Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»

Հունիս 09,2009 00:00

2008-ի ամառվանից, ՀՀ նախագահի մոսկովյան հայտարարությունից հետո սկիզբ առած հայ-թուրքական գործընթացն այսօր ակներեւ է դարձրել ոչ միայն Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու ներսում եղած ողջ «պայթուցիկ զանգվածի» իրական ուրվագծերը, այլեւ այս եռանկյունու վրա աշխարհաքաղաքական նոր խաղագումարներ դնելու ճիգերը: Թե եռանկյունու ներսում, թե դրանից դուրս հակասություններն այսօր էլ այնքան հին են ու այնքան տիպիկ միջազգային գլոբալ քաղաքական համապատկերի համար, որ կարծես ինչպես ոչինչ չէր կարող, այնպես էլ չի կարող տեղահան անել շահերի հավասարակշիռ կառույցը: Սակայն ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր է առաջանա շահերի հավասարակշռման նոր մոտեցումների ու ձեռնարկումների, ռազմավարական նոր գործընկերական հարաբերությունների պահանջ: Արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքականության հետեւանք է, ի՞նչ ազդեցություններ կարող է այդ «նորն» ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ունեցած դիրքերի վրա: Հայ եւ ադրբեջանցի փորձագետների հետ մեր հարցազրույցների հաջորդ խումբն ուղղված է այս եւ ածանցյալ խնդիրների մեկնաբանմանը:

«Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են Conciliation Resourses միջազգային կազմակերպության աջակցությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Ավելի հեշտ է ԱՄՆ-ի համար՝ բացել սահմանը, քան եվրոպացիների համար՝ պայմանավորվածության հասնել ռուսների հետ

\"\"Հարցազրույց փորձագետ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ

– Որո՞նք են ԱՄՆ-ի՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հիմնական շահերը, եւ ի՞նչ դիրք ունի այդ հարցում Ռուսաստանը։

– Թեեւ դա կարող է պարադոքսային թվալ, բայց հայ-թուրքական հարաբերությունների, երկու երկրների միջեւ սահմանի բացման խնդիրը՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության կարեւորագույն գործիք է։ Ավելի ճիշտ՝ այդ գործիքի օգնությամբ ԱՄՆ-ը ձգտում է կանխել Ռուսաստանի մենաշնորհի հաստատումը Եվրոպա էներգապաշարների առաքման նկատմամբ, եւ որպես դրա հետեւանք կանխել, մի կողմից՝ ռուսական ռեսուրսային եւ տարածքային բազայի, մյուս կողմից՝ եվրոպական գիտատեխնիկական բազայի եւ կազմակերպական-վարչարարական հնարավորությունների սերտաճումը։ Այդպիսի սերտաճումից խուսափելու համար՝ ի դեմս մերձբալթյան երկրների, Լեհաստանի եւ Ուկրաինայի, արդեն ստեղծվել եւ հաջողությամբ գործում է բաժանարար գիծ Ռուսաստանի եւ ԵՄ-ի ֆրանկո-գերմանական միջուկի միջեւ։ Մեր տարածաշրջանում իրավիճակը բարդանում է տարածաշրջանային հակամարտություններով եւ ներկա պահին Հարավային Կովկասի մի շարք պետությունների միջեւ ձեւավորված ոչ բարեկամական հարաբերություններով։ Իսկ եթե հարավկովկասյան միջանցքը՝ հայ- թուրքական սահմանի բացման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համեմատաբար երկարաժամկետ խաղաղեցման շնորհիվ կարողանա անխափան գործել, ապա ԱՄՆ-ի համար դա կարող է դառնալ նոր սպառնալիք, քանի որ արդյունքում կարող է կապ ստեղծվել արեւմտաեվրոպական գիտատեխնիկական ներուժի եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի վիթխարի աշխատաշուկայի եւ սպառողական շուկայի միջեւ։ Իր հերթին դա կարող է շատ արագ հանգեցնել ԱՄՆ-ի տնտեսական մրցունակության կորստին։ Ուստի՝ ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերի տեսանկյունից հարավկովկասյան միջանցքն առանց Հարավային Կովկասում ԱՄՆ-ի լուրջ ռազմաքաղաքական ներկայության՝ կարող է դառնալ սպառնալիք։ Բացի այդ, ԱՄՆ-ի համար կարեւոր էր արեւմտաեվրոպական գործընկերներին ցույց տալ, որ ցանկալի նպատակին հասնելը, այն է՝ հայ-թուրքական սահմանի բացման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով Հարավային Կովկասում ոուսական կոմունիկացիաներին այլընտրանք ստեղծելը, կլինի շատ ավելի հեշտ եւ արդյունավետ, քան ռուսների հետ անմիջապես եւ առարկայորեն համաձայնության գալը ռազմավարական հարաբերություններ կառուցելու հարցում։ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի շնորհիվ ամերիկյան ներկայությունը եւ ազդեցությունը Վրաստանում եւ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ ուժեղացավ, ընդ որում՝ ռուսական ազդեցության նվազման հաշվին։ Ըստ էության, այդպիսով ավելի ընդգծվեց տվյալ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ընթացքը։ Հայ-թուրքական սահմանի բացումը կարող էր դառնալ հերթական քայլն այդ ուղղությամբ։ Սակայն հազիվ թե նման բան կատարվի տեսանելի ապագայում, եթե միայն Ռուսաստանը չցանկանա կամավոր եւ անհայտ պատճառներով Հայաստանից դուրս բերել սեփական ռազմակայանը եւ սահմանապահ զորքը։ Եթե Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերում ինչ-որ ընդհանուր բան կա, ապա դա այն է, որ այդ երկրներից եւ ոչ մեկին ձեռնտու չէ, որ ԵՄ-ը սեփական ցամաքային ելքն ունենա դեպի Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջաններ՝ Չինաստան եւ Հնդկաստան։

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կարո՞ղ է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի համընկնման կետ։

– Այո։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ռուսաստանը հետապնդում են այնպիսի նպատակներ, որոնք միայն անուղղակիորեն են կապվում տվյալ թեմային, այդ թեմայի շահարկումների արդյունք են։ Այս ձեւով ԱՄՆ-ը փորձում է իր եվրոպական դաշնակիցներին եւ պոտենցիալ մրցակիցներին ետ պահել Ռուսաստանի հետ ավելի առարկայական, ռազմավարական երկխոսությունից, իսկ Ռուսաստանը ստացավ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն, վերջինիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ներկայացնելով որպես լրջագույն սպառնալիք նրա ազգային շահերին եւ ակնարկելով, որ Ադրբեջանը կարող է դիմակայել միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու դեպքում։

– Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կազդի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։

– Եթե կողմերի համար դա լինի զուտ ձեւական ակտ, ապա՝ ոչ։ Ուրիշ բան, որ այդ դեպքում եւ ԱՄՆ-ը, եւ Ռուսաստանը կկարողանան ավելի առարկայորեն փաստարկել սեփական հռետորությունը՝ համապատասխանաբար ԵՄ-ի եւ Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում։

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարո՞ղ է դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր խնդիրը, որի լուծումը կհամապատասխանի այդ երկրների շահերին։

– Դա հնարավոր կդառնա խիստ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, որը, իմ կարծիքով, դեռ չի հասունացել։ Առայժմ հենց հակամարտության չկարգավորվածությունն է այդ երկրներին տալիս էական տարածություն տարատեսակ նախաձեռնությունների եւ ակտիվ քաղաքականության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել