ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչը հնարավոր է՝ առաջարկի հատուկ զեկուցող նշանակել Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում քաղբանտարկյալների հարցով:
ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության անդամ Պեդրո Ագրամունթ Ֆոնթ դե Մորան մայիսի 19-ին շրջանառության մեջ է դրել բանաձեւի նախագիծ, որով առաջարկում է հստակեցնել այն չափանիշները, որոնցով կորոշվեն քաղբանտարկյալները: Շրջանառության մեջ դրված այս փաստաթղթի ներքո ստորագրել են ԵԽԽՎ 25 պատվիրակներ, որոնց մեջ են Անդրեաս Գրոսսը, Մայքլ Հանքոքը, Անդրես Հերկելը, Կոնստանտին Կոսաչյովը, Գյորան Լինդբլադը եւ այլք: Ըստ նրանց առաջարկի՝ ԵԽԽՎ-ն պիտի նշանակի զեկուցող, որը փաստաթուղթ կկազմի՝ հստակ սահմանումներով, թե ում կարելի է համարել քաղբանտարկյալ. «Սա պետք է արվի որքան հնարավոր է շուտ»: Փաստաթղթի հեղինակները խնդրել են, որ Վեհաժողովը սա անի ավելի վաղ, քան կպատրաստվի ցանկացած զեկույց Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի կամ ցանկացած այլ երկրի քաղբանտարկյալների վերաբերյալ: Երեկ ԱԺ-ում լրագրողներին հայտնելով այս նախագծի մասին՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց մեկնաբանություն, թե այն «ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին փորձում է նույն հարթության մեջ դնել»:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին էլ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն էր շրջանառության մեջ դրել համանման մի փաստաթուղթ. «Եվրոպայում քաղբանտարկյալների խնդիրը եւ անհրաժեշտությունը, որ ուսումնասիրվի Հայաստանում քաղբանտարկյալների հարցը»: Բանաձեւի այս նախագծի ներքո էլ ստորագրել են ԵԽԽՎ 17 պատվիրակներ, որոնցից 4-ը ադրբեջանցիներ են, 2-ը՝ թուրքեր, մնացածը պատվիրակներ են Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Ավստրիայից եւ այլն: Այս փաստաթղթի հեղինակները նշում են. «Եվրոպայի խորհրդի անդամ որոշ երկրներում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները եւ հետապնդումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Պնդումը, թե «անգամ մի քաղբանտարկյալի առկայությունը ԵԽ անդամ պետությունում անթույլատրելի է»՝ Խորհրդարանական վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումներից է»: Եվ հենց այս հիմնադրույթով են պատճառաբանում անհրաժեշտությունը՝ ձեռնարկելու որոշակի քայլեր. «Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային եւ սիստեմատիկ խախտումների հարցը բազմիցս քննարկվել է ԵԽԽՎ-ում, եւ այս կապակցությամբ ընդունվել են լուրջ փաստաթղթեր»: Ըստ Ադրբեջանի պատվիրակի մշակած նախագծի՝ «Ցավոք, ո՛չ Հայաստանն է ձեռնարկել իրական քայլեր՝ կարգավորելու իրավիճակը, ո՛չ էլ Վեհաժողովն է արդյունավետ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, որը չի ցանկանում առաջ ընթանալ»: Ու դրանից հետո փաստաթղթի հեղինակները մեջբերում են 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման եւ հետապնդումների մասին փաստերը իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԵԽԽՎ զեկույցներից: «Այսօր Հայաստանում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, եւ ՀՀ իշխանությունները շարունակում են իրենց ապօրինությունները»,- նշված է փաստաթղթում, որի հեղինակներն առաջարկում են ԵԽԽՎ-ին նշանակել հատուկ զեկուցող, որը կուսումնասիրի Հայաստանում քաղբանտարկյալների հարցը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ մեր զրույցի ընթացքում անդրադառնալով այս նախաձեռնություններին՝ նախ նշեց. «Դեռ 2003-ին արդեն իսկ սահմանվել են հստակ 5 չափանիշներ քաղբանտարկյալներին որոշելու վերաբերյալ՝ Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի կողմից: Եվ այդ չափորոշիչներից մեկն, ասենք, հետեւյալն է՝ այն մարդիկ, որոնց գործերն արդար դատաքննության պայմաններում չեն քննվում՝ նրանց պետք է ճանաչել իբրեւ քաղբանտարկյալ»: Իսկ Ռաֆայել Հուսեյնովի նախաձեռնության առնչությամբ ասաց. «Պետք է չմոռանանք, որ ադրբեջանցիներն իրենց քաղաքական շահերն են հետապնդում: Եվ այո՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունները այս կապակցությամբ բավական լավ են աշխատում ԵԽԽՎ-ում: Նրանք գործում են ոչ միայն իրենց պատվիրակների, այլ նաեւ հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների միջոցով: Կարծում եմ՝ մենք էլ պետք է ավելի ակտիվ աշխատենք: Իհարկե, շատ լավ կլիներ, որ մեր աշխատանքը չվերաբերեր միայն Հայաստանի ներքին խնդիրներին, այլ դրանք այնպես լուծված լինեին, որ մեր ուշադրությունը սեւեռեինք այլ հարցերի: Բայց ցավոք՝ սա է պատկերը»:
Զարուհի Փոստանջյանը հայտնեց. «Հնարավոր է՝ ինքս էլ նախաձեռնությամբ հանդես գամ այս հարցի վերաբերյալ: Ռաֆայել Հուսեյնովն առաջարկել է հատուկ զեկուցող նշանակել միայն Հայաստանում քաղբանտարկյալների կապակցությամբ, մինչդեռ Ադրբեջանի մասին խոսք չկա: Սա, կարծում եմ, արդարացի մոտեցում չէ: Բացի այդ՝ Վրաստանում էլ կան քաղբանտարկյալներ, եւ մասնավորապես Վահագն Չախալյանի գործի, նրա դատավարության մասին ես լավատեղյակ եմ: Այս պահին դեռ հստակ որոշում չունեմ, թե ձեւակերպումն ինչպիսին կլինի, բայց հնարավոր է՝ առաջարկեմ հատուկ զեկուցող նշանակել Հարավային Կովկասի երեք երկրներում՝ քաղբանտարկյալների հարցն ուսումնասիրելու համար: Կարծում եմ, այդ հարցն այսօր շատ արդիական է»:
Հավելենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նաեւ ասաց. «Ես կարծում եմ, որ բյուրեղանում է հարցը եւ գալիս է հետեւյալին, որ եթե մինչեւ հաջորդ նիստը լինի համաներում, ապա Հայաստանը կխուսափի հնարավոր պատժամիջոցներից եւ անգամ կարող է Հայաստանի հարցը օրակարգից դուրս գալ»։
Հ. Գ. Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ արդեն իսկ հերթագրվել է հունիսի 22-ից մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում 4 ելույթ ունենալու համար. «Մեկը շրջակա միջավայրի վերաբերյալ կլինի: Մյուսը՝ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում: Ելույթ եմ ունենալու նաեւ ժամանակավոր տեղահանվածների եւ փախստականների վերաբերյալ՝ անդրադառնալով ե՛ւ մեր փախստականներին, ե՛ւ Ադրբեջանի»: