Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՆ ԵԿՈՂ ՉԿԱ՞

Հունիս 09,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը նոր է հաստատվել եւ առաջին հյուրերը Հայաստանում կլինեն հունիսին

«Առավոտը» բազմիցս տեղեկացրել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով այս տարվա մայիսից հոկտեմբեր սփյուռքահայ 14-25 տարեկան պատանիներ ու աղջիկներ երկու շաբաթ ապրելու էին հայաստանյան ընտանիքներում: Ենթադրվում է, որ այս ծրագրով Հայաստան կայցելի 500 սփյուռքահայ: Ծրագրին մասնակցել կարող էին Երեւանի եւ երեւանամերձ մարզերի բնակիչ-ընտանիքները: Ըստ նախարարության, ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 500 ընտանիք:

Գայանե Քերոբյանը հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է, աշխատում է Արմավիրի մարզի Շահումյանի դպրոցում: Հուզմունքով է ընդունել լուրը, թե Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում սփյուռքահայ պատանիներ ու աղջիկներ են գալու հայրենիք եւ որ ապրելու են հայաստանցիների տներում:

Ամուսնուն՝ այգեգործ Խաչիկ Մանուկյանին, հուզել է կնոջ հայրենասիրական պոռթկումը, իսկ աղջիկներին՝ դպրոցահասակ Մերիին եւ Կլարային, ուրախացրել մոր նախաձեռնությունը: Ընտանեկան խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել «Արի տուն» ծրագրին, այդ ցանկությունը գրավոր փոխանցել է դպրոցի տնօրենին ու հիմա սպասում են հյուրերին:

Թե ովքեր են լինելու, որ երկրից են գալու, երբ են գալու՝ չգիտեն: Գիտեն միայն, որ հյուրընկալելու են երկու շաբաթով: «Հատուկ չենք պատրաստվում: Ինչ ունենք՝ ունենք: Ամեն ինչ կտրամադրենք, որ իրենց զգան ազատ՝ ինչպես իրենց տանը: Չէ որ ծրագիրն ինքն էլ է տուն կանչում»,- ասաց Գայանե Քերոբյանը: Լրացնելով կնոջը՝ ամուսինն էլ խոսեց պարտավորությունների իր բաժնի մասին: Ասաց, որ հաճույքով կստանձնի զբոսավարի պարտականություններն ու երեխաներին կծանոթացնի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի տեսարժան ու պատմամշակութային վայրերին: «Եթե երեխան Հայաստանը ճանաչել է միայն գրքերից կամ տատիկ-պապիկների պատմածներից, դա բավարար չէ սեփական երկրի նկատմամբ նրա մեջ սեր ու նվիրվածություն առաջացնելու համար: Չմոռանանք, որ Ամերիկայում եւ Եվրոպայում ծնված ու մեծացած հայ երեխան այլ արժեքային համակարգում է ապրում, օտար մշակույթով դաստիարակվում: Ու որքան էլ հայրենիքի մասին պատմությունները նրա մեջ որդիական զգացմունքներ առաջացնեն, միեւնույն է՝ դա տեսական գիտելիքներից այն կողմ չի գնում, այդ պատմություններն իմանալով նա դեռ չի հայանում: Հայ լինելու համար, կարծում եմ, պետք է գոնե որոշ ժամանակ ապրել Հայաստանում, շփվել հայաստանցիների հետ, հաղորդակցվել հայ մշակույթին, որի մաքուր արմատները պահպանվել են հենց այստեղ՝ գյուղում»,- նկատեց Խաչիկ Մանուկյանը:

Ամուսինների կարծիքով՝ հենց հայ կական ընտանիքը կլրացնի այն բացը, որը ճակատագրի բերումով բաժին է ընկել սփյուռքահայ երեխային: Տիկին Գայանեն նույնիսկ մտածել է, թե ինչպես հյուրընկալվող աղջիկների մեջ ձեւավորի հայ կնոջ տեսակը: «Շատ կուզեի, որ նրանց գալը համընկներ պահածոների եւ անուշեղենների պատրաստման շրջանին: Հաճույքով խոհարարական դասընթացներ կկազմակերպեմ եւ որքան հնարավոր է՝ կբացեմ հայկական խոհանոցի դռները նրանց առջեւ: Թեպետ գիտեմ, որ նրանց հետաքրքրության շրջանակներն այլ են, բայց, կարծում եմ, լեզու կգտնենք»,- ասաց տանտիրուհին:

Ընտանիքի անդամները շատ լավ գիտակցում են հայաստանցի եւ սփյուռքահայ երեխաների տարբերությունը: Այդ տարբերությունը հատկապես ցայտուն է, երբ տեղացի հայ երեխան նաեւ գյուղաբնակ է: Սա նշանակում է՝ ավանդապահ, հնազանդ, ընտանեկան կարգը չխախտող, ինչը խորթ կթվա դրսում մեծացած հային: Եթե հայաստանցի գյուղաբնակ դեռահասի համար օրը սկսվում է այգաբացի հետ, իսկ վերջանում մինչեւ մայրամուտ, ապա օտար երկրում հասակ առած հայի համար այն ավելի ուշ է սկսվում եւ շատ հաճախ ավարտվում է աղմկոտ երեկոներով:

Այս հանգամանքը եւս հաշվի են առել Մանուկյան ամուսինները: «Եթե սրտները աղմկոտ խնջույքներ ուզի՝ ոչ մի խնդիր. երկրորդ հարկի սենյակներից մեկը կտրամադրենք այդ նպատակին: Երեխաներս էլ իրենց ընկեր-ընկերուհիներին կհրավիրեն ու թող ինչքան ուզում են՝ ուրախանան»,- ասաց Խաչիկ Մանուկյանը:

Ամուսինները չեն բացառում, որ իրենց նոր աղջիկները կամակոր ու քմահաճ բնավորություն ունենան, ինչը տարաձայնությունների առիթ կստեղծի: «Իսկույն կհարթենք, չկասկածեք: Ամեն բան կանենք, որ աղջիկները քույրեր դառնան, իսկ մենք՝ ծնողներ: Հենց դրան հասանք՝ իմացեք, որ հետագա տարիների նրանց վերադարձն ապահովել ենք»,- «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրենց ներդրումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը այսպես է պատկերացնում Շահումյան գյուղի աշխատավոր մի ընտանիք:

Սփյուռքահայերը կարծես չեն շտապում տուն գալ: Մայիսին ոչ ոք չի եկել: Սակայն, ինչպես պարզաբանեց ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը, «Արի տունը» ՀՀ կառավարությունում հաստատվել է մայիսի 14-ին եւ առաջին հյուրերը Հայաստան կգան հունիսին միայն: Հիմա լուծվում են տեխնիկական եւ ոչ տեխնիկական մի շարք հարցեր՝ վիզա, առողջապահական հարցեր, ծրագրի մասնակիցների համար վկայագրերի տպագրություն, նախատեսված միջոցառումների համար պատասխանատու կառույցների հստակեցում եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել