Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱՂԱԼԻՔ ՉԵՆ»

Հունիս 09,2009 00:00

Երեխաների պաշտպանության կոնվենցիայի ընդունման 20-րդ տարելիցի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ աջակցությամբ երեկ ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիք չեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Քանի որ նոյեմբերի 20-ին լրանում է երեխաների պաշտպանության կոնվենցիայի 20-ամյակը, որոշեցի դրան նվիրված ցուցահանդեսների շարքով իմ ներդրումն ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց լուսանկարիչը:

Ցուցահանդեսում ներկայացված է տարբեր տարիքի երեխաների պատկերող 37 աշխատանք: «Ցուցադրված են երեւանաբնակ երեխաներ: Փորձել եմ ընդգրկել հասարակության տարբեր շերտերի, տարբեր սոցիալական կարգավիճակում գտնվող երեխաների: Կան նաեւ երեխաներ՝ մանկատներից: Նպատակս է, որ երեխաները չօգտագործվեն մեծերի կողմից որպես խաղալիք: Ամեն մի աշխատանքում երեխաներն իրենց սիրելի խաղալիքների հետ են: Լուսանկարների միջոցով դեմ եմ ուզում դուրս գալ երեխան՝ խաղալիք, զբաղմունք լինելու թյուր մտածելակերպին»,- ասաց Վ. Մնոյանն ու հավելեց, որ ցուցահանդեսը նախագիծ է, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 20-ը եւ ավելի ընդլայնված տարբերակով շրջելու է հանրապետության տարբեր քաղաքներով՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Գավառ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին էլ նշեց. «Երեխաների իրավունքների կոնվենցիան իրավական եւ բարոյական գործիք է բոլոր երեխաների իրավունքները առաջ տանելու ու պաշտպանելու համար: Ցուցահանդեսի խորագիրը ասես ուղերձ է հղում բոլոր ընտանիքներին, ծնողներին, ապագա մայրերին, որ չենք կարող վարվել մեր երեխաների հետ՝ ըստ մեր ցանկությունների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել