Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպեղանիի» հաջողությունները

Հունիս 09,2009 00:00

\"\"Հնարավորությունների դեպքում երգչախմբի ղեկավարը խմբերգային դպրոց կհիմնի

«Սպեղանի» մանկական եւ երիտասարդական երգչախումբը մայիսի 6-11-ը Գերմանիայի Դաշնության Մագդեբուրգ եւ Հալլե քաղաքներում մասնակցել է խմբերգային միջազգային երկու փառատոնի՝ «Երգչախմբերի եվրոպական գիշերը» Բիդերիցի եկեղեցում եւ Մանկական երգչախմբերի միջազգային փառատոնին: Հայաստանը ներկայացրել է «Սպեղանի» մանկական եւ երիտասարդական երգչախումբը՝ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ:

«Մագդեբուրգում համերգից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Շուշիի ազատամարտում զոհված հայ ազատամարտիկների հիշատակին: Երգչախումբը ներկայացել է ընդարձակ ծրագրով, որում հատուկ տեղ է հատկացվել Կոմիտասին: Իսկ Հալլեում Հայաստանից, Ավստրիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից եւ այլ երկրներից ժամանած միասնական երգչախումբը գերմանացի ճանաչված խմբավարներ Մանֆրեդ Վիպլերի եւ Սաբինե Բաուերի ղեկավարությամբ հանդես է եկել Հենդելի, Բեթհովենի եւ այլ դասականների ստեղծագործությունների կատարումներով: Կոմիտասյան «Նանիկ, նանանիկ» եւ «Ջուր կուգա վերին սարեն» խմբերգերն էլ կատարվել են Հալլեի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Կայ Շտրոմբերգի ղեկավարությամբ: «Սպեղանին» հնչեցրել է նաեւ Կոմիտասի Պատարագը: Մեր երգչախմբի ամենամեծ նվաճումը Կոմիտասի մշակմամբ Սուրբ պատարագի ձայնագրումն է: Այս նախաձեռնությունն արժանացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությանը»,- պատմեց Ս. Ավթանդիլյանը:

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ ասաց. «1996թ. արցախյան ազատամարտում զոհված հերոսների՝ 5-12 տարեկան զավակներից կազմված երգչախումբը ստեղծվեց ի հիշատակ բոլոր նահատակների եւ ի փրկություն նրանց երեխաների: Երգչախմբի երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգեցողությանը»:

«Սպեղանի» երգչախումբն այսօր հանրապետական եւ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր է եւ իր որոշակի տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Այն մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողն է: Հանրապետությունում եւ արտերկրում Հայաստանի անունը մշտապես հնչեցնող պրոֆեսիոնալ այս կոլեկտիվի ղեկավար Սարինա Ավթանդիլյանը փաստեց. «Երգչախումբը ստեղծագործական եւ աջակցության առումով խնդիրներ չունի: Միակ անլուծելի խնդիրը մեր կոլեկտիվի համար մշտական փորձատեղի չունենալն է: Դրա առկայության դեպքում կհիմնեի մանկական եւ երիտասարդական խմբերգային դպրոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել