիմումի շուրջ քննարկումներն ընթանում են ոչ միայն Երեւանի քաղաքապետարանում, այլեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, որի եզրակացությունը որոշումն ընդունելիս եւս վճռորոշ նշանակություն կունենա: Թե ե՞րբ կավարտվեն այդ քննարկումները՝ պարոն Նավասարդյանը դժվարացավ նշել, քանի որ, ըստ նրա, հանրային տրանսպորտի սակագների փոփոխության խնդիրը նոր չէ եւ ամենեւին պայմանավորված չէ ապրիլյան գազի թանկացմամբ: Հարցն արդեն մեկ տարի է՝ քննարկվում է կառավարությունում, տարբեր անկախ աուդիտորական ընկերությունների կողմից կատարվում են ուսումնասիրություններ ու հաշվարկներ: Իսկ թե ինչո՞ւ են ուսումնասիրություններն ու հաշվարկներն այդքան երկար տեւում, ըստ պարոն Նավասարդյանի, կարելի է պայմանավորել ամեն ինչով, բայց ոչ Երեւանի քաղաքապետի ընտրություններով. «Տրանսպորտի թանկացման հարցը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ»:
Մինչդեռ Հայաստանի փոխադրող ընկերությունների միությունում հակառակ կարծիքին են: Միության նախագահ Գագիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սակագների վերանայման հարցը քաղաքապետարանի կողմից արհեստականորեն ձգձգվում էր. «Ու եթե հիմա, ընտրությունների ավարտից հետո, 10-15 օրվա ընթացքում նոր քաղաքապետը խնդիրը չլուծեց, ուրեմն ամբողջ մեղքն ընկնելու է իր վրա: Ես արդեն չգիտեմ, թե ինչպես բողոքենք, ինչ է՝ պետք է անպայման միտինգների՞ դուրս գանք, այն էլ այս փխրուն ներքաղաքական իրավիճակում»: Փոխադրողների միության նախագահի պնդմամբ, անկախ բրիտանական աուդիտորական ընկերության արած հաշվարկներով, երթուղային տաքսու դեպքում 1 հոգու փոխադրման ինքնարժեքը կազմում է մոտ 200 դրամ, սակայն իրենք համաձայն են 150-ին էլ՝ հաշվի առնելով բնակչության ծանր սոցիալական վիճակը: Մինչդեռ քաղաքապետարանի կողմից արված հաշվարկներով այդ թիվը շատ ավելի փոքր է՝ 87 դրամ, ստացվում է, որ թանկացումների կարիք, երթուղայինների մասով, չկա: Այդուամենայնիվ, մայրաքաղաքի տրանսպորտի գլխավոր պատասխանատուն եւս ընդունում է, որ այսօր երթուղային տաքսիների գծատերերը կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ՝ կապված մեքենաների պարկի մաշվածության, պահեստամասերի թանկացման եւ վարկային միջոցների բացակայության հետ:
Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա այս դեպքում էլ քաղաքապետարանն է մեծ թիվ հաշվարկել, ըստ այդմ՝ «Բոգդան» ավտոբուսներով 1 հոգու փոխադրման ինքնարժեքը կազմում է մոտ 140 դրամ, ասել է թե՝ ավտոբուսներն աշխատում են վնասով: Այդ պնդմանն էլ չի հավատում ՀՓՄ նախագահը, հարցնելով. «Բա այդ վնասն ումի՞ց են հանում»: Այս հարցը, ի դեպ, տրանսպորտի վարչության պետը վերահասցեագրեց կառավարությանը:
Շարքային վարորդների անունից բողոքող Փոխադրողների միության նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ երթուղային տաքսու վարորդն օրական վաստակում է ընդամենը 3-4 հազար դրամ, ինչով ապրելն ուղղակի անհնար է: Մեր նկատառմանը՝ եթե այդքան մտահոգված են վարորդների համար, թող նվազեցնեն օրական պլանը՝ Գ. Մկրտչյանը հակադարձեց. «Այդ դեպքում ես ինչպե՞ս կատարեմ իմ բոլոր հարկային պարտավորությունները: Հավատացեք, մենք այսօր գերշահույթներ չենք ուզում, ուզում ենք պարզապես նորմալ աշխատանքային պայմաններ, որ ե՛ւ բիզնեսը չտուժի, ե՛ւ աշխատողները գոհ լինեն»: Իսկ դրա համար, ըստ ՀՓՄ նախագահի, անհրաժեշտ է, որ առայժմ, գոնե 1 տարով, պետությունը սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները եւ թեթեւացնի հարկային բեռը, այնպես, ինչպես արվեց Ռուսաստանում: Մինչդեռ մեզ մոտ, ըստ նրա. «Հենց փորձում ես բողոքել, անմիջապես սկսում են հարկայինի միջոցով վախեցնել, շանտաժի ենթարկել, ասելով՝ խելոք նստեք-մնացեք, թե չէ՝ երթուղին ձեր ձեռքից կվերցնենք»: