Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՌԱՏԻՑ՝ ՇՎԵՅՑԱՐ, ԱՅԳԵՊԱՆ ՈՒ ՔԱՐ ՏԱՇՈՂ

Հունիս 09,2009 00:00

Կադրային կենտրոնները բոլոր հնարավոր միջոցներով գործազուրկներին համոզում են իրենց օֆիս գնալ՝ վստահ լինելով, որ աշխատանք փնտրողը ցանկացած գործի էլ կհամաձայնի, եւ իրենք իրենց տոկոսը կստանան:

Հայաստանում աշխատանք փնտրողների կամ, այլ կերպ ասած, գործազուրկների բավականին մեծ մասը դիմում է աշխատանքի տեղավորման գործակալություններին: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր դեռեւս հավատում են, որ մեր երկրում առանց ծանոթ-բարեկամի հնարավոր է նորմալ աշխատավարձով նորմալ գործ գտնել: Սակայն, դիմելով այս կամ այն գործակալությանը, նրանցից շատերը հայտնվում են խաբվածի կարգավիճակում:

Հետեւելով ամեն օր տարբեր հեռուստաընկերությունների «վազող տողերին» ու նաեւ մամուլի հայտարարություններին, այն տպավորությունն է ստեղծվում, թե Հայաստանի բոլոր գործատուները աշխատող են փնտրում: Երբ գործազուրկը զանգում է գործակալություն, աշխատակցուհիները ջանք ու եռանդ չեն խնայում «իրենց ցանցն ընկած» մարդուն օֆիս բերելու համար եւ բոլոր հնարավոր մեթոդներով համոզում են, որ իրենք դիմողին կարող են ապահովել ցանկացած աշխատանքով: Սակայն հետագայում պարզվում է, որ առաջարկվող աշխատանքները սահմանափակվում են միայն, ասենք, դռնապանի, մատուցողի, աման կամ մեքենա լվացողի, տուն մաքրողի, լավագույն դեպքում՝ շվեյցարի եւ նմանատիպ այլ աշխատանքներով: Նշենք, որ աշխատանքի տեղավորման բիզնեսը բավականին եկամտաբեր է: Բացի յուրաքանչյուր գործազուրկից գանձած մի քանի հազար դրամը, գործակալությունը պահանջում է նաեւ իրեն փոխանցել 1-ին ամսվա աշխատավարձի 30-40%-ը. գործատուն եւս պարտավորվում է իրեն աշխատող տրամադրելու դիմաց՝ որոշակի վճարում կատարել:

«Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում անբարեխիղճ գործակալություններից խաբված մարդկանցից: Օրերս էլ մեր խմբագրությանն էր դիմել Արայիկ Մանուչարյանը, որը աշխատանք գտնելու հույսով զանգել է «Աշխատանք Մեգա» կադրային կենտրոն: Ա. Մանուչարյանի պատմելով՝ ինքը հետաքրքրվել է՝ կարո՞ղ են իրեն ֆրեզերագործի աշխատանք առաջարկել, կենտրոնի աշխատակցուհին էլ պատասխանել է, թե իրենց մոտ ոչ միայն ֆրեզերագործի, այլեւ հազարավոր մասնագիտությունների տեր մարդկանց համար թափուր աշխատատեղ կա: Իսկ գործակալության օֆիս գնալուց հետո, ըստ Ա. Մանուչարյանի, պարզվել է, որ ֆրեզերագործի մասնագիտությամբ աշխատատեղ ընդհանրապես չկա, եւ սկսվել է քաշքշուկը. «Նախ ինձնից իրենց ծառայությունների դիմաց 2 հազար դրամ գումար պահանջեցին, ապա ասացին, որ ինձ հարմար աշխատատեղ կա «Միլիոն» խաղատանը՝ որպես շվեյցար: Աշխատավարձն էլ բավականին խոստումնալից էր: Երբ գնացի խաղատուն, մի երիտասարդ ինձ ասաց, որ հիմա չեն կարող ինձ ասել, ընդունո՞ւմ են, թե՝ ոչ, քանի որ դեռ պետք է ընտրություն կատարեն: Մի քանի օր հետո ինձ ասացին, որ ինձ չեն ընտրել: Երբ հարցրի պատճառի մասին, պատասխանեցին, թե՝ չեմ կարող ասել, շեֆերը քեզ չեն հավանել: Բայց շեֆերը ինձ չէին տեսել եւ ինձ հետ չէին խոսել: Ստացվում է, որ այդ խաղատան աշխատողը իրենց մարդն էր, որը այդ գործակալությունից ուղարկված ինձ նման հարյուրավոր մարդկանց հետ մի 2 բառ է փոխանակում, հետո էլ ասում, իբր մեր պահանջներին չեք համապատասխանում: Այդ գործակալությունների համար կարեւորը իրենց փողն է, վերցնում են ու իրենց խոստումների մասին մոռանում»: Ա. Մանուչարյանի ներկայացմամբ, «Միլիոն» խաղատանը աշխատանքի ընդունվելու անհաջող փորձից հետո, իրեն մեկ անգամ եւս կանչել են գործակալություն եւ, գործատուի մոտ ուղարկելու փոխարեն, ծանոթացրել Արմեն անունով մի մարդու հետ, որը ներկայացել է որպես գործատու եւ սկսել է «հարցաքննել» Ա. Մանուչարյանին. «Ինձ ասում էին, իբր Արմենը ինչ-որ «ցեխ» ունի եւ այդտեղ ինձ գործի է ընդունելու: Սակայն ինձ հետ մի փոքր զրուցելուց հետո ինձ ասաց, որ գնում է արտասահման եւ կվերադառնա 2 շաբաթից: Ես նույն րոպեին զգացի, որ խաբված եմ, քանի որ ոչ պայմանագրի մասին խոսեցին, ոչ էլ որեւէ կոնկրետ բան ասացին: Ապրիլի 22-ից մինչեւ հիմա ընդամենը 2 գործի համար են ասել, մինչդեռ՝ մինչեւ իրենց մոտ գնալս հեռախոսով բավականին բարձր աշխատավարձերով աշխատանքներ էին առաջարկում»:

Խնդրի առնչությամբ «Աշխատանք Մեգա» կադրային կենտրոնի տնօրեն Մարինե Հովասափյանը «Առավոտին» պարզաբանեց. «Ա. Մանուչարյանը զանգելով եւ տեղեկանալով խաղատանը ազատ դռնապանի հաստիքի մասին, ներկայացել է մեզ մոտ, ապա գործատուի հետ պայմանավորվելուց հետո կնքվել է անժամկետ պայմանագիր: Պայմանագրին կից լրացնելով հարցաթերթիկը, որում, ինչպես ինքն է ձեզ տեղեկացրել, ֆրեզերագործի հաստիքի մասին չի նշվում, այլ նա նշել է, որ կարող է աշխատել ցանկացած հաստիքով: Ա. Մանուչարյանը գործուղվել է խաղատուն եւ համաձայնության չի եկել գործատուի հետ: Ի դեպ, մեր կենտրոնը այդ նույն խաղատանը նույն հաստիքով արդեն ընդունել է աշխատող: Ապա նրան աշխատանք ենք առաջարկել փայտամշակման արտադրամասում: Արտադրամասի ներկայացուցչի հետ մեր կենտրոնում հանդիպման ժամանակ գործատուի կողմից տրված մի քանի հարցերին թյուր տեղեկացված լինելու պատճառով, գործատուն հրաժարվեց նրան որպես ֆրեզագործ ընդունել: Նույն ժամանակ «Դիալոգ» խուլ ու համրերի կենտրոնից ուղեգրված փայտամշակման մասնագետը մեր միջնորդությամբ տեղավորվել է տվյալ գործատուի մոտ՝ առանց միջնորդավճարի: Ապա Ա. Մանուչարյանին առաջարկել ենք նաեւ աշխատանք քարի արտադրամասում եւ որպես այգեպան, սակայն նա հրաժարվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել