Հետեւաբար, առայժմ պահպանում էավագանու մանդատները
Հետընտրական հանրահավաքում Երեւանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀԱԿ-ի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու որոշման մասին: Այս հայտարարության իրավաբանական ամրագրումը պետք է լիներ ԿԸՀ ներկայացված գրավոր դիմումը՝ մինչեւ հունիսի 7-ը՝ 16.00-ն: ԿԸՀ-ից տեղեկացանք, որ իրենք նման դիմում չեն ստացել, ուստի ՀԱԿ ցուցակի առաջին 13 անդամների անուններով մանդատները պատրաստ են: Եթե ՀԱԿ-ը մնալու է իր՝ մանդատներից հրաժարվելու կեցվածքին, ապա հետագայում 13 ավագանիները առաջին նախագահի գլխավորությամբ պետք է հրաժարականի դիմումը ներկայացնեն քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Նրանց կհաջորդեն մյուս 13-ը, եւ այդպես շարունակ: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ ի պատասխան «Առավոտի» հարցի՝ երեկ նշեց. «Մենք քաղաքական որոշումը կայացրել ենք եւ ԿԸՀ-ի նման հանցագործ մարմնին դիմելու կարիքը չունեինք»: Հետեւաբար, առայժմ, համենայնդեպս, իրավական առումով ավագանի են մնում ՀԱԿ-ի ցուցակի առաջին 13 անդամները:
Փոխարենը, ԿԸՀ-ին գրավոր դիմել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ ինքը չի հրաժարվում իր մանդատից: ՀԱԿ-ի կողմից՝ ԿԸՀ-ին դիմում չներկայացնելը պարոն Հակոբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես որակեց. «Այդ մանդատները մեխանիկորեն դնելով իրենց ծոցը՝ նրանք կրկնում են «Արդարություն» դաշինքի աշխատաոճը՝ արգելում են ցուցակի հաջորդներին ավագանի դառնալ, իրենց համար անձեռնմխելիություն են ապահովում եւ աշխատանքային սաբոտաժն ու պորտաբուծությունը քողարկում են բոյկոտով: Իսկ այսօր «Արդարություն» դաշինքի «ոհմակը» վխտում է նախագահի շքախմբում»:
Վերջին օրերին խոսվում է այն մասին, որ իշխանությունները ամեն գնով փորձում են տապալել ՀԱԿ-ի բոյկոտը՝ համաձայնության գալով ցուցակի այլ անդամների հետ: Արդյոք մարքսիստի հետ համաձայնություն կա՞: «Ինձ «վերբովկա» անելու փորձ անգամ չեն ձեռնարկել: Ես չեմ շնացել ու չեմ շնանա, այլապես վաղուց մեծամեծ պաշտոններ կունենայի»: Այն, որ ՀԱԿ-ում հայտարարվեց, թե մանդատներ վերցնողները «դավաճաններ» են, մարքսիստը համաձայն չէ. «Ազգային դավաճան է նա, ով չընտրվելով՝ պետական հեղաշրջման ճանապարհով իշխանություն է զավթում. 1996-ին դա կատարեց հալեպցի Լեւոնը: Դավաճանություն էր նա, որ նեոպոզնանի պալիտիչեսկի սուբյեկտին բերեց վարչապետ: Դավաճանություն էր, որ այդ վարչապետը պաշտպանության նախարարի հետ պետական հեղաշրջում արեց: Դավաճանություն է մանդատներից հրաժարվելը, որովհետեւ լիբերալ պետական մեքենան առանց ընդդիմության նման է անկառավարելի սայլի»: