Այսպես է բնութագրում փաստահավաք խմբի ոդիսականը Սեդա Սաֆարյանը
«Իր հրամանագրով նախագահն արդեն ամեն ինչ ասաց: Սա պարզապես խայտառակություն էր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Փաստահավաք խումբը լուծարելու մասին նախագահի հրամանագրին այսպես արձագանքեց խմբի «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը: Սեդա Սաֆարյանը հակված է կարծելու, որ խմբի շուրջ եւ հետ մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները նախապես մշակված սցենարի շրջանակներում էին, որոնք իրենց հանգուցալուծումը գտան Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Ստեղծված իրավիճակում տիկին Սաֆարյանի մտահոգությունը մեկն է՝ ի՞նչ կարգով կարելի է ձեռք բերել արդեն հավաքված տեղեկությունները, ամփոփել այն: Ինչպես հայտնի է, հավաքված բոլոր տեղեկությունները խմբի ղեկավարի աշխատասենյակում «փակված» էին եւ հասանելի չէին խմբի անդամներին: «Չնայած մեր հորդորներին՝ բանալին բերել եւ հանձնել, Վահե Ստեփանյանը նպատակային այդ քայլին չգնաց, որպեսզի հավաքված տեղեկությունները մնան եզակի եւ անհասանելի: Բայց, բնականաբար, կլինի մի ճանապարհ, որ այդ տեղեկությունները մեզ հասանելի դառնան. տեսնենք, կորոշենք, մի բան կանենք»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա համար նախագահի հրամանագիրն անակնկալ չէր. «Վերջին շրջանում ես կանխատեսում էի, որ այդպես էլ լինելու է, որովհետեւ արդեն ամփոփման շրջանում այդպիսի նեղացածի կեցվածք ընդունելը շատ կասկածելի էր: Ցավոք, դա չէր նշանակում, որ այդ անհատներն են նման կեցվածք ընդունել, նրանց սովորեցրել էին: Էդ մանկական խաղերը…… Եթե պարոն Ստեփանյանը կարողանում է առանձին ինչ-որ նկատառումներ ուղարկել Նիկոյանին, ի՞նչն էր խանգարում, որ բերեր այդ նկատառումները միասին քննարկեինք եւ էլի ներկայացներ Նիկոյանին: Մենք հետո ենք իմանում, որ ինքը Նիկոյանին նկատառումներ է ներկայացրել, այն էլ՝ զեկույցի տեսքով: Սա շատ լավ խաղ էր, եւ հասարակությունը, կարծում եմ, կհասկանա, թե ինչն ինչ էր»: Տիկին Սաֆարյանը կարծում է, որ այս պատմությունը հիասթափության եւ հուսահատության մեծ ալիք կբարձրացնի: «Համենայնդեպս, սպանվածների ծնողները մեծ հույսեր էին կապել այս խմբի աշխատանքի հետ, հիմա այդ հույսն էլ մարեց»: Վերջապես՝ «Երեւույթն ինքը տհաճ է: Հարցը նրանում է, որ Հայաստանում հնարավոր չեղավ ինչ-որ մի բան սկսել եւ նորմալ ավարտել, ճշմարտություն ի հայտ բերել: Այս իրավիճակում հասարակությունը չի կարող մտածել, որ հանրապետությունում վստահության մթնոլորտ կարող է ձեւավորվել, կամ որ հնարավոր է արդարադատության առումով ինչ-որ մի բան փոխել»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ «մարդասպանների եւ սպանությունների հանգամանքների բացահայտումը ու պատիժը հասարակական պահանջ է, որը որեւէ աղերս չունի քաղբանտարկյալների ազատ արձակման՝ սպասվող համաներման հրամանագրի հետ: Մարդասպանները չպետք է ընկնեն այդ համաներման տակ»: Նրա տպավորությամբ՝ Փաստահավաք խումբն ի սկզբանե ստեղծված էր արտաքին ճնշումների ներքո եւ միայն իմիտացիա ստեղծելու, ոչ թե իրական փաստերի հավաքագրման ու բացահայտման համար: Նախագահի հրամանագիրն էլ գալիս է ապացուցելու հենց դա: «Եթե նախագահը շահագրգիռ լիներ խմբի արդյունավետ աշխատանքում, ապա ընթացքում պետական տարբեր մարմինները, այդ թվում՝ նաեւ դատախազությունը, չէին միջամտի խմբի աշխատանքներին: Իշխանությունները գուցե ակնկալում են, որ Փաստահավաքի հետ կապված այս ամբողջ պատմությունից հասարակությունը հուսախաբ կլինի: Ամեն դեպքում, իշխանությունները օգտվեցին այն հանգամանքից, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը պարտվեց: Դա հասարակության մեջ, բնականաբար, որոշակի հիասթափություն առաջացրել է: Արդյունքում, հասարակական ճնշումը գուցե թուլացել է, այսօր արտաքին ճնշումն էլ ուղղորդվել է դեպի ղարաբաղյան հարցի կարգավորում, ուստի ներքաղաքական դաշտն այս իմաստով մնացել է բաց. իշխանությունն էլ պահը բաց չթողեց»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը:
Երեկ այս առիթով հայտարարություն է տարածել նաեւ ՀԱԿ-ը, որում մասնավորաբար ասված է. «Փաստահավաք խմբի լուծարումը վարչախմբի բացահայտ կապիտուլյացիան է այն անառարկելի փաստերի առջեւ, որ բացահայտվում էր խմբի աշխատանքի շնորհիվ, եւ ինչը արդեն մեկուկես տարի ամեն կերպ ջանում է պարտակել վարչախումբը: Իշխանությունն այս քայլին կարող էր գնալ միայն մի դեպքում, եթե Փաստահավաք խմբի արդեն իսկ հավաքած փաստերը պետք է աներկբա վկայեին մարտի 1-ի իրադարձությունների, մասնավորապես՝ սպանությունների մեջ իշխանության պաշտոնաթող, ինչպես նաեւ ներկա բարձրագույն պաշտոնյաների հանցակցությունը»: Դատապարտելով Փաստահավաք խմբի կասեցումը՝ ՀԱԿ-ը շարունակում է պահանջել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նաեւ համոզված են, որ արտառոց այս փաստը ճիշտ արձագանք կգտնի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի եւ այլոց կողմից: