Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրաինտեգրման հարցում Հայաստանը միշտ պետք է հաշվի նստի Կրեմլի հետ»

Հունիս 09,2009 00:00

Հարցազրույց հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շայինօղլու հետ

– Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։

– Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բաց տեսնելու ԱՄՆ-ի հիմնական շահագրգռությունն այն է, որ Հայաստանը դադարի լինել Ռուսաստանի ֆորպոստը։ Վաշինգտոնի համար էլ գաղտնիք չէ, որ քաղաքականապես եւ տնտեսապես Ռուսաստանից կախված Հայաստանը չի կարող ավելի խորը հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ։ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում Հայաստանը միշտ պետք է հաշվի նստի Կրեմլի հետ։ Իսկ սա իր հերթին հարմար նախադրյալ է ստեղծում Մոսկվայի համար, որը, օգտվելով հայկական վեկտորից, խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանի եւ Վրաստանի համար։

Տվյալ իրադրության մեջ Վաշինգտոնին կարող է թվալ, որ միակ լուծումը հայ-թուրքական սահմանի բացումն է։ Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Առաջին՝ Հայաստանը ստանում է եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորություն։ Ինչպես ասում են որոշ հայ փորձագետներ՝ Հայաստանը դառնում է սահմանակից Եվրոպային։ Վրաստանի տարածքով տարանցումը թանկ է եւ անկայուն՝ եթե հաշվի առնենք Վրաստանի ներքին հակամարտությունները։ Երկրորդ՝ կաճի ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Հայաստանի շուկան կողողվի ավելի որակյալ թուրքական ապրանքով։ Էժանության եւ մոտիկության շնորհիվ՝ թուրքական շուկան կլինի ավելի գերադասելի, քան ռուսականը։ Բացի այդ, Հայաստանն ունի «հարուստ փորձ». Ռուսաստանը ձեռք բերեց գործարաններ ու ֆաբրիկաներ, բայց Հայաստանը դրանից ոչ մի օգուտ չստացավ։ Թուրքական կապիտալը կարող է Հայաստանում ստեղծել բարենպաստ տնտեսական մթնոլորտ։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանը, բացելով սահմանները, կունենա բոլոր հնարավորությունները՝ բոլոր առումներով ավելի մերձենալու Արեւմուտքին։ Հասկանալի է, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող համապատասխանել Ռուսաստանի որոշ շրջանակների շահերին։ Թեեւ Ռուսաստանի պաշտոնական դեմքերը արտահայտվում են հայ-թուրքական սահմանի բացման օգտին, իրականում դա նրանց ձեռնտու չէ։ Տնտեսական առումով՝ սահմանի բացումը ձեռնտու չէ նույնիսկ Վրաստանին։

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կարո՞ղ է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ։

– Ինչպես արդեն նշեցի, չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ։ Չնայած նրան, որ Բարաք Օբաման Ռուսաստանի նկատմամբ նոր մոտեցումն անվանեց «վերալիցքավորում», առայժմ երկու կողմերի որոշ շահեր արմատապես տարբեր են։ Ռուսաստանը մասնատում է Վրաստանը, իսկ ԱՄՆ-ը սատարում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաշինգտոնը ձգտում է բացել սահմանները, իսկ Ռուսաստանն արհամարհանքով հետեւում է այդ գործընթացին։ Ռուսաստանի պաշտոնական դեմքերից ես ոչ մի արտահայտություն չեմ լսել, որը քաջալերեր Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանն ուղղված ջանքերը։

– Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կազդի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։

– Ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Թուրք դիվանագետները հավատացնում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ստեղծում է լավ նախադրյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար։ Առայժմ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, բայց եթե այդ երկիրը բացի սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, գնդակը կհայտնվի հայկական կողմում։ Թուրքիայի եւ Հայաստանի կողմից ընդունված «Ճանապարհային քարտեզն» ունի փուլային իմաստ: Հարաբերությունները պետք է բարելավվեն քայլ առ քայլ։

Թուրքիան կատարում է առաջին քայլը, նրան հետեւում է Հայաստանը՝ եւ այդպես շարունակ։ Չնայած Հայաստանի հետ սահմանի բացման առնչությամբ պաշտոնական Բաքվի հետ ունեցած տարաձայնություններին, Թուրքիան հետագայում էլ կլինի Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը։ Թուրքիան կարող է անել առաջին քայլը, բայց հետագայում Հայաստանից կպահանջի ընդունել կարգավորման փուլային ծրագիրը։ Եթե դա տեղի չունենա, ապա չարժե ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների խորացում։ Որոշում կայացնողը Երեւանն է։ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո Երեւանը համաձայնի ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակին եւ ազատի գոնե 5 շրջան, չպահանջելով ճշտել Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի անցկացման ժամկետը, ապա կբացվեն նաեւ ադրբեջանական սահմանները, եւ Երեւանը կդառնա այնպիսի կարեւոր էներգետիկ նախագծերի մասնակից, ինչպիսին է «Նաբուկոն»։ Դա Հայաստանի համար կնշանակի եւ քաղաքական կայունություն, եւ մեծ տնտեսական շահ։

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարո՞ղ է դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր խնդիրը, որի լուծումը կհամապատասխանի այդ երկրների շահերին։

– Մի անգամ եւս անդրադառնանք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ ԱՄՆ-ի համար կարեւոր է, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն ապրեն որպես մեկ ամբողջություն, լինեն ավելի անկախ, ապահովեն էներգապաշարների անխաթար առաքում համաշխարհային շուկա եւ, որ ամենակարեւորն է, ունենան հավասար հարաբերություններ ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանի համար ի՞նչն է կարեւոր։ Ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվան շահագրգռված չէ, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրներն ապրեն որպես մեկ ամբողջություն, ունենան խորացված կապեր ԵՄ-ի հետ։ Ճանաչելով Աբխազիայի եւ Օսիայի անջատողականներին՝ Մոսկվան հանդես է գալիս Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու կամ ավելի խորն ինտեգրման դեմ։ Կրեմլը ճնշում է գործադրում նաեւ պաշտոնական Բաքվի վրա, որպեսզի նա նավթի եւ գազի հիմնական պաշարներն առաքի Ռուսաստանի տարածքով։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող են համընկնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Գուցե իսկապես Կրեմլն այդ հակամարտության լուծման հետ կապված ինչ-որ բան խոստացել է Ադրբեջանի նախագահին, բայց միաժամանակ պահանջում է ավելի շատ նավթ եւ գազ, պաշտոնական Բաքվից նաեւ պահանջում է թաղել «Նաբուկո» նախագիծը։ Չեմ կարծում, թե նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ձեռնտու կլինի ԱՄՆ-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել