Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՓԱԹԵԹԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԴՆԵԼ»

Հունիս 10,2009 00:00

ԱԺ նախագահը երեկ հետաձգեց վիճահարույց հարկային փաթեթի քննարկումը

Խորհրդարանի հերթական քառօրյայի երկրորդ նիստի ժամանակ պատգամավորները լսեցին 2008 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, իսկ այնքան աղմկահարույց հարկային փոփոխություններին վերաբերող փաթեթը այդպես էլ քվեարկության չդրվեց, քանի որ երեկ առավոտյան խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, եւ ԱԺ նախագահին չի հաջողվել համոզել Գագիկ Ծառուկյանին եւ Դաշնակցությանը՝ կողմ քվեարկել այս փաթեթին: ԱԺ նախագահը երեկ հայտարարեց, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվում է, քանի որ կան որոշ չպարզաբանված հարցեր. «Ես որոշել եմ փաթեթը քվեարկության չդնել: Այն գտնվում է քննարկման փուլում, երբ պատգամավորները ընդհանուր եզրահանգման կգան, այն կընդունվի, կամ կառավարությունը ետ կվերցնի օրինագիծը»,- հայտարարեց Հ. Աբրահամյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ կետ առ կետ թվարկեց այն պատճառները, որոնք հաշվի առնելով՝ ինքը չի կարող կողմ քվեարկել ՀՀ 2008 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության օգտին: Ասաց, որ չի կարող կողմ քվեարկել այս բյուջեին, որը գումար է հատկացնում այն ոստիկանությանը, որը բյուջեի գումարների հաշվին «պահմտոցի-բռնոցի է խաղում» խաղաղ մարդկանց հետ Հյուսիսային պողոտայում, կամ. «Ես չեմ կարող քվեարկել այս ծախսի օգտին, որովհետեւ այս ծախսի հաշվին ՀՀ դատարաններում ընդունվել են ապօրինի դատավճիռներ, որոնց արդյունքում Հայաստանը ձեռք է բերել քաղբանտարկյալներ: Դատախազություն՝ 2 միլիարդ 645 միլիոն 386 հազար դրամ, ծախսը կատարվել է 96,4 տոկոսով: Ես չեմ քվեարկի այս ծախսի օգտին, այն դեպքում, երբ դատախազությունը այս գումարների հաշվին իրականացրել է ոչ թե Սահմանադրությամբ վերապահված օրինականության նկատմամբ գործառույթ, այլ՝ անօրինականության նկատմամբ վերահսկողության գործառույթ: Ես չեմ ուզում այդ ծախսերին կողմ քվեարկելով արդարացնել այն աշխատավարձերը եւ այն ծախսերը, որի արդյունքում հատուկ քննչական խումբը հյուսել է մարտի 1-ի գործ, 7-ի հայտնի գործ, եւ որից առ այսօր մենք բոլորս չենք կարողանում ազատվել: Ես չեմ ցանկանում նաեւ կողմ քվեարկել անգամ Ազգային ժողովին հատկացված այն ծախսերի համար, որի արդյունքում մարտի 4-ին մերկապարանոց մեղադրանքով, որը ներկայացվեց դատախազի կողմից, ազատազրկեցին մեր 4 գործընկերներին: Ես չեմ կարող օրինականացնել այս ծախսերը»,- այս հայտարարություններից հետո Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ արտաքին քաղաքականության ոլորտին տրված ծախսերը եւս արդարացված չեն եւ հրապարակեց անցած տարվա ընթացքում ամենից շատ ճանապարհորդած գերատեսչությունների թոփ-տասնյակը. «Նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԳՆ, ՀՀ կառավարության աշխատակազմ, կրթության եւ գիտության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ դատախազություն եւ տասներորդը՝ ֆինանսների նախարարություն: Եվ արդյունքում մենք ունենք ուղղակի բոլորիս «հիացնող» արդյունքները»: Ընդդիմադիր պատգամավորի այս ելույթից հետո ԱԺ կարմիր միջանցքում պարոն Սաֆարյանին մոտեցան երկու այլ ընդդիմադիրներ՝ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը եւ շնորհակալություն հայտնեցին վերոհիշյալ ելույթի համար. «Շատ լավ էր կառուցված»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը:

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ այսօր թուրքական նենգափոխումները բերում են նրան, որ «արդեն լրջորեն սկսում է քննարկվել մի ծիծաղելի բան՝ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծում, որը, իբր, պետք է պատմական իրադարձությունները ուսումնասիրի: Մեկը կարող է մեկնաբանել, որ դա 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման խնդիրն է, իսկ մեկ ուրիշը՝ հատկապես թուրքերը, դա մեկնաբանում են այսպես՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հանրային խորհրդին, կառավարությանը կամ նախագահին կից (ճիշտը, իհարկե, վերջինն է) նման հանձնաժողով ստեղծվի, որպեսզի այդ նենգափոխումները, այն մասը, որոնք ուղղակի վնաս են հասցնում հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ ԼՂՀ պետական ու ազգային շահերին, մենք կարողանանք ժամանակին չեզոքացնել միջազգային ատյաններում եւ ի վերջո՝ մեր սեփական հասարակության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել