համաներման առաջարկով
Եվ կազմակերպելու է քննարկումներ ԼՂ կարգավորման խնդրի վերաբերյալ
Երեկ անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն սկսեն քաղաքական խորհրդակցություններ՝ ընդդիմադիր դաշտի ամբողջականացման եւ միասնականացման խնդրի լուծման նպատակով, ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ կոալիցիայից դուրս գալուց հետո Դաշնակցությունը «Ժառանգությանն» առաջարկել է խորհրդարանում քննարկվող օրինագծերի վերաբերյալ անցկացնել կանոնակարգված խորհրդակցություններ: Սակայն խորհրդարանական ձեւաչափից դուրս՝ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ վարելը ՀՅԴ-ն աննպատակահարմար է համարում: Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ քաղաքական դաշտում ՀՅԴ տեղը լիովին պարզ է. «Մենք ազգային կուսակցություն ենք, եւ մենք իշխանության հետ մեր անհամաձայնությունն ենք հայտնել հենց ազգային հարցերում»: Հավելել է. «Մենք պետք է որոշենք ազգային հարցերի վերաբերյալ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի դիրքորոշումները ու միայն դրանից հետո կարելի է մտածել այլ քաղաքական համագործակցության մասին: ՀԱԿ-ի դիրքորոշումը մեր սրտով չէ, եւ մեզ համար մի փոքր անհասկանալի է, թե որ հարցերի շուրջ է առաջարկվում խորհրդակցություններ անցկացնել»:
ՀՅԴ բյուրոյի անդամը նաեւ հայտնել է, որ մոտ մեկ ամիս հետո Դաշնակցությունը կազմակերպելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ քննարկումներ: Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ քննարկումներին կմասնակցեն բոլոր հետաքրքրված կողմերը, այդ թվում՝ նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը. «Հուսով եմ, որ այդ քննարկումներից հետո մենք կհասկանանք, թե որքան մոտ են այդ հարցի վերաբերյալ «Ժառանգության» ու մեր դիրքորոշումները: Եվ միայն դրանից հետո որոշում կընդունենք` արդյոք մենք կարո՞ղ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցել «Ժառանգության» հետ»:
Նա անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի հայտարարությունից հետո սկիզբ առած գործընթացին եւ ասել է. «Այն գործընթացը, որը սկսվել է համաներում հայտարարելու համար, պետք էր սկսել դեռ մի քանի ամիս առաջ»: Վահան Հովհաննիսյանն ասել է, որ համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Ես զրուցել եմ նախագահի հետ եւ նրան ներկայացրել եմ համաներում հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը: Եթե այսօր անհրաժեշտություն կա գրավոր դիմել նախագահին, ապա մենք դա կանենք»,- հայտնել է Վ. Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, նախագահն այդ հարցը պետք է քննարկի քաղաքական ուժերի հետ. «Կարծում եմ, որ նախագահը համաներման հարցը կքննարկի ե՛ւ կոալիցիոն, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ»: