Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՕՐԵՐ՝ ԼԱՍ-ՎԵԳԱՍՈՒՄ

Հունիս 09,2009 00:00

\"\"
Գաբրիել Սարգսյան

Լաս-Վեգասի «South Point» խաղատուն-հյ ուրանոցի մեծ սրահում ավարտվեց «Las Vegas International Chess Festival» փառատոնը, որտեղ հիմնական մրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկած 89 շախմատիստներից 14-ը կրում էր գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ էին նաեւ Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանն ու Անդրանիկ Մատիկոզյանը:

6 հնարավորից հավասար՝ 5,0-ական միավոր վաստակեցին Վարուժանը եւ նրա թիմակից Էնրիկո Սեվիլանոն, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթողի կոչումը շնորհվեց հայ գրոսմայստերին: Միանգամից 13 հոգի իրենց անվան դիմաց գրանցեցին 4,5-ական միավոր: Վերջնահաշվարկից հետո կազմակերպիչները 4-րդ հորիզոնականում նշեցին Գաբրիելի, 5-րդում՝ Տիգրանի եւ 14-րդում՝ Անդրանիկի անունները:

Այնուհետեւ նույն փառատոնի շրջանակներում հայաստանցի գրոսմայստերները մասնակցեցին նաեւ արագ շախմատի մրցաշարին, որտեղ իրենց ուժերը որոշել էին փորձել 116 շախմատիստներ: Խաղացված վեց տուրերում երեք հոգի՝ Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ վրաստանցի Զվիադ Իզորիան կորցրին ընդամենը կես միավոր: Լրացուցիչ հաշվարկներով առաջին տեղը շնորհվեց Տիգրանին, երկրորդը՝ Գաբրիելին, Զվիադ Իզորիան բավարարվեց երրորդ մրցանակով:

Այս օրերին անգործ չեն նաեւ մեր շախմատիստուհիները: Նրանցից գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը Թբիլիսիում հանդես են գալիս աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությանը: Նրանք բոլորն էլ խաղացված երեք տուրերում վաստակել են 2,5-ական միավոր եւ կես քայլ են ետ մնում առայժմ 100%-անոց արդյունք ունեցող մրցաշարի առաջատարներ, գրոսմայստերներ Բելա Խոտենաշվիլուց (Վրաստան) եւ Մարիա Մուզիչուկից (Ուկրաինա):

Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությանը մասնակցում է 53 շախմատիստուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել