Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ ՏԵԽՆՈՔԱՂԱ՞Ք ԵՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ

Հունիս 10,2009 00:00

Նման լավատեսական մտահղացումներով՝ Գյումրի էր ժամանել փոխվարչապետի շքախումբը

Երեկ Գյումրի ժամանած պաշտոնյաները՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, նախեւառաջ մասնակցեցին Գյումրիի տեղեկատվական կենտրոնի բացման արարողությանը, որը տեղակայված է Վարպետաց փողոցում՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի շքեղ առանձնատան դիմաց: Այնուհետեւ շրջեցին այն բոլոր գործարաններն ու կառույցները, որտեղ հնարավոր է տեղադրել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հեղինակած տեխնոպարկը: Այդ կառույցների թվում էր Սլաբոդկա թաղամասում գտնվող Գյումրիի նախկին փոստատան շենքը, որը վերանորոգելու համար առնվազն 7,5 մլն դրամ է պահանջվում, եւ, ըստ Ն. Երիցյանի, այնտեղ տեղադրվելու են ոսկերչական լաբորատորիա, գրադարան, մի խոսքով՝ բիզնես-կենտրոն են հիմնելու եւ շենքը առանձին կազմակերպությունների վարձով են տալու: Շքախմբի հաջորդ կանգառը Գյումրիի մանվածքային ֆաբրիկան ու հղկող հաստոցների գործարանն էր: Նշենք, որ թե մեկը, թե մյուսը գտնվում են ողորմելի վիճակում՝ պարտքերի մեջ խրված ու թալանված: Հղկող հաստոցների գործարանը 3 մլն դրամ պարտք ունի հարկայինին ու կենսաթոշակային ֆոնդին, այդ պատճառով նպատակադրվել են գործարանը լուծարել: Իսկ մանվածքային ֆաբրիկայի բնութագիրը միանգամից տվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ֆաբրիկայի տնօրեն Պետրոս Ավագյանին տեսնելուն պես՝ ասաց. «Քաղաքի փողը ձեր ձեռքերում էր, միլիարդատեր էիք, բա էդ ի՞նչ էղավ մանվածքային ֆաբրիկան», եւ հանձնարարեց՝ «Հլը մի հատ մոտս կգաս»:

Վ. Ղուկասյանը չմոռացավ նաեւ Հղկող հաստոցների գործարանի տնօրենին: Նրան էլ մի կողմ քաշեց ու ասաց. «Անկեղծություն ունեցի, ասա, էդ ի՞նչ պարտքեր են կուտակվել»: Պաշտոնյաները եղան նաեւ Գյումրիի Սավոյան փողոցում, որտեղ, կարելի է ասել, նրանց իսկական փորձություն էր սպասվում: Փողոցն այնքան ավերակ էր, որ նախարարների թանկարժեք մեքենաները հազիվ էին տեղաշարժվում: Մի՞թե այսպիսի ավերակ փողոցում պետք է հիմնադրեն տեխնոպարկը, ո՞ր ներդրողը կհամաձայնի սեփական փողերը ջուրը լցնել: Լրագրողների այս հարցին Ն. Երիցյանը պատասխանեց. «Փողոցը միշտ հո էդպես չի՞ մնալու, թաղամասի բարեկարգումը միանշանակ պետք է լինի, կարո՞ղ է Գյումրիում փողոց պետք է մնա, որ բարեկարգված չլինի»: Իսկ ֆինանսավորման աղբյուրներ կա՞ն, թե՞ սա մի ուտոպիական ծրագիր է, շարունակեցին հետաքրքրվել լրագրողները: «Տարբեր աղբյուրներ կան, ես հիմա չեմ կարող ասել, որովհետեւ որոշում չկա: Եթե մենք համաձայնենք գաղափարի շուրջ, ամեն ինչ լավ կլինի»,- հուսադրեց նախարարը: Մենք նրան խնդրեցինք պարզաբանել նաեւ Շիրակի մարզի բիզնեսմեններին հուզող մի քանի հարցեր: Մասնավորապես այն, թե ինչպե՞ս է լինում, որ հակաճգնաժամային վարկեր տրամադրում են անհայտ ձեռնարկություններին: Օրինակ, Շիրակի մարզից վարկավորման ցանկում որպես ՓՄՁ ընտրված է Մարալիկի փլուզված, վաղուց գոյություն չունեցող պանրի գործարանը՝ «Անի կաթ» ՓԲԸ-ն: Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընկերությանը տրամադրվել է 21 մլն դրամ: Սա, բնականաբար, առաջացրել է գործող ձեռնարկատերերի զայրույթը, որոնք ճգնաժամի պատճառով կանգնել են արտադրանքի իրացման խնդրի առջեւ: Հարցին նախարարն այսպես պատասխանեց. «Եթե աշխատող ձեռնարկություն է, ինքը պիտի կարողանա իրեն ֆինանսավորել, մենք կօժանդակենք այն ձեռնարկություններին, որոնք նոր բիզնես կբերեն, նորարարություն կբերեն, նոր լիդերներ կբացահայտեն մարզերում: Գործող ընկերություններն իրենց խնդիրներն ունեն, պիտի կարողանան դրանք լուծել, փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը՝ նոր բիզնես-լիդերների, նոր հնարավորությունների բացահայտումն է, եւ ֆինանսները ուղղել այն ոլորտները, որոնք կկարողանան նոր տիպի աշխատատեղեր ձեւավորել»: Իսկ երբ լրագրողները անդրադարձան նաեւ Գյումրիում իրենց գործունեությունը դադարեցրած 300-ից ավելի սպասարկման օբյեկտների խնդրին, նախարարը միանգամից պաշտպան կանգնեց պետության հարկային քաղաքականությանը, հայտարարելով, որ այդ քաղաքականությունը չի կարող պատճառ հանդիսանալ ընկերությունների փակման համար, իսկ ճգնաժամը, ըստ նրա, միգուցե ազդել է: «Դրան զուգահեռ, նոր ընկերություններ են բացվել, որոնք չեք վկայակոչում, իսկ ամբողջ աշխարհում նորմալ բան է, որ 200 ընկերություն փակվի, մի էդքան էլ բացվի, դա առողջ երեւույթ է»,- ասաց Ն. Երիցյանը՝ խոստանալով նորաբաց ընկերությունների թիվը ճշտել եւ տեղեկացնել լրագրողներին:

Թեեւ, ըստ նախարարի, Գյումրիում նոր ընկերություններ ու նոր աշխատատեղեր են բացվում, սակայն, միայն պաշտոնական տեղեկատվության համաձայն, քաղաքում գործազուրկների թիվը ամսեամիս ավելանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել