Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարում էինք ամբողջ պետական լծակի դեմ»

Հունիս 10,2009 00:00

Երեկ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է գալիս միայն այն դեպքերում, երբ լրագրողներին ասելիք ունի կամ շատ կարեւոր հարկային փաթեթ է քննարկվում: Երեկ էլ, Ազգային ժողովի քառօրյա նիստից առաջ, ԱԺ նախագահի մոտ տեղի է ունեցել խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություն, որի ժամանակ, մեր տեղեկություններով, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները խստորեն հայտարարել են, որ ոչ մի դեպքում կողմ չեն քվեարկելու կառավարության ներկայացրած հարկային այն փաթեթին, որը այս օրերին քննարկվում է խորհրդարանում: Արդյունքում, հարկային փաթեթի քվեարկությունը խորհրդարանը հետաձգել է անորոշ ժամանակով: Ի դեպ, այս փաթեթի մասին Գագիկ Ծառուկյանը երեկ ասաց. «Քանի որ ես ունեմ մի քանի խոշոր գործերի բաժնետոմսեր, դրա համար ես չեմ խոսում, որ ավել-պակաս խոսակցություններ չլինեն: Միշտ ասում են, չէ՞, Ծառուկյանը հարկեր չի տալիս, դրա համար չեմ խառնվում, ես մի անգամ ասել եմ՝ իմ տարեկան օգուտը կազմում է 35-40 միլիոն դոլար, միայն շահույթը: Այսօր թող որեւէ խոշոր գործարար գնա լրացնի դեկլարացիա, որ մեծ-մեծ խոսում են: Դրա համար ես չեմ խառնվել, ասել եմ, որ բոլոր իմ կուսակից ընկերները, պատգամավորները ազատ են իրենց որոշման մեջ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ Երեւանի ավագանիում իր ղեկավարած կուսակցությունը կոալիցիա չի կազմելու Հանրապետականի հետ. «Մենք քաղաքային իշխանությունում կոալիցիա չենք կազմելու: Իրենք (նկատի ունի Հանրապետականին- Մ. Ե.) վերցրել են, հաղթել են, իրենք էլ պետք է պատասխան տան, իրականացնեն իրենց խոստումները եւ ծրագրերը: Իսկ մենք հետեւողական ենք լինելու ժողովրդի փոխարեն»: Լրագրողներից մեկը նկատեց, որ Նուբարաշեն համայնքի ղեկավարը մինչ այժմ ԲՀԿ-ական էր, ի՞նչ է լինելու այս դեպքում. «Եթե հարկ լինի, կարող ենք դա էլ հանձնել»: Լրագրողները ուղղակի հարց տվեցին՝ չի՞ նշանակում այս ամենը, արդյոք, որ «Բարգավաճ Հայաստանը» դառնում է ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանը հարցին հարցով պատասխանեց. «Այդպիսի բա՞ն ես դու նկատել, որ ընդդիմության կերպա՞ր ենք երեւում»: Խոսեց նաեւ ընտրակեղծիքների մասին, ասաց, որ «ընտրակեղծիքներ եղել են», եւ դատախազությունը դրանցով է զբաղվում:

Ասաց նաեւ, որ «Բարգավաճ Հայաստանը» գոհ է ժողովրդի վստահությունից. «Միայն մենք ամբողջ պետական լծակի դեմ էինք պայքարում, բոլորդ էլ գիտեք, բայց ամենակարեւորը՝ ժողովրդի մեջ կա վստահություն, հավատ, մենք էլ պետք է կարողանանք աշխատել, որ այդ վստահությունը արդարացնենք. ամենաթանկ բանը ժողովրդի հավատն ու վստահությունն է»: Հարցին՝ դժգո՞հ է «Բարգավաճ Հայաստանը» ընտրությունների արդար, թափանցիկ ընթացքից, ԲՀԿ նախագահը երկիմաստ պատասխան տվեց. «Դե, ո՞նց ասեմ, լիարժեք դժգոհ չենք, բայց որ իրոք գոհացուցիչ չի եղել, դա այդպես է եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել