Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Հունիս 09,2009 00:00

Բնակիչները պահանջում են վնասի փոխհատուցում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջերս լսվեցին քաղաքացիական գործերն ըստ Ալբերտ Դավթյանի, Կարապետ Կարապետյանի եւ Սամվել Հարությունյանի հայցի՝ ընդդեմ «Սեւ ջուր Ախթամար» ՋՕԸ-ի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին: Դատարանը, սակայն, մերժեց քաղաքացիների հայցադիմումները: Բերվել են վերաքննիչ բողոքներ, սակայն դրանք եւս մերժվել են: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները կատարել են բազմաթիվ խախտումներ, արդյունքում խախտվել է արդարադատության սկզբունքը, չեն վերականգնվել գյուղացիների խախտված իրավունքները:

Քանի որ հայցվորներն ապրում են գյուղում՝ իրենց ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն է: Սակայն այն արդյունք չի տա, եթե պատշաճ կարգով հողամասը չջրվի: Գյուղի բոլոր բնակիչներին ջուր մատակարարող ընկերությունը «Սեւ ջուր Ախթամար» ՋՕ ընկերությունն է: Սակայն ընկերությունն իր պարտականությունները չի կատարում, որի հետեւանքով գյուղացիները մեծ վնասներ են կրում: Երկար ժամանակ նրանք լռել են, հույս ունենալով, որ կկարգավորվի, սակայն 2008 թ. ամեն ինչ հասավ ծայրահեղության. մի խումբ գյուղացիների ամբողջ բերքը չորացավ՝ ջուր չլինելու պատճառով:

Նրանք դիմեցին մարզպետարան՝ խնդրելով լուծել հարցը: Մարզպետը բավարարել է դիմումը եւ ուղարկել է հանձնաժողով, որը, ներգրավելով նաեւ ՋՕԸ-ի ներկայացուցիչներին, կազմել է արձանագրություն եւ ուղարկել գրություն այն բովանդակությամբ, որ «…իրոք, որոշ հողատարածքներ տուժել են ոռոգման ջրի անբավարար մատակարարումից: Ձեզ հասցված վնասի փոխհատուցման համար գործող կարգի համաձայն, սահմանված կարգով Դուք պետք է դիմեք «Սեւ ջուր Ախթամար» ընկերության վեճեր լուծող հանձնաժողովին՝ վարչական խորհրդում հարցը քննարկելու համար: Վերջինիս որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող եք դիմել դատարան»:

Գյուղացիները դիմել են ընկերությանը, սակայն ընկերությունը ոչ մի լուծում չի տվել հարցին, իսկ փոխհատուցման մասին խոսելն ավելորդ է:

Գյուղացիներն այնուհետեւ դիմել են գյուղապետարան: Գյուղապետի կողմից եւս ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավվել են մասնագետներ եւ ՋՕԸ-ի ներկայացուցիչներ, որոնք, սակայն, չեն ներկայացել: Կատարվել են ուսումնասիրություններ եւ կազմվել է ակտ, ըստ որի՝ բոլոր երեք գյուղացիներին ջուր չմատակարարվելու հետեւանքով պատճառվել է մոտ 10 մլն ՀՀ դրամի խոշոր վնաս: Սակայն ՋՕԸ-ն այս անգամ եւս որեւէ քայլ չի ձեռնարկել:

Դիմել են հեռուստաընկերություններ, որոնք եկել, նկարահանել են եւ պատրաստել բավականին խոսուն հեռուստահաղորդում: Ոչ մի արդյունք:

Գյուղացիները դիմել են դատարան՝ վստահելով դատական ատյաններին: Սակայն կատարելով բազմաթիվ խախտումներ, անտեսելով բոլոր ապացույցները, այդ թվում՝ մարզպետարանի եւ գյուղապետարանի արձանագրությունները եւ գրությունները, դրսեւորելով բացահայտ կողմնակալություն՝ առաջին ատյանի դատարանը մերժել է հայցերն ամբողջությամբ: Նույնիսկ ՋՕ ընկերության ջրբաշխը ներկայացել է դատական նիստին եւ համարձակություն ունեցել հայտարարելու, որ, իրոք, ջուր չեն տվել իրենց մեղքով, սակայն դա եւս որեւէ արձագանք չի գտել:

Այնուհետեւ գյուղացիները դիմել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան. դատարանը բացահայտորեն աշխատում էր ոչ թե արդարությունը վերականգնելու, այլ ինչ-որ անձանց ապօրինի շահերը պաշտպանելու եւ ընկերության օգտին գործը լուծելու համար: Նմանատիպ, համարյա իրարից չտարբերվող երեք գործերով դատարանը (բնականաբար՝ տարբեր կազմերով) տարբեր մոտեցում է ցուցաբերել. երկու բողոքները՝ Ալբերտ Դավթյանի եւ Սամվել Հարությունյանի, մերժվել են, իսկ մեկը՝ Կարապետ Կարապետյանինը՝ բավարարվել: Մերժող որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործում չի եղել ծառայությունների մատուցման պայմանագիրը այն պարագայում, երբ Պատասխանող «Սեւ ջուր Ախթամար» ընկերությունը իր բազմաթիվ փաստաթղթերում եւ գրություններում նշել է նրանց պայմանագրերի համարները եւ դրանց հիման վրա կազմել, ստորագրել եւ կնքել ժամանակացույց, անգամ դատարան ուղարկված հայցադիմումների պատասխաններում ընկերությունը բառացիորեն նշել է՝ «…ըստ Կողմերի միջեւ կնքված պայմանագրի…», այսինքն՝ ընդունել է, որ պայմանագիր կնքված եղել է: Պարզապես ընկերությունը, օգտվելով գյուղացիների ոչ բարձր իրավագիտակցությունից, չի տվել պայմանագրի երկրորդ օրինակը: Մի՞թե դատարանի մոտ հարց չի առաջանում. եթե չի եղել պայմանագիր, ապա ինչպե՞ս է ընկերությունը գումարներ գանձել գյուղացիներից, ինչպե՞ս է կնքել ժամանակացույց, որը համարվել է «Թիվ 1 հավելված»: Իսկ գյուղացիները պարզապես վերաքննիչ դատարանից խնդրել էին գործն ուղարկել լրացուցիչ քննության, որպեսզի պարզվեն այս բոլոր հարցերը: Դատարանը նաեւ չի գնահատել մարզպետարանի եւ գյուղապետարանի կողմից կազմված ակտը այն մասին, որ այս գյուղացիներին իրոք պատճառվել է նյութական մեծ վնաս: Նորից հարց է առաջանում. եթե դատարանը իսկապես շահագրգռված է իրականացնել արդարադատություն, եթե չպետք է հիմք ընդուներ կազմված ակտերը, ինչո՞ւ չի օգտվել օրենքով իրեն վերապահված լիազորությունից եւ նշանակել փորձաքննություն՝ պարզելու, թե ճի՞շտ են, արդյոք, բարձրացված հարցերը եւ ներկայացված փաստարկները:

Բոլորը գյուղում գիտեն իրականությունը, շատերն են տուժել, սակայն չեն դիմել դատարան, որովհետեւ հուսահատված են եւ չեն վստահում դատարաններին: Եվ այժմ, երբ իրար հետեւից անարդար վճիռներ եւ որոշումներ են կայացվում, ամբողջ գյուղը վրդովված է եւ պատրաստ ամեն քայլի: Շատերն այլեւս տանը ոչինչ չունեն վաճառելու, իսկ ապրուստի միակ միջոցն էլ արդյունք չի տալիս՝ հասկանալի պատճառներով:

Նշենք նաեւ, որ «Սեւ ջուր Ախթամար» ՋՕԸ-ն պարբերաբար խախտում է գյուղացիների իրավունքները, պայմանագրեր կնքելու դեպքում չի տրամադրում մեկ օրինակը՝ չնայած գյուղացիների պահանջներին, որպեսզի նրանք հստակ իմանան իրենց իրավունքները եւ պարտականությունները, պահանջում է նախօրոք վճարել ջրի վարձը եւ այլն: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ ընկերության կողմից դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանում եւ այլ փաստաթղթերում (գրություն ջրօգտագործողներին, պարտատերերի ցուցակ եւ այլն) նշվել է, որ պայմանագրեր կնքվել են, նշվել են անգամ համարները, սակայն դատարանը որոշումների հիմքում է դրել նաեւ պայմանագիր չլինելու փաստը: Իսկ հիմա, երբ դատարանը արդար չի վարվել եւ կայացրել է որոշում ընկերության օգտին, ընկերությունն ավելի մեծ ճնշումներ է գործադրում Հայցվոր գյուղացիների նկատմամբ: Մի խոսքով՝ խախտումներ շատ են եղել եւ կան, իրականում իսկապես խախտվել են գյուղացիների իրավունքները, սակայն ոչ ոք ցանկություն չունի դա ընդունել, գյուղացիների իրավունքները չեն պաշտպանվում որեւէ եղանակով, այդ թվում՝ դատական կարգով:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ եւ մի խումբ գյուղացիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել