Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 2:1

Հունիս 09,2009 00:00

Ֆուտբոլի 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումը մեր մինչեւ 21 տարեկանների հավաքականը Շվեյցարիայի Բիլ քաղաքի «Բերգհոլց» ստադիոնում տանուլ տվեց դաշտի տերերին 1:2 հաշվով:

Հանդիպմանը ներկա չենք եղել, դրա համար էլ մանրամասներ ներկայացնել չենք կարող: Սակայն ՀՖՖ-ի կայքէջում ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղադրած On-line ռեպորտաժից տեղեկանում ենք, որ առաջին խաղակեսն անցել է դաշտի տերերի բուռն գրոհների պայմաններում, որոնցից երկուսը՝ 17-րդ եւ 20-րդ րոպեներին, ավարտվել են դարպասի գրավումով, իսկ հանգստից հետո պատկերը 180 աստիճանով փոխվել է: Բայց, ցավոք, մեր տղաներին հաջողվել է խաղի վերջնամասում ընդամենը մեկ անգամ հասնել հաջողության՝ խփելով սփոփանքի գոլը:

Խաղին ընդհանուր գնահատական տվողի դերը նույնպես չենք ստանձնում: Սակայն մի բանի մասին խոսել, կարծում ենք, արժե: Խոսքը հայկական ֆուտբոլի հնուց եկող ու, կարծես, անբուժելի «հիվանդության» մասին է: Այս էլ ո՞րերորդ անգամ մեր թիմերը, լինի դա ազգային, երիտասարդական հավաքականների, թե ակումբների մակարդակով, որպես կանոն, իրենց հանդիպումները տանուլ են տալիս կամ խաղի առաջին, կամ վերջին 15-20 րոպեներին: Քիչ չեն օրինակները, երբ հանդիպումը դեռ հունի մեջ չմտած, գոլ ենք ընդունում մեր դարպասը եւ հետո ամբողջ խաղի ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայում նախ գոնե հավասարակշռությունը վերականգնելու, ապա, եթե հաջողվի, կշեռքի նժարը մեր կողմը թեքելու համար: Կամ էլ լինում է հակառակը. սկզբում մենք ենք հաջողության հասնում՝ խաղի միջնամասում պահպանելով հաշվի առավելությունը, սակայն վերջին րոպեներին մի անհեթեթ սխալի պատճառով ամբողջ չարչարանքը ջուրն ենք գցում՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակը:

Ինչո՞ւ է հաճախակի այսպես ստացվում: Մեր ֆուտբոլիստներն ո՞ւշ են սկսում տաքանալ, ժամանա՞կ է պետք մինչեւ խաղն զգան: Կարծում ենք՝ երկուսն էլ: Հետեւաբար, մարզիչները, սկսած ակումբներից, վերջացրած բոլոր մակարդակների հավաքականներով, պետք է այս խնդիրների լուծումը գտնեն: Եվ որքան շուտ, այնքան՝ լավ: Մանավանդ որ, հունիսի 9-ին հյուրընկալելու ենք Թուրքիայի երիտասարդական հավաքականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել