Կիրակի օրն ավարտված Եվրախորհրդարանի ընտրություններում տեղերի ավելի քան 1/3-ը նվաճել է պահպանողական Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը: Երկրորդ տեղում են սոցիալիստները, նրանց հաջորդում են լիբերալները եւ կանաչները: Մնացած մանդատները ստացել են կուսակցություններ, որոնք չեն մտնում համաեվրոպական քաղաքական միավորումների մեջ: Դրանց զգալի մասը արմատական եւ ծայրահեղ աջ ուղղվածություն ունի: Ընտրողների ներկայությունը ամենացածրն էր Եվրախորհրդարանի ուղիղ ընտրությունների ողջ պատմության մեջ: 27 երկրներում այն միջին հաշվով կազմել է 43,39%: Ամենացածր ներկայությունը գրանցվել է Իսպանիայում՝ 24%, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում, համապատասխանաբար, 42,5%, 40,5%, 34,6%, ամենաբարձր ներկայությունը Լյուքսեմբուրգում եւ Բելգիայում էր, որտեղ, սակայն, ընտրություններին մասնակցելը մտնում է քաղաքացիների պարտականությունների մեջ: Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում ընտրություններում հաղթել են իշխող կուսակցությունները: Զգալիորեն ամրապնդվել են այն կուսակցությունների դիրքերը, որոնք մի քանի տարի առաջ «լուսանցքային» էին համարվում: Օրինակ, Եվրապառլամենտի անդամ է դարձել շվեդական Ծովահենների կուսակցության ներկայացուցիչը: Այդ կուսակցությունը հանդես է գալիս մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում օրենսդրության ազատականացման օգտին: Հոլանդական Ազատության կուսակցությունն իր երկրում ստացել է 17%: Այդ քաղաքական ուժը հանդես է գալիս հակաիսլամական դիրքերից եւ ժողովրդականություն է ստացել «Եվրոպան՝ քրիստոնյաների ձեռքերում» կարգախոսով: