«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը (ԵՌԿ) կարող է իր շարքերից հեռացնել Բաշկիրիայի նախագահ Մուրթազա Ռահիմովին, որը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին իր հարցազրույցում քննադատել է իշխող կուսակցությանը, ՌԴ խորհրդարանը եւ Մոսկվայի ռեգիոնալ քաղաքականությունը: Ըստ կուսակցության նախագահության քարտուղարի տեղակալ Անդրեյ Իսաեւի՝ ԵՌԿ-ն մոտ ժամանակներս կողմնորոշվելու է այդ հարցում: Իսաեւը նշել է, որ անձամբ ինքը պնդելու է, որ Ռահիմովին հեռացնեն կուսակցությունից: «Որոշակի տարիքում ուղեղային որոշ ռեակցիաներ սկսում են ուշացումով գործել»,- այսպես է մեկնաբանել նա Բաշկիրիայի նախագահի հարցազրույցը: Ինչ վերաբերում է Ռահիմովի՝ իր պաշտոնում վերանշանակելուն, ապա ԵՌԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ նման որոշում ընդունելը նախագահի իրավասությունների մեջ է, սակայն իր կուսակցությունը Ռահիմովին այլեւս չի աջակցելու: Բաշկիրիայի նախագահը իր հարցազրույցում դժգոհում է ԵՌԿ-ից, որը ցանկանում է իրեն ենթարկել բոլոր նահանգապետերին: Ռահիմովի կարծիքով՝ այժմ իշխանությունը Ռուսաստանում չափից դուրս կենտրոնացված է Կրեմլի ձեռքում, կենտրոնացման աստիճանը, ըստ Բաշկիրիայի նախագահի, այսօր ավելի բարձր է, քան խորհրդային շրջանում: «Տեղացիների նկատմամբ իրականացվում է անվստահության եւ անհարգալից քաղաքականություն»,- հայտարարել է նա: Ռահիմովը քննադատել է նաեւ Պետդուման, որի վրա, նրա կարծիքով, մարդիկ ծիծաղում են: «Պատգամավորները նստած են դատարկ դահլիճում եւ քվեարկում են՝ կարծես դաշնամուր են նվագում: Չէ՞ որ մարդիկ այդ ամենը տեսնում են»,- տարակուսել է Բաշկիրիայի նախագահը: