Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հրաժարակա՞ն կտա

Հունիս 10,2009 00:00

\"\"Կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ իրենց տեսակետները հայտնեցին ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Վ. Բոստանջյանի կարծիքով, այդ օրինագիծը չի համապատասխանում առողջ դատողությանը: Նրա խոսքերով, չի բացառվում, որ այդ օրինագծի քվեարկությանը ԲՀԿ-ն չմասնակցի: Վ. Բոստանջյանը հավելեց, որ չնայած ՀՀԿ-ի կողմից առաջարկած որոշակի փոփոխություններին, իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Այդ փոփոխությունները երբեւէ չեն կարող ապակողմնորոշել մեզ նման մտածողներին: Այդ օրինագիծը հակասում է ՀՀ սահմանադրության 5-րդ եւ 6-րդ հոդվածներին»: Ա. Թեւանյանն էլ վստահեցրեց, որ ինքը դեռեւս երկու տարի առաջ էր կանխորոշել Հայաստանում միակենտրոն տնտեսական համակարգ ձեւավորվելու մասին. «Իմ կարծիքով, մեծ բյուջեի քաղաքականություն հայտարարելով՝ իշխանությունը նպատակ է հետապնդում իր ձեռքում հավաքել ամբողջ տնտեսությունը, ինչը կիրականացնի ստվերային տնտեսության պայքարի դրոշի ներքո, մինչդեռ իրականում իշխանությունները իրականացնում են սեփականության վերաբաշխում»: Նրա համոզմամբ, այդ քաղաքականության զոհերը առաջին հերթին դարձան փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները. «Այս տարվա պետական վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսության բոլոր ոլորտներում նկատվում է անկում, բացառություն է կազմում միայն մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտը»: Տնտեսագետի ներկայացմամբ, կառավարության վարած քաղաքականությունը հուշում է, որ իշխանությունների գործունեությունը ոչ թե ստվերային տնտեսության դեմ է, այլ՝ ստվերի վերաբաշխման: Ըստ Ա. Թեւանյանի, «իշխանությունները փորձում են իրենց հայեցողությամբ տնօրինել բյուջեն: Նրանք բիզնեսի որեւէ շերտի ընկալման տրամաբանություն չունեն»:

Վ. Բոստանջյանը համաձայնեց նախօրեին ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի այն կարծիքին, թե «օրինագծի փոփոխությունները կառավարության հարկային քաղաքականության ձախողված լինելու վկայությունն են»: Իսկ հարցին, թե արդյո՞ք այդ ձախողումը չի ենթադրում, որ վարչապետը հրաժարական կտա, պատգամավորը պատասխանեց. «Ուզում եք հենց դա՞ ասեմ: Մտածեք, որ ասացի»:

Նույն հարցի առնչությամբ էլ Ա. Թեւանյանը նշեց. «Վարչապետի աշխատանքի դադարեցում ոչ մի դեպքում չի լինի, քանի որ այդ կվկայի նախագահի թույլ լինելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել