ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհ է Ռուսաստանի տրամադրած $500 միլիոնի կայունացման վարկի տոկոսադրույքից: «Դա շատ բարձր տոկոսադրույք է։ Պետք է LIBOR ամրագրվի, որովհետեւ, եթե այսօր այն կազմում է 1,22%, ապա տնտեսական ակտիվության պայմաններում կարող է հասնել 5 կամ 6%-ի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Այվազյանը: Ըստ նրա, LIBOR-ի դրույքաչափը այսօրվա դրությամբ 1, 22% է, այսինքն՝ մեզ տրամադրված վարկի տոկոսադրույքը կազմում է 4,22%. «Տնտեսական ակտիվության պարագայում LIBOR-ը կարող է թռնի ու հասնի 5-6%-ի: 1995-97-ին այն եղել է 5,2-5,8%: Պետք էր ֆիքսել կոնկրետ տոկոսադրույք՝ առանց LIBOR»: Վ. Այվազյանի խոսքերով՝ «Ինձ անհանգստացնում է, թե հատկացված գումարն ինչպե՞ս է հասնելու ռեալ սեկտոր։ Ինձ համար շատ մտահոգիչ է. հանկարծ այնպես չլինի, որ Կենտրոնական բանկը գումարը առեւտրային բանկերին տրամադրի 8%-ով, իսկ բյուջետային երաշխիքով վերցրած գումարն առեւտրային բանկերը պարտադիր դարձնեն 24%։ Կենտրոնական բանկը պետք է ստիպի վերավարկավորումը 10-12%-ից ավելի չլինի, այլապես այդ գումարը փոքր եւ միջին բիզնեսին ոչ մի բանով էլ չի օգնի»:
Նշենք, որ ռուսական $500 մլն վարկը տրամադրվել է 15 տարի ժամկետով, որից 4 տարին՝ արտոնյալ պայմաններով: Այս ամսվա 2-ին ԱԺ-ն վավերացրել է այդ վարկը ստանալու համաձայնագիրը:
Գումարի մի մասը հատկացվելու է աղետի գոտու շինարարությանը, մի մասը՝ բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորմանը, մյուս մասն էլ՝ փոքր եւ միջին բիզնեսին:
Վ. Այվազյանի կարծիքով, ներկայումս ԱԺ-ում քննարկվող հարկային փաթեթի վերաբերյալ, որով նախատեսվում է 4 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկություններում հարկային տեսուչ նշանակել, առաջընթաց է. «Եթե նախկինում հարկային տեսուչը իրավունք էր ստանում վերահսկել ամեն ինչ, ապա փոփոխությունների արդյունքում նա վերահսկելու է, թե տնտեսվարողն ի՞նչ արտադրանք է բաց թողնում, ո՞ւմ է բաց թողնում եւ ի՞նչ գնով է բաց թողնում»։