Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկենք մեր մոդելների օգտին

Հունիս 09,2009 00:00

Կոչ է անում հայազգի մոդել Մարի Ակսել Նուբարյանը

\"\"Վերջին տարիներին մեր գիտակցության մեջ դրոշմված ու իրեն ձգող «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթը միակը չէ, որտեղ որոշիչ են դառնում մրցանակակիրներին տրվող ձայները SMS քվեարկությունների միջոցով: Նման կարգ է գործում նաեւ մոդելային մրցույթներում: «Առավոտը» հանդիպեց մոսկվաբնակ մոդել Մարի Ակսել Նուբարյանին, որը Հայաստանում է՝ ակնկալելով հայրենակիցների քվեարկությունը, ինչը նրան հնարավորություն կտա բարձր հորիզոնականներ գրավել կամ գուցե հաղթել մի մրցույթում, որը նաեւ հետագայում կարող է ունենալ հայաստանցի մասնակիցներ, մրցույթ, որին առաջին անգամ է մասնակցում հայուհի՝ ներկայացնելով Հայաստանը: Խոսքը Մալթայում հունիսի 18-25-ը անցկացվելիք միանգամից երկու մրցույթների մասին է՝ Miss European Tourism, World Bikini Model International:

\"\"Մարին հայտնեց, որ ինքը 16 տարեկանից մոդելային բիզնեսում է. «Մրցութային գործունեությունս սկսեցի Հայաստանից: 2004թ. հաղթեցի Elite Model Look Armenia մրցույթում, որին նույն թվականին հաջորդեց Շանհայում կայացած մոդելային մրցույթը: Այդտեղ ինձ նկատեցին ու հրավիրեցին Միլան՝ աշխատանքի: 2005-ին Ռուսաստանում ճանաչվեցի տարվա աղջիկ՝ հաղթելով Miss Penthouse մրցույթում: 2008թ. Մոսկվայում մասնակցելով Miss Tourism մրցույթին՝ ներկայացրել եմ Ռուսաստանը ու հաղթող ճանաչվել, այս տարվա ապրիլին Բեռլինում կայացած Top Model World մրցույթում ընդգրկվել եմ լավագույն տասնյակում: Հուլիսին պետք է մեկնեի ԱՄՆ, սակայն խոզի գրիպի պատճառով մրցույթը տեղափոխվել է աշուն: Մի կողմից լավ է, որովհետեւ կմասնակցեմ Չինաստանում կայանալիք Miss Bikini-ին…»:

\"\"Մեր զրուցակիցն ասաց, որ, ցավոք, իրեն հայրենիքում չեն ճանաչում եւ այս այցի նպատակն է ոչ միայն ներկայացնել իրեն, այլեւ մտադիր է Հայաստանում մոդելային գործունեություն ծավալել: Նա նպատակ ունի բացել իր դպրոցը: Թե, ի վերջո, ի՞նչ է պահանջվում մոդելից այդ ոլորտում աշխատելու համար, Մարին բերեց իր օրինակը. «Ավարտել եմ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ ստացել լրագրողի որակավորում, այնուհետեւ Մոսկվայի կառավարման ակադեմիան՝ որպես դերասանուհի, հեռուստահաղորդավար, հանդես եկել «Ռուսաստանյան տանգոյի ռիթմով» սերիալում՝ ճանաչված դերասանուհի Նատալյա Օրեյրոյի հետ, «Զինվորներում» եւ այլ հեռուստանախագծերում: Ուսումը՝ ուսում, բայց մոդելը պետք է լինի լավ մարզված: Օրինակ, ես սպորտի վարպետ եմ թեթեւ ատլետիկայի գծով, ստացել եմ կարատեի կանաչ գոտի, զբաղվում եմ բոքսով եւ քիկբոքսինգով եւ, անշուշտ, լավ տիրապետում եմ անգլերենին, առանց որի՝ պարզապես չես կարող մասնակցել մրցույթներին»:

Հարցին՝ ուրախալի է, որ մոդելը նախընտրում է իր գործունեությունը շարունակել հայրենիքում, այդուհանդերձ, ինչպե՞ս է պատրաստվում հրաժարվել ռուսաստանյան եւ արեւմտյան մոդելային բիզնեսում պտտվող մեծ գումարներից, Մ. Ակսել Նուբարյանն ասաց. «Մոդելային կարիերաս սկսել եմ եւ մինչեւ այս պահը շարունակել Մոսկվայում՝ առաջին հերթին հենց մեծ գումարների պատճառով: Եթե Հայաստանում ամեն ինչ գնա այնպես, ինչպես ծրագրել եմ, մոտ ապագայում մեր մոդելային դպրոցի անունը կշրջանառվի արեւմուտքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել