Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Հունիս 10,2009 00:00

\"\"Հատվածներ «Սիվիլիթաս» հիմնադրամի երեկ կազմակերպած «Ընտրական իրավունքը» թեմայով քննարկումից

«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյան. «Ես չեմ ուզում մենք այսօր քննարկենք, թե վերջին ընտրությունների ընթացքում ինչ է տեղի ունեցել, որովհետեւ կարծեմ՝ այս հարցում մենք ընդհանուր մոտեցում ունենք առ այն, որ նորմալ ընտրություն չենք անցկացրել: Եվ ի դեպ ասեմ, որ 1991 թվականի բացառությամբ՝ երեւի թե մենք իրոք արդար ընտրություններ չենք ունեցել Հայաստանում: Այդ են վկայում միջազգային դիտորդների զեկույցներն ու նաեւ մեր տեղական դիտորդների գնահատականները: (…) Եթե չկան ազատ ընտրություններ՝ մենք երբեք չենք կարողանալու սահմանադրականորեն պահանջված ճիշտ հակակշիռներ ստեղծել մեր հասարակությունում ու քաղաքական համակարգում: Եթե չկան այդ ճիշտ հակակշիռները՝ մենք չենք կարող ունենալ արդար դատարաններ, ազատ մամուլ: (…) Եթե մենք չունենք ազատ, արդար ընտրություններ՝ նշանակում է, մենք չունենք ժողովրդավարություն: Այսինքն՝ երկու ընտրությունների արանքում, այդ ժամանակահատվածում մենք ինչ էլ անենք՝ շինծու եւ կեղծ ժողովրդավարություն է: Իսկ շինծու ժողովրդավարությունն, իմ կարծիքով, շատ ավելի վտանգավոր է, քան ժողովրդավարության իսպառ բացակայությունը, քանի որ կեղծ ու շինծու ժողովրդավարությունն առաջացնում է ոչ իրականանալի ակնկալիքներ հասարակության մեջ: Երբ վերջում այդ ակնկալիքները չեն իրականանում՝ ժողովրդի մոտ շատ ավելի խորը հիասթափություն է առաջանում: (…) Ազատ արդար ընտրությունների ինստիտուտ ունենալը ենթադրում է երկկողմանի ճանապարհ: Այստեղ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը պատասխանատվություն ու պարտավորություններ ունեն: Նախ՝ ընդդիմությունն ընտրությունները չպետք է դիտարկի միայն ու միայն որպես նախկին իշխանություններից ձերբազատվելու ճանապարհ: Այսինքն՝ ընդդիմությունն արդեն ավանդույթ դարձած` նախկիններին դատե՜լ, նստացնե՜լ, սեփականությունը ձեռքից խլե՜լ, այդ ռետորիկայից պետք է հրաժարվի: Որովհետեւ այդ ռիտորիկան շատ ավելի բարդացնում եւ դժվարացնում է ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Ընդդիմությունն ընտրությունները պետք է դիտարկի որպես իր մասնակցությամբ մեր հասարակությունում եւ քաղաքական դաշտում իշխանական ճիշտ հակակշիռներ ստեղծելու միջոց: Բայց որպեսզի դա տեղի ունենա՝ իշխանություններն էլ պետք է արդեն հասկանան կամ սկսեն դիտարկել արդար ընտրությունները իբրեւ ոչ սպառնալիք իրենց ե՛ւ սեփականությանը, ե՛ւ կյանքին: Այսինքն՝ իշխանությունները պետք է հանդուրժեն ազատ, արդար ընտրությունները, որպես միջոց ճիշտ հակակշիռներ ստեղծելու համար: Խոսքս ամփոփելու համար ասեմ, որ ազատ, արդար ընտրությունների ինստիտուտը ինչ-որ տեսական արժեք չէ, ձեւական պահանջ չէ, որ մեր առաջ դրվում է միջազգային կառույցների կողմից, Եվրոպայի կողմից: Նրանք դա անում են իրենց փորձից ելնելով: Այլ ճանապարհ պարզապես չկա՝ պետությունների կայացման եւ ժողովուրդների բարգավաճման»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան. «Ցավոք, քաղաքական համակարգը վերջին 16-17 տարիների ընթացքում իր առջեւ ավելի շատ խնդիր է դրել ստեղծել նյութականացված հասարակություն, նյութական մարդ, որովհետեւ այդպիսի մարդը, հասարակությունն ավելի հեշտ է կառավարվում։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք, երբ ընտրողների մի ստվար զանգված պատրաստ է 5-10 հազար դրամ վերցնել եւ քվեարկել։ Ինձ մոտենում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ եւ ասում՝ ինչպե՞ս մենք կարող ենք այս պայմաններում ընտրություններից խոսել, եթե գաղափարախոսությունն ենք ցանկանում ընտրողներին հասցնել, իսկ իրենք ասում են՝ ինչքա՞ն եք տալու։ Բայց սա ոչ թե մեր քաղաքացին է մեղավոր, այլ քաղաքական համակարգը: (…) Եթե մշտապես քվեարկության ժամանակ իշխանությունը հաղթում է, եւ մշտապես ընդդիմությունը պարտվում է, ապա սա բնական օրինաչափությունից պարզապես հեռացնում է, որը մեզ դատապարտում է երկարատեւ ժամկետային տեսակետից՝ կամաց-կամաց, դանդաղ, չգիտեմ ինչ ձեւով, բայց նույնիսկ ընդհուպ մինչեւ ոչնչացման, քանի որ տեսակը չի կարող չկատարելագործվելով իր համար ապագա կերտի: (…) Միգուցե սխալվում եմ, բայց այն ընտրազանգվածը, որ չեկավ ընտրությունների` ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր զանգվածն է: Եվ սա, կարծում եմ, ահազանգ էր մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար։ Ընդդիմադիր հասարակական զանգվածը, ցավոք, ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ չտեսավ իշխանությանն այն այլընտրանքը, որ կցանկանար տեսնել, այսինքն՝ այս տեսակետից ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընդդիմադիր զանգվածին: Ես, որպես մարդու իրավունքների պաշտպան, մշտապես շփվում եմ ժողովրդի հետ, եւ, իմ կարծիքով, Երեւանի բնակչության մոտ կեսը ընդդիմադիր է, եւ այդ մոտեցումը չի փոխվել: Բայց նրանց մեծ մասը չգնաց ընտրությունների: (…) Այս ընտրությունները ոչինչ չփոխեցին, ցույց տվեցին, որ մենք ինչպես եղել ենք՝ այնպես էլ շարունակում ենք մնալ: Եվ այդ տեսակետից մի վտանգավոր բան կա. անտարբերանում է հասարակությունը: Իսկ դա ավելի վտանգավոր է, քան եթե նա լինի ընդդիմադիր: Պատմաբանները նշում են, որ Բյուզանդիայի անկման հիմնական պատճառներից մեկը հենց իր հասարակության անտարբերությունն էր սեփական պետության նկատմամբ: (…) Քաղաքական ուժերը դրա համար էլ են պատասխանատվություն կրում. ոչ այնքան տեսնում ենք ժողովրդավարության համար պայքար, որքան իշխանության համար պայքար: Ժամանակն է, որ քաղաքական ուժերը հասկանան, որ իրենք միասնական մեկ համակարգի մաս են: Եվ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ նույն դերակատարությունն ունեն, ինչ իշխանականը: Բոլորի հիմնական դերակատարությունն այն է, որ լինեն միջնորդ հասարակության եւ պետության միջեւ: (…) Այս իրավիճակի համար բոլորն էլ հավասար մեղավոր, պատասխանատու են: Ուրիշ բան՝ ումից ավելի շատ բան է կախված։ Իհարկե՝ իշխանությունից ավելի շատ բան էր կախված, որովհետեւ իշխանության ռեսուրսներն ավելի շատ են: (…) Մեր քաղաքական բոլոր ուժերը պարտք են այս հասարակությանը: Եվ եթե այսօր այնպես է ստացվել, որ ՀՀԿ-ն է այդ պատասխանատվությունն ավելի շատ կրում, քանի որ իշխանություն է՝ դրանից առաջ էլ մի այլ ուժ էր: (…) Այնպես չլինի՝ որ օրը մեր ոտը տրորեցին, մենք արդեն սկսեցինք ճիշտ բաներ խոսել»:

Հ. Գ. Քննարկման ժամանակ հնչեցին շատ հետաքրքրական այլ ելույթներ էլ: Ասենք, «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց. «Իշխանությունը շատ ավելի անկեղծ է հասարակության նկատմամբ, քան այս պահին մենք ենք: Իշխանությունը բացարձակ հայտարարում է՝ ես թույլ չեմ տա Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխվի»: Ըստ նրա՝ «իշխանությունը հստակ գծեց, որ միակ ձեւն իշխանություն վերցնելու՝ սա է. պետք է խաղաք այս կանոններով, այսինքն՝ հակազդող ուժի սկզբունքով: Հեղափոխության մասին չէ խոսքը, բայց ինքն ուրիշ ճանապարհ չի թողնում»: Եվ նշեց. «Պետք է ժողովրդական հզոր շարժում եւ չուտել այն կուտը, որ իշխանությունն ասում է՝ դու պիտի սահմանադրորեն պայքարես իմ դեմ, այն դեպքում՝ երբ որ ինքը հակասահմանադրորեն է պայքարում»: Ի պատասխան՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Հեղափոխական մոտեցումներին դեմ եմ, բայց հասարակական ինչ-որ ահազանգ պետք է լինի, թեկուզ մի շարժում, որի շուրջ համախմբվեն բոլորը, քանի որ այստեղ շահերն ընդհանուր են… Իսկապես հնարավոր չէ այսպես շարունակել: 1, 2, 3, 4, 5, արդեն 8-րդ անգամ նույն բանը կրկնվում է: Վերջիվերջո՝ ինչ-որ մի պոռթկում է լինելու: Կարծում եմ՝ այս ընտրություններից հետո իսկապես միգուցե այդ պահը եկել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել