Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիս 09,2009 00:00

\"\"Հունիսի 5-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական պետական քննություն էր, որի ավարտից հետո շրջանավարտներն ու նրանց ծնողներն այս քննությունը որակեցին «ջարդ», «կոտորած», «թշնամություն»:

Ասա ով է դասախոսդ, ասեմ՝ ինչ ես ստացել

«Ի՞նչ ես ստացել»: «12»: «Լավ է, ապրես, իսկ դո՞ւ»: «Ե՞ս՝ 16»: «Հոյակապ է, բրավո, իսկ դո՞ւ»: «19»: «Գրիգորյանի մո՞տ ես պարապել»: «Չէ՛»: «Հա՜, պարզ է, պարզ է: Պապայիդ կշնորհավորես…»:

Սա այս օրերի տիպիկ խոսակցություն է, որին ունկնդիր ենք եղել հունիսի 5-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական պետական քննություններից հետո: Բարձր՝ 19-20 միավոր են հավաքել կա՛մ կոնկրետ դասախոսի մոտ պարապած դիմորդները, ում բախտը բերել է այնքանով, որ այս տարի իրենց դասախոսի կազմած առաջադրանքներն են ընդգրկվել քննական թեստերում, կա՛մ ունեւոր ծնողների զավակները: Անձամբ ճանաչում եմ մտավոր շատ համեստ ունակություններով, դպրոցում միջինից ցածր առաջադիմությամբ 10 տարի սովորած, բայց «լավ» հայրիկով «օժտված» առնվազն երկու երեխայի, ովքեր այս քննությունից ստացան 19,25: Փոխարենը շատ փայլուն երեխաներ բավարարվեցին համեստ «13»-ով, որովհետեւ աշխատավարձով ապրող ծնողներ ունեն եւ պարապում էին ոչ այն դասախոսի մոտ: Որոշ ծնողներ ուղղակի սխալ հաշվարկ արեցին՝ իրենց զավակներին ուղարկելով այն կրկնուսույցի մոտ, ով նախապես հայտարարել էր, թե այս տարի էլ են իր գրած թեստերը լինելու քննական:

Ստացվում է, որ ստուգվում են ոչ թե երեխաների գիտելիքները լեզվից ու գրականությունից, ընդ որում՝ դպրոցում իրենց անցածի չափով, այլ այն, թե ով ում մոտ է պարապել: Բախտդ բերեց՝ «ճիշտ դասախոս» քեզ բաժին հասավ՝ լավ է, եթե ոչ՝ բավարարվիր քեզ բաժին հասած 12-15 բալով:

Ասա ով է հայրիկդ, ասեմ՝ ինչ ես ստացել

Կրթական համակարգում «հին գայլ» համարվող ծանոթս մի անգամ, երբ խոսք գնաց «փողով» ընդունվողների մասին, ասաց. «Ամեն ինչ իր ձեւը, իր կարգը եւ իր տեղն ունի: Ընդունելության քննության դեպքում ամեն ինչ արվում է քննասենյակներում»: Այս խոսքերը հիշեցի, երբ ԵՊՀ-ի քննական կենտրոնում որպես դիտորդ «մասնակցեցի» քննությանը: Երբ առաջին հարկում էի, քննական կենտրոնի աշխատակիցները շատ բարեհամբույր ձեւով ինձ ծանոթացրին քննակարգին, ցույց տվեցին քննություններին առնչվող ամեն մանրուք, շրջեցի շարքերով: Քիչ հետո բարձրացա 2-րդ հարկում տեղակայված փոքրիկ քննասենյակը: Այստեղ երկու աղջիկ նստած էին մուտքի մոտ դրված մի սեղանի մոտ եւ մի «ձյաձյա» շրջում էր քննասեղանների արանքով: Ինձ տեսնելուն պես՝ «ձյաձյան» խառնվեց իրար՝ «Դուք իրավունք չունեք շարքերի մեջ մտնելու»: Քիչ հետո ինչ-որ խոսակցությունից ինձ թվաց, թե պրոբլեմ է առաջացել, մոտեցա մուտքի մոտ նստած հսկիչ-աղջիկներին՝ «ինչ-որ խնդի՞ր կա», տեսնել էր պետք, թե ինչպես իրար խառնվեցին հսկիչները՝ «չէ՜, վայ, չէ՜, ինչ պրոբլեմ, ինչ բան…»: Մի փոքր զարմացա, թե ինչու այսպես իրար խառնվեցին, բայց, առանձնապես ուշադրություն չդարձնելով, իջա ցած: Քննություններից հետո, երբ զրուցում էի քննություն հանձնած երեխաների հետ, նրանք պատմեցին, թե ինչպես են իրենց ծանոթ երեխաները, որոնք հայտնվել էին 2-րդ հարկի քննասենյակում, գլուխ գովում, որ այնքան հեշտ էր ամեն ինչ, թեստերի պատասխանները փոքրիկ թղթիկների վրա փակցված էին սեղաններին, իրենց մնում էր միայն դրանք արտագրել: Ընդ որում, ըստ այդ բերանբաց երեխաների, մի քանի հարցերի պատասխանը չէր տրված, որպեսզի հանկարծ 20 չստանան: Եթե երեխան կարող էր իր ուժերով այդ 4-5 բաց թողած առաջադրանքները լրացնել՝ ավելի բարձր կստանար, չէ՝ կբավարարվեր իր 18-19-ով:

Ճիշտ է, կրթական համակարգի պատասխանատուները հետո փորձում էին ինձ հավատացնել, որ այն, ինչ ինձ պատմել են երեխաները՝ ֆանտաստիկայի ոլորտից է, քանի որ «տրամաբանական չէ, որ փող տվողն այդ մասին բարձրաձայնի», սակայն կարծում եմ՝ բացի այն, որ այդ երեխաները չէին հասկանում, որ պետք չէ բացահայտել իրենց «մութ գործերը», եւ չենթարկվելով տրամաբանությանը՝ բացբերանություն էին անում, նրանք նաեւ հպարտանում էին, որ հայրիկի փողերը մութ տեղը լույս են տվել:

«Բան չունեմ ասելու, թող էլի ընդունվեն այդպիսի երեխաները, բայց գոնե ոչ այդքան բարձր միավորներով, որ այդքան «զռա» ամեն ինչ: Երբ մեր դասարանի Սամոն, որ ածականը մակբայից չի տարբերում, 19 է ստանում, իսկ Նարինեն, որը հայոցի օլիմպիադայում հասավ հանրապետական փուլ, ստանում է 15 բալ, դա արդեն ոչ թե զավեշտալի է, այլ՝ զզվելի»,- արցունքն աչքերին ասում էր ծանոթ շրջանավարտս:

Ռեբուս-գլուխկոտրուկ

Հայոց լեզվի եւ գրականության այս տարվա քննական թեստերում եղած առաջադրանքները էականորեն տարբերվում էին ԳԹԿ-ի հրապարակած ուղեցույցներում եղած առաջադրանքներից: Այնքան խուճուճ էին այս առաջադրանքները, որ թվում էր, թե ամենեւին երեխաների գիտելիքները ստուգելու նպատակ չէին հետապնդում, այլ՝ նրանց շփոթեցնելու: Օրինակ, որքան սառնասրտություն պետք է ունենա 16-17 տարեկան երեխան, որը 180 րոպեում պետք է լրացնի 80 առաջադրանքից բաղկացած թեստը, որպեսզի կարողանա հետեւյալ առաջադրանքը ճիշտ կատարել. «Ձախ կողմում նշված են Ակսել Բակունցի պատմվածքները, իսկ աջում՝ դրանցից քաղված մեկական հատված. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.

ա. «Մթնաձոր» 1. «Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը որպես եղեգ եւ կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը»։

բ. «Միրհավ» 2. «Արտի մեջ կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր պուտ եւ մոլախոտի մի կապ։ Ոչինչ չասացի, հեռացա»։

գ. «Ալպիական մանուշակ» 3. «Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել եւ շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքերը»։

դ. «Խոնարհ աղջիկը» 4. «Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի քայլել, չի նստել մխացող աթարի առաջ»։

1) ա – 3, բ – 4, գ – 1, դ – 2

2) ա – 3, բ – 1, գ – 4, դ – 2

3) ա – 1, բ – 3, գ – 4, դ – 2

4) ա – 3, բ – 1, գ – 2, դ – 4

Աղքատ հարուստներ

Աշխարհում ընդունված կարգ է. հարուստները, կամ ուղղակի ունեւորները, ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները սովորեն ամենահարգի եւ ամենաթանկ համալսարաններում: Ու նրանք վճարում են իրենց երեխաների ուսման համար: Եվ երբեք չեն հավակնում անվճար տեղերին, որոնք քիչ են ու նախանշված են չունեւոր, բայց տաղանդավոր երեխաների համար: Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է. հարուստները պատրաստ են իրենց կոտորելով մի քանի տասնյակ հազար դոլարի կաշառք տալ, միայն թե իրենց սիրասուն զավակները սովորեն անվճար համակարգում, այսինքն՝ ոչ վճարունակների համար նախատեսված տեղերը գրավեն: Եվ փոխանակ տարեկան $1500-2000 վճարեն իրենց երեխաների ուսման համար ու թողնեն անվճար տեղերը՝ այդ հնարավորությունը չունեցողներին, նրանք միանգամից $20-25 հազար կաշառք են տալիս ու իրենց՝ հիմնականում բթությամբ փայլող զավակներին խցկում անվճար համակարգ: Իսկ շատ ու շատ չունեւոր երեխաներ, ընդունվելով վճարովի համակարգ, թողնում են բուհը, որովհետեւ ուղղակի ի վիճակի չեն լինում վճարել ուսման համար:

Եթե այդ «հարուստները» իրենց մի քիչ զուսպ պահեին եւ իրենց երեխաներին անպայման անվճար համակարգ խցկելու ցանկությամբ չվառվեին, նրանք կբավարարվեին 13-14 բալերով, ոչ թե աչք ծակող ու բազմաթիվ հարցեր առաջացնող 19 ու 20-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել