Լրահոս
Օրվա լրահոսը

Գերազանցեց մեծերին

Հունիս 09,2009 00:00

Հունիսի 5-6-ը մայրաքաղաքի «Սպարտակ» հեծանվահրապարակում անցկացվեցին հրապարակային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Աբովյանի, Մասիսի եւ Վանաձորի շուրջ 60 մարզիկներ:

Մեծահասակների պայքարում հինգ մրցաձեւից չորսում՝ 4 կմ հետապնդում տեղից, 1000 մետր վազք տեղից, խմբային վազք (սկրեչ) եւ խմբային վազք 8 միջանկյալ վերջնագծով, հավասարը չունեցավ ՕՀՀՄԴ սան Դավիթ Մկրտչյանը: Միայն արագավազքում նրան շրջանցեց Աբովյան քաղաքի ներկայացուցիչ Գեւորգ Առաքելյանը:

«Հայաստան» մարզական միության անդամ եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող Սուրեն Պետրոսյանի՝ բոլոր մրցաձեւերում եւ բոլոր մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ ավարտվեցին երիտասարդների (մինչեւ 19 տարեկաններ) մեկնարկները, որոնցում նա առաջինը հատեց վերջնագծերը՝ իր տարիքային խմբում դառնալով հանրապետության բացարձակ չեմպիոն: Ընդ որում, Սուրենը, որ մարզվում է իր հոր՝ նախկինում ճանաչված հեծանվորդ Աշոտ Պետրոսյանի ղեկավարությամբ, իր ցույց տված արդյունքներով գերազանցեց իր ավագ ընկերներին:

Երեկ Աշոտ Պետրոսյանը, խոսելով իր սանի հետագա ծրագրերի մասին, ասաց, որ հունիսի 19-ին խճուղային հեծանվավազքի (Սուրենն իրեն վստահ է զգում նաեւ այս մրցաձեւում)՝ Մոլդովայում մեկնարկող «Նախագահի Գավաթ» միջազգային երիտասարդական մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացվել եւ հիմա իրենք աշխատում են հեծանվորդի մեկնման համար գումար հայթայթելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանն արդեն երկու անգամ հասցրել է դառնալ այդ մրցումների երկրորդ մրցանակակիր: Անկախ դրանից, երիտասարդ հեծանվորդն արդեն սկսել է նախապատրաստվել այս մրցաշրջանի երկու կարեւորագույն մեկնարկներին: Առաջինը Մինսկի նորաբաց հեծանվահրապարակում հուլիսի 15-19-ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, երկրորդը՝ օգոստոսին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում մեկնարկող այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել