Մայիսի 12-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում հեռարձակվող KFI 640AM ռադիոկայանի առավոտյան ծրագրում հաղորդման հեղինակ, ԱՄՆ-ում հայտնի Բիլլ Հանդելը (նկարում), անդրադառնալով ԱՄՆ տնտեսական խնդիրներին, նկատել է, որ առկա պրոբլեմների լուծում կարող է դառնալ բոլոր ոչ ամերիկացիների վտարումը Նահանգներից, օրինակ՝ հայերի վտարումը Գլենդելից: Սրանից հետո Հանդելի էլեկտրոնային հասցեին ռասիզմը դատապարտող նամակներ են ստացվել, ինչից հետո նրա պրոդյուսեր Ռոբին Բերտոլուչին հայտարարել է՝ «այն, ինչ սկսել են թուրքերը, կվերջացնի Հանդելը»՝ նկատի ունենալով հայերի 1915 թվականի ցեղասպանությունը: Ի դեպ, այս միջադեպից հետո ռադիոկայանի կայքից հանվել է նշված հաղորդման ձայնագրությունը, սակայն հայտնի է, որ Բիլլ Հանդելը հայերի մասին խոսել է բացահայտ հեգնական երանգներով: Ամերիկայի հայերի ասոցիացիան մտադիր է դատական հայց ներկայացնել Բիլլ Հանդելի եւ Ռոբին Բերտոլուչիի դեմ: Իսկ ողջ աշխարհում արդեն 500 ստորագրություն է հավաքվել ընդդեմ Բիլլ Հանդելի եւ Ռոբին Բերտոլուչիի ռասիստական պահվածքի եւ հայտարարությունների:
ԱՄՆ-ը չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, իսկ Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է: