ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ ավելի մեծ հասարակական ուշադրություն հրավիրելու համար՝ մշակվել է եւ արդեն օգտագործվում է հատուկ այդ նպատակով ձեւավորված գունավոր ժապավեն: Երեկ այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը: Նրա խոսքերով. «Սա, կարծում ենք, արդյունավետ միջոց կլինի հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք անգամ բազմիցս տուգանվելու եւ գործունեությունը պարբերաբար կասեցնելու պարագայում էլ համառորեն շարունակում են խախտել ՀԴՄ շահագործման կանոնները»: Ըստ Ա. Բեյբությանի, իրականացված աշխատանքների արդյունքում, 2009-ի հունիսի 1-ի դրությամբ, արձանագրվել է 3770 խախտում, որից՝ 1914-ը Երեւանում եւ 1856-ը՝ հանրապետության տարբեր մարզերում: Ա. Բեյբությանի ներկայացմամբ, «մայրաքաղաքի կենտրոնում արդեն արդյունքները շոշափելի են եւ այժմ վարչարարության գործիքներն ուղղվելու են մայրաքաղաքի ծայրամասերի եւ մարզերի տնտեսվարողների ուղղությամբ»: Նշենք նաեւ, որ ըստ Ա. Բեյբությանի, անցած 5 ամիսներին արձանագրված խախտումներով՝ առաջադրվել է մոտ 293 մլն 460 հազար դրամի տուգանք, իսկ անցած տարվա համեմատությամբ՝ ֆիսկալ շրջանառությունն աճել է 30 մլրդ դրամով:
Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, «եթե նախկինում ՀԴՄ կանոնների խախտումներ արձանագրվում էին միայն առեւտրի ոլորտում, ապա այժմ այդ ցանկում ավելանում են նաեւ տուգանքի ենթարկված եւ կասեցված վարսավիրանոցները, հանրային սպասարկման, ավտոսպասարկման եւ բենզալցման կետերը: 5 եւ 10 օրով կասեցվել է Աբովյան փողոցում գտնվող «Մարգարիտ» եւ «Արմֆարմ» դեղատների, ինչպես նաեւ Թումանյան փողոցում գտնվող «Հովիզ» եւ «Մեֆորա» վարսավիրանոցների, նաեւ Դ. Բեկի փողոցում գտնվող «Ռ.Օ.Մ ՕՅԼ» բենզալցակայանի գործունեությունը»: