Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԻԼՄԻ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ԲԱՆ Է»

Հունիս 09,2009 00:00

\"\"Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի մեկնաբանությունները

Մայիսի 12-22-ը Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային առանձին տաղավարով առաջին անգամ մասնակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: «Առավոտի» հետ զրույցում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ Կաննում ներկայացվել է 2006-ից սկսած մեր ողջ կինոարտադրությունը՝ գեղարվեստական, կարճամետրաժ ֆիլմեր, մուլտֆիլմեր, անգամ անավարտ ֆիլմերի նախագծեր եւ այլն: «Հաճախ այստեղ հարցնում են՝ իսկ ինչքա՞ն ֆիլմ վաճառեցիք: Բայց ֆիլմի վաճառքը այլ բան է, լոլիկ չի, որ գումարը տաս, գնես կամ վաճառես… Կինոարտադրանքի վաճառքը նախեւառաջ լուրջ ուսումնասիրություն է, որից հետո միայն պայմանագրային հարաբերություններ են սկսվում»,- ասաց պարոն Գեւորգյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, գոհ է այս կինոշուկային մասնակցելու արդյունքներից:

Նրա խոսքով, ձեռք են բերվել շուրջ 30 բազմաբնույթ պայմանավորվածություններ, փառատոների հրավերներ: Օրինակ, գերմանական դիստրիբյուցիոն մի կազմակերպություն վերցրել է Վ. Չալդրանյանի «Քրմուհին», Հ. Խաչատրյանի «Սահման», Ա. Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» լիամետրաժ ֆիլմերի DVD-ները եւ որոշման մասին կտեղեկացնի առաջիկայում: Հայկական կարճամետրաժ ֆիլմերի DVD-ներն էլ վերցվել են Ասիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի ծրագրի համար դիտելու նպատակով եւ այլն: Գ. Գեւորգյանը նշեց, որ չնայած հայկական տաղավարը, ի տարբերություն ռուսական եւ վրացական տաղավարների, համեստ էր, սակայն միշտ մարդաշատ էր եւ աշխույժ:

Ըստ մեր զրուցակցի, հայկական կինոյի հանդեպ հետաքրքրությունը Կաննում հավանաբար պայմանավորված էր մի քանի հանգամանքով. ա) մարդիկ կատալոգներից տեղեկացել էին հայկական ֆիլմերի մասին ու որոշել ծանոթանալ դրանց հետ, բ) արտերկրում ապրող հայազգի կինոգործիչները, բնականաբար, պիտի այցելեին հայկական տաղավար, գ) օտարազգի այցելուների մեծ մասը հաստատ ծանոթ էր հայկական կինոյին կամ ուներ հայ կինոգործիչ բարեկամ ու ընկեր: Գ. Գեւորգյանը խոստովանեց, որ Ազգային կինոկենտրոնը, անփորձ լինելով, թույլ է տվել որոշ վրիպումներ. «Պարզվում է՝ դիստրիբյուտորները սովորաբար տաղավար չեն էլ մտնում, ու մենք ամիսներ առաջ պիտի կինոդահլիճներ վարձեինք, ֆիլմերի ցուցադրության ժամեր նշանակեինք, այդ մասին էլեկտրոնային նամակներ ուղարկեինք նրանց, որովհետեւ դիստրիբյուտորները նախապես են իրենց ժամանակը պլանավորում: Կամ վերցնենք, թեկուզ, ֆիլմերի պաստառները: Մենք վառ գույներով ազդագրեր ու պաստառներ էինք տարել, պարզվեց՝ միայն 2-ն են համապատասխանում ընդունված չափանիշներին: Փաստորեն, պլակատի նշանակությունն ընդամենը ֆիլմի ու ռեժիսորի անունը գրավիչ ներկայացնելն է, իսկ մենք ամբողջ ֆիլմի պատմությունն ու ազգանուններն էինք «լցրել» պլակատի մեջ»: Ազգային կինոկենտրոնի տնօրենը իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում է Ֆրանսիայի ամենամեծ դիստրիբյուտորներից մեկի՝ Ալան Թերզյանի հետ հանդիպումներն ու բանակցությունները: Ռուսական տաղավարում էլ են հանդիպումներ ու քննարկումներ եղել, հենց այստեղ է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը խորհուրդ տվել Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» անպայման ներկայացնել իրենց փառատոնին: Ի դեպ, Վ. Չալդրանյանի «Քրմուհին» էլ ներկայացվել է Սեուլի փառատոնին:

«Մարդիկ հաճախ դժգոհում են՝ ո՞ւր են ձեր ֆիլմերը: Ես ի՞նչ անեմ, որ մեզ մոտ կինոթատրոն չկա, աշխարհում ամեն տեղ հեռուստատեսությունը գնում է ֆիլմը, իսկ Հայաստանում մի բան էլ դու պիտի վճարես, որ ցույց տան»,-փաստեց Գ. Գեւորգյանը:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը, որը 2006-ին՝ նախարար եղած ժամանակ նա պատրաստվում էր ներկայացնել ԱԺ: Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ նախագիծն իսկապես պատրաստվել է, ուղարկվել համապատասխան ատյաններ, լրացումներ ու կրճատումներ արվել, արդյունքում՝ վերջնական տարբերակն իրենց չի բավարարել, դրա համար էլ չի ներկայացվել հաստատման: Խնդրեցինք մի փոքր «բացել փակագծերը» եւ թվարկել որոշ կետեր, որոնք պետք է անպայման տեղ գտնեն նախագծում: «Օրինակ, ի՞նչ արտոնություն պիտի ունենա կինոարտադրողը, եթե Հայաստանում նկարահանում է անում, ի՞նչ արտոնություն պիտի ունենա համատեղ նկարահանվող ֆիլմի դեպքում արտասահմանյան արտադրողը: Չեք պատկերացնի, թե ինչ մղձավանջ են մաքսային ձեւակերպումները, ախր կինոյի, կինոտեխնիկական սարքավորումների փոխադրումների համար դրանք պիտի լինեն ազատ ու դյուրին: Բացի Հայաստանից, ողջ աշխարհում կինոն արտադրվում է վարկերի միջոցով, իսկ մեզանում կինոյին վարկ չեն տալիս, արտոնություններ չունեն նաեւ հովանավորները: Օրինակ, երբ Ֆրանսիայի որեւէ դահլիճում ներմուծված ֆիլմ է ցուցադրվում, դրանից տոկոս է գնում ազգային կինոյի զարգացման համար, մերձբալթյան երկրներում էլ ծխախոտից ու ալկոհոլային խմիչքներից է տոկոս գնում: Չմոռանամ ասել, որ միացել ենք կինոյի եվրոպական կոնվենցիային, որին պիտի համապատասխանեցվեն բոլոր չափանիշները»,- փաստեց Գ. Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել