«Հիմա առանձին, փոքրիկ դրոշներ բարձրացնելու պահը չէ: Ամեն մեկն իր փոքր դրոշն է բարձրացնում: Պետք է այս փոքր եւ հատվածական դրոշները վայր դնենք, դրոշը վերադարձնենք ժողովրդին, փրկենք մեր քաղաքացիական եւ ազգային դրոշը, եւ ամեն մեկն իր սխալները պետք է վերլուծի,- երեկ լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:- Եվ ես, օրինակի համար, որպես քաղաքացի կողմ կլինեի, որ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» խորհրդակցությունների շարք սկսեինք՝ յուրաքանչյուրը սկսելով իր սխալներից եւ փորձելով նոր բանաձեւում համագործակցության նոր դաշտ ձեւավորելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ այդ հաղորդակցությունն անհրաժեշտ է։ Ես, օրինակի համար, համարում եմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն կայացած ուժեր են, եւ արժե, որ իրենք հաղթահարեն սեփական փոքրիկ դրոշակների պահը եւ ստեղծեն ավելի լայն ընդդիմադիր խորհրդակցության ավանդույթ»։
Երեւանի ավագանու ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատեց այսպես. «Մեր քաղաքացիների արժանապատվության աստիճանը էապես նվազեց այս ընտրություններով: Իմ տպավորությունն այն է, որ ոչ միայն քվեարկության օրը, այլեւ այս ընտրությունների անցկացումը, նախապատրաստումը եւ հատկապես արդյունքները նախապես որոշված էին եւ կապ չունեին մեր ժողովրդի՝ սահմանադրական հիմք ունեցող իրավունքի հետ»: Ըստ նրա՝ «Սա համազգային տապալում է, եւ դե ֆակտո Երեւանի քաղաքացին, ընդհանրապես հայ ժողովուրդը դեմ առ դեմ հանդիպել է մարտահրավերների, եւ պետք չէ պատրանք տածել, որ Եվրոպան, դիտորդը կամ արտաքին աշխարհը մեզ որեւէ փարոս կամ ուղեցույց կտան: Մենք հերթական հնարավորությունն ունեինք մայիսի 31-ին եւ չիրացրեցինք»:
Իսկ գնահատելով այս ընտրություններում ՀԱԿ-ի ստացած ձայները՝ նա նշեց. «Համատարած անօրեն, անարդար, հակահայկական ընտրություն էր, եւ այդտեղ պետք չէ, որ որեւէ մեկն իր հաղթանակի դափնիները փնտրի՝ ո՛չ իշխանության մեջ, ո՛չ ընդդիմադիր դաշտում։ Այստեղ կա՛մ բոլորս կայացած ենք, կա՛մ ոչ մեկս կայացած չենք։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է ավելի շատ ձայն հավաքած լիներ: Եվ եթե ընդդիմությունն իր մարտավարությունն իրապես ճշգրիտ կազմակերպած լիներ, արդյունքները կարող էին մի փոքր այլ լինել»: