Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Հունիս 05,2009 00:00

«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հարցը ողջ Ջավախքի հայության խնդիրն է: Այդ մասին PanArmenian.net-ում հայտարարել է Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ, ֆրանսիացի դատապաշտպան Պատրիկ Արափյանը: «Այս խնդիրը շատ խորն արմատներ ունի: Դեռեւս Զվիադ Գամսախուրդիայի օրոք Վրաստանում գոյություն ուներ մի կարգախոս՝ «Վրաստանը վրացիների համար»: Հենց այս քաղաքականության արդյունքում էլ Ջավախքում ապրող կես միլիոն հայերից այժմ մնացել են միայն 280 000-ը»,- նշել է ֆրանսիացի դատապաշտպանը:

Մայիսի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել երկրորդ դատական նիստը, որում որպես Չախալյանի պաշպան հանդես է եկել արդեն Պատրիկ Արափյանը: Պատասխանող կողմ Վրաստանի արդարադատության նախարարությունը գործի քննության հետ կապված փաստաթղթեր է ներկայացրել դատարան, իսկ դատարանն էլ դրանք զննելու պատճառով դատական նիստը հետաձգել է մինչեւ հունիսի 15-ը:

Փետրվարի 16-ից Վրաստանի արդարադատության նախարարությունը, առանց որեւէ պատճառի, Արափյանին չի ցանկացել գրանցել որպես Չախալյանների ընտանիքի պաշտպան: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին նամակ էր հղել արդարադատության նախարար Ադեիշվիլուն, առաջարկել էր վերականգնել Չախալյանի ոտնահարված իրավունքը եւ թույլ տալ օգտվել ֆրանսիացի դատապաշտպանի ծառայություններից, սակայն վրացական իշխանություններն արհամարհեցին այս խորհուրդը:

Ապրիլի 14-ին եւ 28-ին, ի պաշտպանություն Վահագն Չախալյանի, Փարիզում տեղի ունեցած երթի ժամանակ Ֆրանսիայիում Վրաստանի դեսպանը խոստացել է, որ Վրաստանի իշխանությունները դրական որոշում կկայացնեն Պատրիկ Արափյանի գրանցման հարցում:

Այս տարվա ապրիլի 16-ին Վահագն Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ 10 650 դոլարի դրամական տույժի: Չախալյանների ընտանիքը պատրաստվում է այս գործը բողոքարկել վերին ատյանների դատարաններում, հետագայում նաեւ Եվրոդատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930