Հայերը բժշկի են դիմում այնպիսի ծայրահեղ վիճակում, երբ այս կամ այն օրգանն այլեւս փրկել չի լինում: «Մեզ մոտ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ բժշկի չեն դիմում: Սկզբում մտածում են, որ ֆինանսական միջոցներ չունեն իրենց առողջության համար ծախսելու, բայց բուժումը այնքան են երկարաձգում, որ ծախսում են 3-4 անգամ ավելի: Յուրաքանչյուր գանգատ, եթե չհետեւես ու չբուժես, կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց վիրաբույժ Տիգրան Սահակյանը:
Ըստ բժշկի, սկզբնական փուլում հիվանդությունների ախտանշանները շատ թույլ են արտահայտվում եւ չեն հուշում իրենց առկայության մասին եւ բժշկին այցելելու դեպքում միայն կարելի է հայտնաբերել այս կամ այն հիվանդությունը:
Այն, որ հայերը, պարզապես պրոֆիլակտիկայի համար, բժշկին այցելելու կուլտուրա չունեն, Տ. Սահակյանի խոսքերով, իրենց գործը շատ է բարդացնում. «Տարին 1-2 անգամ յուրաքանչյուր մարդ պետք է ստուգումներ անցնի, ինչպես անում են արտասահմանում»: Բժշկի կարծիքով, այս առումով պետք է բարձրացվի պոլիկլինիկաների դերը, քանի որ նրանք են այդ ստուգումներն իրականացնող առաջնային օղակը. «Շատ կարեւոր է նաեւ այն, որ պետք է թույլ չտալ գովազդել այս կամ այն դեղորայքը: Եվրոպական ոչ մի երկրում թույլատրելի չէ դեղորայքի գովազդը, ավելին՝ դեղատներում առանց բժշկի նշանակման ոչ մի դեղորայք չեն վաճառում: Իսկ Հայաստանում այդ վերահսկողությունը չկա: Այդ պատճառով շատերը ինքնաբժշկմամբ են զբաղվում՝ ձեռքի տակն ընկածը խմելով եւ բժշկի են դիմում միայն շատ ծայրահեղ վիճակում, երբ 80-85% դեպքերում հիվանդի կյանքն արդեն փրկել չի լինում: Սա հարցի ամենացավոտ կողմն է, բայց միակը չէ. հիվանդության խորացման հետ համատեղ երկարում է ինչպես բուժման ժամկետը, այնպես էլ մեծանում են դրա համար անհրաժեշտ ծախսերը»:
Հոգեբան Վ. Բաբախանյանի ներկայացմամբ էլ՝ մեր հասարակությունը բժիշկներին չի սիրում եւ ամեն կերպ փորձում է շրջանցել այս օղակը: Վ. Բաբախանյանի խոսքերով. «Հայերի շրջանում ընդունված չէ նաեւ հոգեբաններին այցելելը, երբ սթրեսային կամ հոգեկան անհավասարակշիռ վիճակում են լինում: Մինչդեռ շատ հիվանդություններ ու նյարդային լարումներ, հատկապես փոքրահասակների շրջանում, առաջանում են հենց այդ պատճառով: Տանը առկա կոնֆլիկտային իրավիճակը, ծնողների վեճերը, ֆինանսական ու գործնական անհաջողությունները, որոնք առկա են տվյալ ընտանիքում, հոգեբանորեն ազդում են երեխաների եւ տան անդամների վրա ու առաջացնում տարբեր հիվանդություններ ու գանգատներ՝ սկսած անքնությունից, վերջացրած աղեստամոքսայաին տրակտի ու մարսողության խանգարումներով, ագրեսիայի ու նյարդային լարումների առաջացումով, բարձր ջերմության առկայությամբ ու թուլության զգացումով»: