Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ հայաստանյան հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ակտիվ դերակատարության շնորհիվ: Բաղկացած կոալիցիայի եւ ընդդիմության երկուական եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցչից, խումբն աշխատեց շուրջ վեց ամիս՝ կենտրոնանալով հիմնականում մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վրա։ Փաստահավաք խմբի աշխատանքը բարձր է գնահատվել ու նրա հույժ կարեւորությունը շեշտվել է ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւում։
Ապրիլին Փաստահավաք խումբը ԱԺ խորհրդարանական հանձնաժողովին հանձնեց սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին առաջին գրավոր զեկույցը, որում հավաքված փաստական նյութը գլխիվայր էր շրջում մինչ այդ իշխանության կողմից շրջանառվող վարկածը։ Աշխատանքը շարունակելու դեպքում կարճ ժամանակում նույն հանձնաժողովին պետք է ներկայացվեին եւս մի քանի զեկույց՝ մյուս սպանվածների մասով։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վ. Ստեփանյանի (խմբի ղեկավարի) նախաձեռնությամբ, ապա իշխանության՝ նրան միացած մյուս երկու անդամների՝ Ռ. Ավագյանի եւ Գ. Թովմասյանի մասնակցությամբ մայիսին շուրջ երկու շաբաթ խաթարվեց Փաստահավաք խմբի աշխատանքը, ապա նրանք ընդհանրապես հրաժարվեցին աշխատանքի ներկայանալ։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. Փաստահավաք խմբի լուծարումը վարչախմբի բացահայտ կապիտուլյացիան է այն անառարկելի փաստերի առջեւ, որ բացահայտվում էր խմբի աշխատանքի շնորհիվ՝ եւ ինչը արդեն մեկուկես տարի ամեն կերպ ջանում է պարտակել վարչախումբը։ Իշխանությունն այս քայլին կարող էր գնալ միայն մի դեպքում, եթե Փաստահավաք խմբի արդեն իսկ հավաքած փաստերը պետք է աներկբա վկայեին մարտի 1-ի իրադարձությունների, մասնավորապես՝ սպանությունների մեջ իշխանության պաշտոնաթող, ինչպես նաեւ ներկա բարձրագույն պաշտոնյաների հանցակցությունը»։