Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏՆ ԵՆ ԱՍԵԼ

Հունիս 09,2009 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը հունիսի 5-ի ասուլիսում քննադատել էին Հայ ազգային կոնգրեսին: Մասնավորապես, անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ հանրահավաքում արած հայտարարությանը՝ «Այս ընտրություններից հետո քաղաքական դաշտում ընդամենը 3 քաղաքական ուժ մնաց, որոնցից 2-ին դժվար է քաղաքական համարել. դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը: Մենք մաքրել ենք քաղաքական դաշտը»՝ տիկին Փոստանջյանն ասել էր. «Եթե իրենք են այդպիսի գնահատական տալիս, ապա Կոնգրեսի ստացած քվեն բավականին մտահոգող է: Եվ պետք է բոլորս մտահոգ լինենք, որ որպես ընդդիմություն, որպես քաղաքական ուժ, այս ուժը դեռ չի կայացել եւ վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից»:

Երեկ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք կիսո՞ւմ է այս գնահատականը՝ «Ժառանգության» հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «Զարուհին եւ Արմենը պատկանում են այն քաղաքացիների, այն պատգամավորների շարքին, որոնք ամբողջապես տվեցին իրենց կյանքը, առողջությունը, իրենց գիտելիքները այդ ընդհանուր ժողովրդական շարժման համար՝ անհատույց եւ միակողմանի: Եվ այսքան ամիսներ ու տարիներ հետո իրենք իրավունք ունեն իրենց տեսակետն արտահայտելու»: Նա ընդգծեց, թե դա «Ժառանգության» պաշտոնական տեսակետը չէ, եւ դրա ժամանակն էլ կգա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց. «Ես պաշտպանում եմ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը. արտահայտվել են տարբեր պատգամավորներ ոչ միայն «Ժառանգությունից», այլեւ այլ կուսակցություններից: Այդ տեսակետները գոյության իրավունք ունեն, անպայման չէ, որ ես դրանց հետ համաձայնեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել