Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԿՈԼՈԳԻԱՆ՝ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Հունիս 09,2009 00:00

Օրերս Երեւանի Անգլիական այգին լեցուն էր մանուկներով, գեղեցիկ փուչիկներով եւ «Մտածիր կանաչ» կարգախոսով ցուցանակներով: Մեկնարկել էր Հայաստանի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կազմակերպած Համահայկական նկարչական օրը, որն իրականացվում է «Կանաչ սերունդ Հայաստան» քարոզարշավի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարզերից եւ Երեւանից 1500-ից ավելի երեխաներ, որոնք շուրջ 450 սեղանների եւ մոլբերտների վրա նկարում էին իրենց հուզող բնապահպանական խնդիրների մասին պատմող նկարներ: Այս տարի միջոցառմանը մասնակցում էին նաեւ Սփյուռքից երեխաներ, բայց ոչ թե անձնապես, այլ իրենց նկարներով: Կրթօջախներից բերված գունազարդ սեղանները կվերադարձվեն դպրոցներ, որոնց միջոցով երեխաներն իրենց կրտսեր բարեկամներին կիրազեկեն բնապահպանական հիմնախնդիրների մասին: Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անի Եղիազարյանը նշեց. «Ուշադրություն ենք դարձնում ոչ թե նրան, թե երեխաներն ինչ ճշտությամբ են նկարում, այլ գնահատվում է երեւականությունը: Փորձում ենք տեսնել, թե երեխաներն ինչ են մտածում բնության մասին, ինչպիսին են ուզում տեսնել այն: Երեխաները նկատում են այնպիսի բաներ, որոնք մեծահասակների համար սովորական են դարձել: Օրինակ՝ նրանցից մեկը մի նկար էր պատկերել, որտեղ օդն այնքան էր աղտոտված, որ արեւի գլուխը ցավում էր եւ նա չէր կարողանում ժպտալ: Իսկ մրցույթի հաղթող Հերմինե Պողոսյանը, որը մեկնեց Լուվրի թանգարան, իր նկարում պատկերել էր արեւ, որը պարունակում էր բնության բոլոր երեւույթները, նաեւ նրանք, որոնք արդեն վտանգված են. կենդանատեսակները, բույսերը, նույնիսկ արեւն էր փոխել իր գույնը: Այս տարվա մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին՝ «Արեւորդի» 2-րդ միջազգային փառատոնի ժամանակ»: Այս տարի երեխաները նկարելու են նաեւ ավտոբուսի վրա, որը կշրջի քաղաքում եւ բնակիչներին մասնակից կդարձնի բնապահպանական հիմնախնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել