Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի միջեւ համագործակցության շրջանակներում Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի եւ ծննդատան բժիշկ-մասնագետները շարժական լաբորատոր-գործիքային հնարավորություններով, անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական այլ սարքավորումներով եղել են Շահումյանում, տեղում հետազոտություններ եւ բուժման նպատակով անհրաժեշտ նշանակումներ, տարաբնույթ ախտորոշումներ եւ այլ բժշկական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Մարզի բժիշկ մասնագետները երկու օրերի ընթացքում իրականացրել են սոնոգրաֆիկ 105 հետազոտություն, կատարել 70 անձի էլեկտրասրտագրում, սրտաբանական եւ նյարդաբանական խորհրդատվություն է տրամադրվել, համապատասխանաբար՝ 80 եւ 65 բնակիչների, մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցելել է 25 կին, իսկ թերապեւտիկ ծառայություններից օտվել է 20-ը: Ձեռք են բերվել նաեւ հստակ պայմանավորվածություններ՝ Կոտայքի մարզի բուժհաստատություններում մի շարք վիրահատություններ կատարելու նպատակով: Նախատեսվում է կազմակերպել նպատակային ծրագրեր՝ 15 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման, ինչպես նաեւ կանանց մոտ մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման շրջանակներում:
Իսկ Արագածոտնի մարզի բժիշկները որոշել են համագործակցել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի գործընկերների հետ: Ղարաբաղ առաջին այցի ընթացքում ճշտվել են համագործակցության ընդհանուր եզրերը: Հադրութը կարիք ունի բժիշկների, մանկավարժների, երաժշտության ուսուցիչների: Առաջիկայում վիրաբույժներից կազմված բժիշկների մի խումբ Արագածոտնից կգործուղվի Հադրութ:
Սյունիքն ու Վայոց ձորն էլ ուղղակի կապեր ունեն ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հետ: Քաշաթաղում, ինչպես Հադրութում, բժիշկների, բուժսարքավորումների, դեղամիջոցների պակաս կա: Հայաստանցի բժիշկները վերջին անգամ Քաշաթաղում էին եղել անցած աշնանը եւ երկու խմբով հիվանդներին ընդունել Բերձոր քաղաքում, Իշխանաձորի գյուղական բուժամբուլատորիայում: Հետազոտվել է Բերձորում՝ 108, Իշխանաձորում՝ 180 հիվանդ: Այս անգամ ընդունելություն է կազմակերպվել Նորաշենիկ եւ Մոշաթաղ համայնքներում: Հետազոտվել եւ օգնություն է ստացել Մոշաթաղում՝ 60, Նորաշենիկում՝ 130 հիվանդ: Եվ ինչպես անցած, այս անգամ եւս առկա բուժման կարիք ունեցողները ուղեգրվել են Վայոց ձորի հիվանդանոցներ: Այցեր դեռ էլի են լինելու: