Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան: Դիմումը վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասին: Ըստ պաշտպանի, հոդվածի անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման եւ կիրառման համար:
Նշենք, որ մի շարք փաստաբանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր նրանց կողմից դատական նիստերի դահլիճն ինքնակամ լքելու կապակցությամբ: Պաշտպանը միջնորդել է վիճարկվող նորմի գործողությունը կասեցնել, նկատի ունենալով այն, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է մինչեւ հինգ տարի ժամկետով, փաստաբանը մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ: Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտպանին դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: