Մեկ կամ երկու հոգանոց ընտանիքներին առաջարկվում է բարեկամների հետ ապրել մի բնակարանում
Շիրակի մարզի գյուղացի անօթեւանների հարցը քննարկելու նպատակով, երեկ մարզ էր այցելել քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը:
Շիրակի մարզպետի կաբինետում նախարարը լրագրողներին հայտնեց, որ ընտանիքներին առաջարկվելու է ազգականների հետ ապրել: ԲԳՎ ծրագրի իրացման համար ստեղծված հանձնաժողովի նիստն անցկացնելու ժամանակ նախարարն ասաց. «Լոռու մարզում 80 գործ նայելիս՝ 19 շահառու արդեն իսկ իրենց համաձայնությունն են տվել ազգականների հետ ապրելու, սա ֆինանսապես շատ ձեռնտու է պետությանը»: Չթողնելով, որ նիստն ավարտվի՝ լրագրողները նախարարին խնդրեցին մեկնաբանել, թե այս արտասովոր որոշման նպատակը ո՞րն է, եւ մի՞թե բյուջեի դեֆիցիտը պետք է լրացվի բնակարանները օպտիմալացնելու հաշվին: «Մենք նայել ենք, կան շահառուներ, ովքեր մեկ սենյականոց բնակարանի կարիք ունեն, միայնակ ծեր է, մեկ անձով նա իրավունք ունի ստանալ մեկ սենյականոց բնակարան, բայց գյուղում ունի հարազատներ՝ աղջիկն է, տղան, թոռը: Եվ եթե այդ ընտանիքների չափահաս անդամները համաձայնություն տան, որ իրենք համաձայն են, որ տվյալ մեծահասակը, տվյալ շահառուն նույն հարկի տակ ապրի, մենք համասեփականության իրավունքով մեկ սենյակ ավելացնում ենք եւ տալիս ենք տվյալ ընտանիքին»:
Գյուղական բնակավայրերի երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին ԲԳՎ տրամադրել-չտրամադրելու հարցը քննարկելու ժամանակ պարբերաբար մարզպետի կաբինետ էին հրավիրվում գյուղապետեր: Տեղեկացնենք, որ մարզի 23 գյուղական բնակավայրերում հաշվառված է 60 անօթեւան, եւ, ըստ նախարարի, ԲԳՎ ծրագրից առաջնահերթ կօգտվեն նրանք, ովքեր այս պահին փաստացի բնակվում են գյուղում: «Նրանք, ովքեր երեք տարուց ավելի բացակայում են, նրանց դռները փակ են, թող երկու տարի էլ սպասեն, մենք նրանց հարցը հո չե՞նք մերժում, այլ հետաձգում ենք»,- ասաց նախարարը: Նիստը սկսվելուն պես Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից, մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամլո քարտուղար Հասմիկ Մելքոնյանը, որը որպես դիտորդ է ընդգրկված հանձնաժողովում, Բայանդուրի անօթեւան ընտանիքներից մեկի՝ Արշալույս Ավետիսյանի հարցով սկսեց վիճաբանել նախարարի հետ: Բանն այն է, որ այդ ընտանիքին պատկանող տունը 4-րդ աստիճանի վնասվածություն ունի, փլուզման վտանգի տակ է, ուստի ընտանիքը տեղափոխվել է տնակ՝ սպասելով բնակարան ստանալու իր հերթին: Այդ ընտանիքի անունը լսելիս՝ Հասմիկ Մելքոնյանը խիստ վրդովվեց՝ պնդելով, որ նրանք նորակառույց ունեն եւ իրավունք չունեն դառնալ շահառու: «Արշալույս Ավետիսյանի աղջիկը գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է, ահա թե ինչու՝ գյուղապետը շահագրգռված է, որ նրանք ԲԳՎ ստանան, եւ եթե ասում եք, որ տունը վթարային է, ապա այդպիսի 42 տուն կա Բայանդուրում»,- ասաց Հասմիկ Մելքոնյանը: Ի պատասխան տիկնոջ ասածներին, նախարարը կոպիտ պատասխանեց. «Ես ձեզ հարցնում եմ, նա անօթեւանների հերթացուցակում ընդգրկվա՞ծ է, եթե իր տնակին կից կառույց է արել մի քիչ նորմալ ապրելու համար, դա չի նշանակում, թե նա երկրաշարժից անօթեւան չէ: Նա բնակարան կորցրե՞լ ա՝ կորցրել ա: Ուրեմն ինձ փաստեր ներկայացրեք, ոչ թե ենթադրություններ»: Բայանդուրի գյուղապետն էլ առաջարկեց հանձնաժողովի նիստն ընդհատել ու գնալ-տեսնել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է ապրում տվյալ ընտանիքը: Սակայն Վարդան Վարդանյանն առարկեց՝ ասելով, որ ցանկություն չունի 4-րդ անգամ գնալ այդ մարդկանց մոտ՝ համոզվելու, որ նրանք անօթեւան են ու փաստացի տնակի մեջ են բնակվում: Չնայած Հասմիկ Մելքոնյանի երկար-բարակ վիճաբանությանը՝ հանձնաժողովը միաձայն ընդունեց այս ընտանիքին ԲԳՎ ծրագրի մեջ ընդգրկելու առաջարկը: Նշենք, որ Հասմիկ Մելքոնյանը ապօրինաբար վաճառել էր Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 շենքի բնակիչների անձնական միջոցներով կառուցված բնակարանները՝ 5 տարի շարունակ մեծ աղմուկի պատճառ հանդիսանալով Գյումրիում:
Նիստի օրակարգից դուրս նախարարը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Նրանք նախեւառաջ նախարարից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են հետաձգել ԲԳՎ ծրագրի հատկացումը Գյումրիում: Նախարարը վերջապես խոստովանեց, որ դա պայմանավորված է բնակֆոնդի պակասով. նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկա պահին Գյումրիում ընդամենը 100-200 ազատ բնակարան կան: «Դուք բոլորդ էլ գիտեք, որ մինչեւ տարվա վերջ մենք պարտավորություններ ունենք 1223 բնակարան հանձնել Գյումրիում. շինարարության ընթացքին հետեւելով՝ ես կարող եմ ասել, որ, իսկապես, այդ պարտավորությունները մինչեւ վերջ կկատարենք, մանավանդ որ, ֆինանսական խնդիրներ այդ հարցում մենք չունենք, մինչեւ տարվա վերջ աղետի հետեւանքով տուժած 1200 գյումրեցիներ իրենց բնակարանային խնդիրները կլուծեն, որից հետո ես համոզված եմ, որ Գյումրիում կգոյանա ազատ բնակարանային շուկա»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ԲԳՎ-ն Գյումրիում անպայման կշարունակվի, իսկ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքները մինչեւ 2013 թվականը կլուծեն իրենց խնդիրները: Նախարարը նաեւ վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովը հնարավորինս անաչառ է աշխատելու, որպեսզի իսկական անօթեւանները չտուժեն ու դուրս չմնան հերթացուցակից ու բնակարան «չկորցրածները» հանկարծ ու հանկարծ նրանց տեղը չզբաղեցնեն՝ օգտվելով պետության ծրագրից: