Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ապահովել ազատազրկված պատգամավորների ներկայությունը

Հունիս 09,2009 00:00

ԱԺ-ն ելքը չի գտել

\"\"Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախորդ շաբաթ որոշում էր կայացրել 30 օրով հետաձգել Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Աժ որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու մասին նախաձեռնության քննարկումը։ Նախաձեռնության հեղինակներն են անազատության մեջ գտնվող պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը եւ Մյասնիկ Մալխասյանը։ Հանձնաժողովի համար հետաձգման հիմք է ծառայել այն, որ օրինագծի նախաձեռնողներ Մ. Մալխասյանը, Հ. Հակոբյանը եւ Ս. Միքայելյանը չեն մասնակցել հանձնաժողովի նիստին։ «Նախաձեռնողների մասնակցությունը պարտադիր է, քանի որ դա է պահանջում ԱԺ կանոնակարգը»,- ասել է Դավիթ Հարությունյանը։ Ըստ որոշ պատգամավորների, անազատության մեջ գտնվող պատգամավորներն իրենք պետք է դիմեին համապատասխան հանձնաժողովին եւ պահանջեին, որ ապահովվի իրենց մասնակցությունը իրենց իսկ ներկայացրած հարցի քննարկումներին։ Ըստ այլ կարծիքի, դա պետք է աներ հանձնաժողովի նախագահը։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ նախագահին հարցրեց. «Ինչո՞ւ դուք ինքներդ չմիացաք անազատության մեջ գտնվող պատգամավորների նախաձեռնությանը, չէ՞ որ Հանրապետական կուսակցության նախագահը եւ նախագահի պաշտոնը վարողը առաջարկել էր գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ անձինք դուրս գան բանտախցերից, ինչո՞ւ չեք արել»։ Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Տիկին Փոստանջյան, դուք ըտենց պահանջատիրական մի խոսացեք, էլի, հա՞, եւ երկրորդը, դուք հիմա ստիպում եք, որ ես ազնիվ ամեն ինչ ասեմ։

Դուք մասնակցեիք եւ առաջարկությունները ձեր հանձնաժողովում անեիք, մշտական, գլխադասային, եւ ընդհանրապես՝ եթե հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հետաձգվի, դա հանձնաժողովի գործն է, եւ երկրոդը՝ իմ կարծիքով, դուք նման լիազորություն չունեք, որ Հանրապետական կուսակցության խնդիրների մեջ եք ուզում նաեւ մտնել։ Այդ հարցերը քննարկվում են կուսակցությունում, եւ մենք ենք որոշում կայացնում»։ ԱԺ նախագահը վերջում հավելեց, որ պատգամավորի կողմից ինքը չի տեսնում «գործնական աջակցություն, որպեսզի այդ գործընթացները ունենային իրենց ընթացքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել