ԱՄՆ-ն զերծ է մնում մեկնաբանություններից Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունների վերաբերյալ, թեեւ գրանցել է խախտումների եւ կեղծումների դեպքեր, ըստ «Նովոստի Արմենիի», երեկ լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ «Ընտրությունների օրը դեսպանատան դիտորդները հետեւել են քվեարկության գործընթացին ընտրատեղամասերում եւ փողոցներում։ Մենք հանդիպել ենք խախտումների, կեղծումների, վախեցնելու դեպքերի՝ ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկման ժամանակ»,- ասաց Յովանովիչը։ Ինչպես նշել է դեսպանը, ավելի ուշ ԱՄՆ-ն հանդես կգա ավելի բազմակողմանի հայտարարությամբ։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը դրական գնահատեց Երեւանի ավագանու խորհրդի քվեարկության անցկացման ու ընտրությունների գործընթացը։ «Ընտրությունների արդյունքներն ամփոփվել են ընդամենը 2 օր առաջ, եւ մենք առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն տվյալ առնչությամբ չենք արել, սակայն ես լսել եմ, որ եղել են խախտումներ ու գրանցվել են խնդիրներ։ Մենք տեղյակ ենք նաեւ, որ ընտրվել են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հրաժարվել են իրենց մանդատներից։ Սակայն այս հարցի շուրջ ավելին մենք կասենք, երբ պատրաստ լինենք»,- ասաց Գորդոնը:
Ֆիլիպ Գորդոնը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ, ըստ «Մեդիամաքսի», հայտարարել է, որ դրանց «կարգավորումը պետք է տեղի ունենա ողջամիտ ժամկետներում եւ առանց որեւէ նախապայմանների»: Ֆիլիպ Գորդոնն ընդգծել է, որ «հայ-թուրքական երկխոսությունը չպետք է կապվի այլ հարցերի հետ»: Մեկնաբանելով «ողջամիտ ժամկետներ» բառակապակցությունը՝ պետքարտուղարի օգնականը նշել է, որ կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Հայաստանն ու Թուրքիան: «Կողմերը հասկանում են, որ գործընթացը չի կարող անվերջ շարունակվել: Նրանք գիտակցում են առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում նշանակվել է ընդամենը 2 շաբաթ առաջ, եւ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան այցելելու իր որոշումը պայմանավորված է եղել այն «պատմական զարգացումներով», որոնք տեղի են ունենում տարածաշրջանում: Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվում է «բառացիորեն ամեն օր»:
«Իմ իրավասությունները վերաբերում են 50 երկրների եւ 3 միջազգային կազմակերպությունների, սակայն պետք է ասեմ, որ իմ պաշտոնավարման ողջ ընթացքում ես շատ ավելի մեծ ուշադրություն եմ դարձրել ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին: Դրա պատճառներից մեկն այն է, որ երբեմն երկրները մեզ վստահում են ավելի շատ, քան միմյանց: Մնում է հուսալ, որ կողմերը բաց չեն թողնի առկա պատմական հնարավորությունները»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը: