Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԳԼԱՐՅԱՆՈՎ ՀԻԱՑԱԾ ՉԷ, ԲԱՅՑ ՆՐԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ է ՄԻԱԿԸ

Հունիս 09,2009 00:00

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը վստահ է, որ Երեւանի քաղաքապետը պետք է հաշվի նստի երեւանցիների կարծիքի հետ:

– Ի՞նչ դիտարկումներ եք արել Երեւանի ավագանու չակերտավոր «կայացած» ընտրությունների ընթացքում եւ հետընտրական ի՞նչ տպավորություններ ունեք։

– Ինչո՞ւ «կայացած»։

– Կարծում եք՝ այդպիսիք չէի՞ն ավագանու ընտրությունները։ Գոնե Մալաթիա-Սեբաստիա համայնքում իմ տեսածը հենց այդպիսին էր։

– Մայրաքաղաքի 430 տեղամասերից ասենք՝ 40-ում եղել են այլանդակություններ։ Բայց վերահաշվարկի բողոք ներկայացված է ընդամենը 12 տեղամասերի համար։ Քվեարկության օրը դիտորդի կարգավիճակով չեմ շրջել, տեղամասերի ներսում չեմ եղել, բայց եղել եմ տեղամասերի շրջակայքում, զրուցել եմ։ Ցավոք, մեզ մոտ իդեալական ընտրություններ չստացվեցին։ Մալաթիա-Սեբաստիայի մասին շատ խոսվեց, ինքս էլ այդտեղից շատ զանգեր եմ ստացել. բոլոր նրանք, ովքեր մասնակից կամ պատասխանատու են եղել այդ բոլոր այլանդակություններին, խստագույնս պիտի պատժվեն։ Փորձում են անել, տեսնենք՝ ինչ կստացվի, բայց եթե կեղծարարները խստագույնս չպատժվեն, այս ընտրությունների արդյունքներն ավելի կստվերվեն։Շատերը չէին հավատում սոցիոլոգիական հարցումներին, բայց նախընտրական շրջանում էլ պարզ էր, որ ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է՝ անկախ նրանից, դա մեզ դուր գալիս է, թե ոչ։ Ազդեցության չափանիշները տարբեր են, ազդեցիկ լինելու՝ մեր իրականության մեջ չափանիշներն էլ են շատ տարբեր։ Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է։ Կարող է, եթե այդ այլանդակությունները չլինեին, 48 տոկոսը փոխարինվեր 39 տոկոսով, բայց ՀՀԿ-ն երբեւէ 20 տոկոս չէր հավաքի։ Օբյեկտիվ գործընթացն է այդպիսին։ Ներկայացնեմ ՀՀԿ-ի հաջողությունների արձանագրման նախապայմանները. որքան էլ ընդդիմությունն այս ընտրություններին փորձում էր տալ համապետական, լուրջ, քաղաքական նշանակություն, այդուհանդերձ, երեւանցիները քվեարկում էին Երեւանի հոգսերը լուծելու ունակ թիմերի օգտին։ Որեւիցե մեկը, նույնիսկ ամենամեծ ընդդիմադիր քաղաքացին, այսօր դժգոհում է ոչ թե նրանից, թե ինչու ԼՂՀ խնդիրը կամ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, այլ՝ ինչո՞ւ տաք ու սառը ջուր չունեն, բակը բարեկարգ չի, ինչո՞ւ երեխան խաղալու տեղ չունի եւ այլն։ Առաջադրված թեկնածուներից քաղաքային տնտեսությունը ճանաչող, հասկացող, այդ տնտեսության մեջ գործունեություն իրականացնելու փորձառություն ունեցողը Գագիկ Բեգլարյանն էր։ Տպավորություն չստեղծվի, թե ես Բեգլարյանով հիացած եմ, փաստն է այդպիսին. քաղաքային տնտեսությունը նույնպիսի սիստեմավորված գիտելիքներ է պահանջում, ինչպես ֆիզիկ լինելը։ Այդպես չէ, որ ես պատահական կգամ ու քաղաքապետ կաշխատեմ։ Նախընտրական մրցապայքարն էլ ՀՀԿ-ն տարավ լոկալ տարբերակով՝ բակերում մարդկանց հետ խոսում էր նրանց խնդիրներից։ Շատերը նախապատվությունը տվեցին հանրահավաքներին, իսկ դա քաղաքական պայքար է։ Շարքային քաղաքացին լսում է ու նախապատվությունը տալիս իր ջրի, լույսի, աղբի խնդիրներին։

– Մինչ օրս էլ քաղաքային տնտեսությունն այդ ազդեցիկ ՀՀԿ-ի ձեռքում էր, ինչո՞ւ նախընտրական շրջանի ջանասիրությամբ չէր զբաղվում մայրաքաղաքի ու տեղի բնակիչների հոգսերով։

– Աջափնյակում 4 վթարային շենք վերակառուցվեց, քաղաքի բարենորոգում՝ նոր փողոցներ, ճանապարհներ, անցումներ, վերելակների խնդիր. դրանք բոլորը քաղաքային տնտեսության մեջ են մտնում, չե՞ն արվել։

– Դրանց հիմնական մասը հանրապետական ծրագրերով են իրականացվել։

– Որովհետեւ այն ժամանակ չունեինք տեղական ինքնակառավարում՝ քաղաքի մակարդակով, բայց դուք ասում եք՝ քաղաքապետարանը ՀՀԿ-ի հսկողության տակ էր՝ ինչո՞ւ չի արվել, ես էլ ասում եմ՝ շատ էլ լավ արվել է, համենայնդեպս, վերջին 7-8 տարիների ընթացքում, Երվանդ Զախարյանի օրոք, Երեւանում ահռելի ծավալի աշխատանքներ են կատարվել, ու դրանք հնարավոր չէ անտեսել։ Դուք իրավիճակն օբյեկտիվորեն չեք գնահատում։

– Գագիկ Բեգլարյանը չի գնահատում, համենայնդեպս, նրա նախընտրական ելույթներից այնպիսի տպավորություն էր, որ իր նախորդի օրոք ոչինչ չի արվել։

– Ես բնակիչ եմ եւ ինձ պետք չի հատկապես այս մարդը քաղաքապետ լինի, այլ լինի մեկը, որ ես այս քաղաքում լավ ապրեմ, ժամանակս գեղեցիկ անցկացնեմ, երեխաներս մաքուր փողոցով քայլեն։ Ճռճռան խոսքեր ասող ինձ պետք չէ, այլ 99 տոկոսին գործ անող քաղաքապետ է պետք։ Գնում ենք արեւմտյան քաղաքներ ու հիացած գալիս, որովհետեւ նրանց մոտ նրանց տունը սկսվում է փողոցից, իսկ մեզ մոտ՝ մեր շեմից։ Դրա համար էլ մեր շենքերի մուտքերն այդ վիճակում են։ Քաղաքը պետք է դիտենք մերը։ Սա էր այս ընտրությունների քաղաքական իմաստը։ Եվ նորընտիր քաղաքապետը ստիպված կլինի հաշվի նստել այդ մտքի հետ։

– Կարծում եք՝ հասարակությունն ա՞յդ գիտակցությամբ էր գնում ընտրությունների։

– Եթե հասարակությանն այդ ուղղությամբ չտանենք, նա այդ գիտակցությունը չի ունենա։

– Եթե մարդուն տալիս են 5000 դրամ, նա վերցնում է հաճույքով ու գնում-քվեարկում է ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին՝ վաղը նա ո՞ւմ եւ ի՞նչ պահանջ կկարողանա ներկայացնել։

– Պառլամենտական ընտրություններում ես պարտվել եմ, որովհետեւ իմ հակառակորդը տալիս էր 5000-20000 դրամ. բոլորս էլ գիտենք, թե իմ հակառակորդը որ թիմում է։ Հետեւաբար, ընտրակաշառքը դիտարկենք ոչ միայն իբրեւ այս ընտրությունների հիմնական բաղադրիչ։ Միշտ ընտրակաշառք տվել են նրանք, ովքեր ունեցել են եւ կարողացել են տալ, անկախ նրանից՝ ընդդիմություն են եղել, թե իշխանություն։ Ու երբեք եւ ոչ ոք չի խորշել դրանից, այնպես որ՝ դա հենց այս ընտրությունների հետ չկապենք։ Ավելին, 5-10 հազար տվեցին՝ ընտրեցին, կապ չունի, մարդիկ պահանջելու են, որ իրենց բակը բարեկարգ, մաքուր լինի, ջրի, վերելակի ու մնացյալ հարցերը լուծվեն, որովհետեւ դրանցից է կախված իրենց կենցաղը։ Նրանք ընտրել են կոնկրետ մարդու, որ իրենց համար բարեկեցիկ կենցաղ ապահովի, եւ պահանջելու են, որ իրենց կյանքով բավարարված լինեն։ Այս տեսանկյունից այս ընտրությունները բախտորոշ են Երեւանի համար։ Բեգլարյանը հիմա շատ ավելի լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, որովհետեւ նշանակված չէ, այլ այլեւս՝ ընտրված։

– ՀԱԿ-ի՝ մանդատներից հրաժարվելը ճի՞շտ էր։

– Ես դա չէի անի։ Հիմա ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ քաղաքական ուժին երեւանյան խնդիրները հետաքրքրում էին այնքանով, որքանով դա հնարավորություն էր ավելիի։ Եթե ոչ՝ Երեւանի հերն էլ անիծած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել